Հոկտեմբերի 2-ին Արցախում բոլորի մոտ այն տրամադրությունն էր, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան |tert.am|
12:43 - 17 փետրվարի, 2021

Հոկտեմբերի 2-ին Արցախում բոլորի մոտ այն տրամադրությունն էր, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Երբ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բոլորս պետք է գնանք պատերազմ, մենք այդ ժամանակ ասացինք՝ մեզ էլ զենք տվեք, գնանք միանանք: Մեզ ասվել է՝ ամեն ինչ արեք, հետ գնացեք Հայաստան հիմա, քաղաքական դիվանագիտական միջոցներ ձեռնարկեք, որ պատերազմը կանգնեցվի, խնդիրն այնտեղ է, ամեն ինչ արեք, որ պատերազմը կանգնեցնեք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ նման կոչեր էին անում Արցախի նախագահի խորհրդականները, զինվորականները: «Հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այս պատերազմը պետք է արագ կանգնեցնել: Այդ պատերազմը հաղթելու հետ կապված այնտեղ որևէ խոսակցություն չկար: Բոլորն այնտեղ այս տրամադրության տակ էին, որ պատերազմը պարտվելու ենք և պարտվում ենք, բայց մինչ դա Շուշիի վրա ոչ մի ռմբակոծություն չէր եղել»,– ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց՝ ինչ ուղերձ, որ նրանց Արցախից տվել են, նրանք այստեղ իրացրել են: Հարցին՝ եթե նման ուղերձներ են եղել, ապա ինչու Նիկոլ Փաշինյանն այդ ճանապարհով չի գնացել, պատգամավորը նշեց, որ այդ մասով քննարկում է եղել և  հոկտեմբերի 11-ի խորհրդի նիստում ասել են, որ պետք է զանգել ՌԴ նախագահին և պետք է, անպայման, պատերազմը կանգնեցնել:

«Մեզ ասվել է՝ եթե զանգենք ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու այդ առաջարկով, նա ասելու է, որ այն, ինչը Ալիևն ուզում է պատերազմով վերցնել, պետք է դուք խաղաղ տաք, այսինքն՝ Լավրովի 5+2 պլանով: Պարոն վարչապետին հարցրել ենք՝ եթե սա չէ Ձեր պլանը, ապա որն է, նա պատասխանել է՝ սա Սարդարապատ է, պետք է բոլորս գնանք, կռվենք»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այստեղից հարցեր են առաջանում, թե օրինակ ինչու են եղել մարդիկ, որոնք զինվորագրվել են, ծանուցագիրը ստացել են, սակայն ասել են՝ գնացեք, կկանչենք ու մինչև հիմա չեն կանչել, ըստ նրա, սա տարօրինակ մոտեցում է: Մարուքյանն այս բոլոր հարցերի, ինչպես նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ բերված հարցերի պատասխանը շարունակում է տեսնել փաստահավաք քննիչ հանձնաժողով ստեղծելու մեջ:

Պատգամավորը չհամաձայնեց ՀՀ երրորդ նախագահի այն դիրքորոշման հետ, որ Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողի ստեղծում վիրավորական է: ԼՀԿ ղեկավարի պնդմամբ՝ պետք է քննվեն հարցերը, որպեսզի հերքվեն նաև մամուլում տարածված կեղծ լուրերը: «Այն էլ է քննվել, սա էլ եմ պնդում, որ պետք է քննվի»:

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ և՛ Սերժ Սարգսյանի և՛ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ևս պետք է քննության առարկա դարձնել, քանի որ անցյալը պրպտելը ոչինչ չի տալու: «Տալու համար էիք բանակցում՝ տայիք, վերցնելու համար էինք բանակցում՝ վերցնեիք, թող անեին, թող լուծեին, հիմա եկել հասել ենք այս օրվան, և ես ուզում եմ, որ մենք այս օրը քննենք, դասեր քաղենք ու առաջ գնանք, ես չեմ ուզում, որ հետ գնանք, իմ ասածը սա է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել