Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]
17:42 - 17 փետրվարի, 2021

Հայաստանի տնտեսական մոդելը. #ԿերտելովԱպագան [Challenge 16.1 | Սամվել Գևորգյան]

Գևորգյան Սամվել

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։


Երբ խոսում են խնդիրների մասին, ես փնտրում եմ լուծումներ: Երբ խոսում են անցյալի մասին, ես քաղում եմ դասեր: Երբ խոսում են 2020-ի մասին, ես նայում եմ ապագային:

2020 թվականը դարձավ անկյունաքարային տարի․ մի կողմից՝ համավարակը և դրա բացասական հետևանքները երկրի ու տնտեսության համար, մյուս կողմից էլ Արցախյան երկրորդ պատերազմը մեզ կանգնեցրել են կարևոր ընտրության առջև։ Եվ այդ կետում մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք շարունակելու գործել, ինչպես ենք արձագանքելու գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչ ուղով ենք շարունակելու առաջ շարժվել։

Բոլորն էլ գիտակցում են, որ մեր երկիրը, տնտեսությունը  պետք է հզորանան, զարգանան, ընդ որում՝ շատ արագ ու մեծ տեմպերով, բայց պատկերացումներ չկան, թե ինչպես է հնարավոր անել դա։  Ավելին՝ մեծ է նոր և հավակնոտ գաղափարներին դիմադրելու գաղթակղությունը: Այս համատեքստում կանդրադառնամ Հայաստանի ապագայի տնտեսական տեսլականին, Հայաստանի տնտեսական մոդելի վերաբերյալ իմ պատկերացումերին։

 

Դասեր, որոնք չսովորեցինք

Սկսեմ նրանից, որ երբ խոսում են 10-12% աճի մասին, ոչինչ չի փոխվում․ դա ընդամենը շոու է, PR քայլ։ Հայաստանի բոլոր կառավարությունները (ներկայիս կառավարությունը բացառություն չէ) օգտագործել են այդ հնարքը` աճի և զարգացման պատրանքներ գեներացնելու նպատակով:

Իհարկե, որպես հակափաստարկ՝ մեծ է գայթակղությունն ասելու, թե Հայաստանի շուկան փոքր է, մեր երկիրը մշտական վտանգների և սպառնալիքների ներքո է, լոգիստիկ լուրջ խնդիրներ ունենք և հազար ու մի այլ պատճառ․․․ Այս ամենը փաստ է: Սակայն փաստերի հետ համակերպվելով՝ առաջ չենք շարժվի: Փաստերը պետք է վերլուծել և գտնել հնարավորություններ: Իմ նոր՝ «1 րոպե անց» գրքում մեջբերված է հետևյալ արտահայտությունը. «Ոչ ոք չգիտի՝ ինչի է ընդունակ, քանի դեռ չի նախաձեռնել որևէ մեծ գործ»: Հայաստան երկրի պարագայում էլ է այդպես:

2020-ը մեզ կարծես ոչինչ չսովորեցրեց. կառավարությունը գործում է  նույն անարդյունավետ ոճով` թանկ ռեսուրսները ծախսելով արդարացումների վրա, հանրությունը ցավագին հարվածներից դեռ չի սթափվել, տնտեսության մեծ մասը սպասողական կեցվածք է ընդունել: Կարծես աշխարհը տնտեսական զարգացման մի ուղղությամբ է շարժվում, իսկ Հայաստանը՝ բացարձակ այլ: Ասեմ ավելին, աշխարհն ու Հայաստանն ասես տարբեր հարթությունների վրա լինեն. հատման կետ չկա:

Գլոբալ միտումները հասկանալու համար պարզապես պետք է վերլուծել  և գիտակցել, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ իր սեփական տնտեսական մոդելը, որտեղ հաշվի է առնված միջազգային փորձը, բայց շեշտը դրված է հայկական առանձնահատկությունների ու յուրահատկությունների վրա։ Իրականում, աճի պոտենցիալն անհամեմատ ավել մեծ է։

 

Ինչո՞ւ եմ վստահ, որ կարող ենք

Ո՞րն է ամբողջ գաղափարը, և ինչո՞ւ եմ կարծում, որ մենք այդ մոդելը պետք է ունենանք և կարող ենք ունենալ․․․ Այստեղ պետք է մի փոքրիկ պատմական անդրադարձ կատարել: 

Հայ վաճառականները, արհեստագործները հայտնի են եղել միշտ՝ սկսած ուրարտական ժամանակներից։ Դարեր շարունակ չունենալով պետականություն՝ հայերն իրենց գործարար ջիղը ներդրել են տարբեր երկրներում և կայսրություններում` բազմիցս ապացուցելով իրենց արհեստավարժությունը, մեծ համբավ են վայելել ամենուր և  ստացել են տարատեսակ արտոնություններ։ Նման օրինակները շատ են. հիշենք հայ վաճառականներին՝ Լեհաստանում, Պարսկաստանում, Հնդակաստանում, արհեստավորներին` Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում ու Ցարական Ռուսաստանում, գործարարներին` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, եվրոպական շատ կենտրոններում․․․ Հայ գործարարն ամենուր հաջողությունների է հասել:

Լվովի հայերը 15-18-րդ դարերում լիովին վերահսկում էին Կարպատներում ոսկու  և արծաթի արդյունահանումը: 16-րդ դարում Լվովի 38 առևտրական ընկերություններից 22-ը պատկանում էին հայերին, իսկ 17-րդ դարում՝ արդեն գրեթե բոլոր ընկերությունները՝ բացառությամբ երկուսի: Այդ ընկերություններն, իհարկե, համաշխարհային ցանցի մաս էին կազմում:

Նման օրինակներից են նաև Նոր Ջուղայի հայերի հաջողությունները․ նրանք կարողացան Մեծ աքսորից հետո ստեղծել ժամանակի ամենախոշոր առևտրային ցանցը: Այն ներառում էր երեք մահմեդական կայսրություններ՝ Օսմանյան, Սեֆևիդյան և Մեծ մոնղոլների, ինչպես նաև Մոսկովյան թագավորությունը, Չինաստանը և եվրոպական հիմնական ծովային տերությունները՝ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Պորտուգալիան և Իսպանիան: Միջին դարերում արևելք ներթափանցած եվրոպացի վաճառականները հայտնաբերեցին, որ հայերը ստեղծել են  միջազգային առևտրի՝ հաջողությամբ գործող ցանց, որն ընդգրկում էր ժամանակակիցներին հայտնի գրեթե ողջ աշխարհը («Ճամփաբաժան» Ռուբեն Վարդանյան, Նունե Ալեքյան)։

Հայերը սկսեցին աշխատել այլոց մոդելների ներքո՝ բյուզանդական, պարսկական, արաբական, մոնղոլ-թաթարական, հետո՝ օսմանյան, ցարական Ռուսաստանի և, վերջապես, ԽՍՀՄ-ի մոդելներով։ Վերջին 30 տարվա ընթացքում մեզանում գործող մոդելն այդ ամենի խառնուրդն է՝ համեմված կապիտալիզմով և ժամանակակից որոշ միտումներով: Այս խառնուրդի լավագույն ապացույցը Հայաստանի տնտեսական օրենսդրությունն է: Վերցնենք կամայական օրենք ու պարզվում է՝ սա՝ շվեդական, սա՝ անգլո-սաքսոնական, մյուսը՝ ամերիկյան մոդելի օրենքներ են։ Փաստ է, որ մեր տնտեսության մեջ գործում են տարբեր երկրներից բերված և միախառնված մոդելներ ու կարգ-կանոններ՝ առանց հաշվի առնելու մեր մտածելակերպն ու վարքագիծը, մեր ունակություններն ու կարողությունները, մեր ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչը ստեղծել է խառը, անհասկանալի ու անընկալելի պատկեր։

Իսկապես, ուշադրության է արժանի, որ հայկական պետության մեջ հայերը դժվարությունների են հանդիպում, սակայն դրսում հաջողում են: Պատճառը մեկն է․ դրսում գործող մոդելներում կան հստակ կանոնակարգեր, որոնց պետք է հետևել, և դրանք պահպանվում, գործում են, իսկ մեզ մոտ այդ ամենը բացակայում է։ Խնդիրների հիմնական աղբյուրը սեփական տնտեսական մոդել չունենալն է։

 

Ուրույն տնտեսական մոդել

Ուստի պետք է, մեր բոլոր առանձնահատկությունները, յուրահատկությունները, արժեքներն ու մտածելակերպը, վարքագծային լավագույն որակները հիմք ընդունելով, ստեղծենք հայկական տնտեսական մոդել։ Ինչպես նշել եմ իմ վերջին՝ «1 րոպե անց» գրքում. «Եթե դու նման ես ուրիշներին, ապա դու նման չես ինքդ քեզ»։ Իսկ դա նշանակում է, որ ինչ մոդել էլ փորձենք ներդնել Հայաստանում՝ անգամ աշխարհի լավագույնը, այն չի կարող տալ այնպիսի էական արդյունքներ, ինչպիսին կտա սեփական, ուրույն տնտեսական մոդելը, որը գտնելը դժվար չէ, պարզապես դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը հասկանալ և այն փնտրել է պետք։

Հայաստանին անհրաժեշտ է թռիչքաձև տնտեսական աճ, իսկ դրան, իմ համոզմամբ, կարելի է հասնել մեր սեփական, յուրահատուկ տնտեսական մոդելի միջոցով։ Երբ նշում եմ թռիչքաձև աճ, պատկերացնում եմ, որ 7-10 տարի պետք է պատրաստվենք դրան, և ապագային ուղղված մոդել ընտրելու և կիրառելու դեպքում մենք կարող ենք տարեկան  50-70% տնտեսական աճ ունենալ։ Իհարկե, կգտնվեն մարդիկ, մասնագետներ և «մասնագետներ», որոնք կասեն՝ այդ ի՞նչ թվերի մասին եք խոսում, դա հնարավոր չէ, նման աճ ապահովել չենք կարող։

Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք լրջագույն հաջողություններ ունենալ, քանի որ եթե վերջին 30 տարիների ընթացքում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ագրեսիվ, անկանոն, անորոշ բիզնես միջավայրոմ, որ մենք ունենք՝  մշտական փոփոխվող օրենսդրական դաշտով, կանոններով, հարաբերություններով, հայ ձեռներեցը հաջողում է, և հաջողության բազմաթիվ պատմություններ գիտենք, ինչը նույնպես փաստ է, ապա հաստատ կարող ենք հաջողել ճիշտ մոդելի պարագայում։

Այդ համոզմունքը հաստատելու են գալիս հայկական բիզնեսի 200 հաջողված պատմությունները, որոնք բերված են «Քո սեփական բիզնեսը Հայաստնում» գրքում: Լավագույն  ապացույցն է նաև հայկական Krisp-ի օրինակը․ երեք տարի առաջ այն գնահատված էր ոչ ավելի, քան 1 միլիոն դոլար, իսկ այսօր արդեն 120 միլիոն դոլար արժեք ունի, այսինքն՝ 120+ անգամ աճել է, ու հիմնադիրները համոզված են, որ 3 տարի անց 1 միլիարդի են հասնելու։ Այնտեղ ընդամենը 96 հոգի է աշխատում։ Ու այդ 96 հոգին գտել է գլոբալ խնդիր և հայկական մտքի, հայկական աշխատանքի, հայկական կրթության հիման վրա գտել է այդ խնդրի լուծումը և հասել է լուրջ հաջողության։ Սա իմ պատկերացրած հայկական մոդելի մի օրինակ է, բայց շատ լավ բնորոշում է, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական, բիզնես մոդելը։

 

Հայաստանի ապագա տնտեսության կառուցվածքը

Ես մեր մոդելը պատկերացնում եմ մի քանի ուղղությունների և գործոնների համադրության տեսքով։ Այսպես՝ այդ մոդելում մի կողմից տեխնոլոգիական ուղղվածության ընդգծումն է, մյուս կողմից՝ սպասարկումը և տուրիզմը: Երրորդ՝ Հայաստանին առանձնահատուկ, յուրահատուկ ապրանքների արտադրությունը։ Վերջապես, լոգիստիկ գլոբալ կենտրոնի և լոկալ ցանցի առկայությունը: Յուրաքանչյուրին անդրադառնամ ավելի հանգամանալից։

Մեր տնտեսությունը պետք է տեխնոլոգիական լինի։ Ընդ որում, այստեղ մի նրբություն կա․ տեխնոլոգիական ասելով՝ ամենևին նկատի չունեմ միայն ՏՏ ոլորտը։ ՏՏ-ն գործիք է, լուծում, ճյուղերից մեկն է։ Նկատի ունեմ, որ մեր տնտեսությունը պետք է լինի նորարար, որտեղ կիրառվում են ՏՏ գործիքները:

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կարող է մրցակցել, ասենք, Չինաստանի կամ մնացած խոշոր դերակատարների հետ լայն սպառման ապրանքների արտադրության ոլորտում։ Ուստի, ես մոդելը պատկերացնում եմ այսպես․ մենք պետք է արտադրենք ոչ թե լայն սպառման ապրանքներ, այլ այդ ապրանքների արտադրության տեխնոլոգիաներ՝ աշխարհում արդեն գոյություն ունեցող խոշոր և միջին արտադրությունների համար։ Այսինքն՝ այդ ուղղությամբ Հայաստանի բիզնես մոդելի այս բաղադրիչը դառնում է B2B․ մենք ստեղծում ենք տեխնոլոգիաներ ու վաճառում արդյունաբերական բոլոր ընկերություններին։ Ընդ որում, վաճառում ենք ոչ միայն միտքը, այլ նաև սպասարկումը։ Այդ տեխնոլոգիաների սպասարկումը, արդիականացումը, վերանորոգումը երկարաժամկետ համագործակցության հորիզոն ունեն, և մենք կարող ենք  մշտապես ապահովել կապը տեխնոլոգիան ստեղծողի և այն կիրառողի միջև։ Այսինքն՝ ստացվում է B2B տոխնոլոգիական մոդել՝ գումարած անժամկետ սպասարկում, իսկ դրանք լուրջ գումարներ են։  Դա կարևոր գործոն է, ու այդտեղ մենք կարող ենք լուրջ մրցունակություն ունենալ ամբողջ աշխարհում։ Մեր հաճախորդները լինում են բիզնեսները, կառավարությունները, միջազգային կազմակերպությունները:

Այս ամենը հնարավոր է ապահովել՝ համաշխարհային մասշտաբի նորարարական ստարտափ-հաբեր ստեղծելով: Պատկերացնենք, որ 10 տարի հետո 5 ահռելի մեծ ստարտափ-հաբեր կան Հայաստանում՝ օրինակ՝ Սյունիքի, Վայոց ձորի, երեքն էլ հյուսիային մարզերում՝ Արարատյան դաշտից դուրս։ Ու այնտեղ կամպուսներ են, բազմաթիվ ընկերություններ են գործում՝ ամբողջ աշխարհից։ Հիմա պատկերացրե՛ք․ այն երկրները, որոնց պատկանում են այստեղ գործող արտասահմանյան ընկերությունները, կսկսեն բոլոր հարթակներում ամեն կերպ  պաշտպանել Հայաստանի շահերը։ Իսկ հիմա դա չեն անում, քանի որ Հայաստանին աջակցելը կարծես միջազգային հարաբերություններում PR անելու ձև լինի․ ոչ մի տնտեսական, քաղաքական, սոցիալական, առողջապահական շահ չունեն մեր երկրից՝ բացի պահից բխող շահից։ Այս մոդելը պատկերացնում եմ այնպես, որ Հայաստանը կարող է լինել աշխարհի համար կարևոր տնտեսական երկիր, օջախ, այսինքն՝ ժամանակակից աշխարհի տնտեսական քարտեզը անհնար լինի պատկերցնել առանց Հայաստանի։

Երկրորդ ուղղությունը՝ տուրիզմ և սպասարկում: Հայաստանի յուրահատկությունները՝ աշխարհագրական դիրքը, քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը, հարուստ հոգևոր-մշակութային ժառանգություն ունենալը և այլն, զարգացման լուրջ նախադրյալներ ու հնարավորություններ են ստեղծում։ Մենք միշտ ասել ենք, որ խաչմերուկում գտնվելը խնդիր է, բայց հիմա դա պետք է դիտարկենք որպես առավելություն՝ առավել ևս, հաշվի առնելով, որ, խաչմերուկում գտնվելով, մնացել ենք ունիկալ, պահպանել մեր լեզուն, մշակույթը, ազգային առանձնահատկությունները։ Այսինքն՝ քաղաքակրթությունների խաչմերուկում լինելը նշանակում է նաև հետաքրքրությունների խաչմերուկում լինել թե՛ արևելքի, թե՛ արևմուտքի, թե՛ հյուսիսի և թե՛ հարավի համար։ Ուղղակի մնում է՝ ոլորտը համակարգ դառնա ու դրվի ճիշտ ուղու վրա։ Այս առումով տուրիզմը դիտարկում եմ ոչ ՀՆԱ-ի մեջ խոշոր ու կարևոր չափաբաժին ունենալու ենթատեքստում․ իհարկե կարող է իր մասնաբաժինն ունենալ, բայց տուրիզմը կարևոր ու էական նշանակություն պետք է ունենա Հայաստանի միջազգային ճանաչելիության և հեղինակության  բարձրացման հարցերում, Հայաստանի մասին տեղեկատվության ու մեր երկրի համբավը բարձրացնելու միջոց պետք է լինի։

Երրորրդ  ուղղությունը բացառապես Հայաստանին բնորոշ, յուրօրինակ ապրանքների արտադրությունն է։  Հայաստանի համար յուրահատուկ ապրանքներ ասելիս խոսքը արդյունաբերական գյուղտնտեսության մասին է` իր արտադրական հզորություններով՝ թարմ միրգ և բանջարեղեն և դրանցով պատրաստված պահածոներ, գինիների տեսականի, այլ մրգային ալկոհոլային խմիչքներ և այլն: Օրինակ՝  Հայաստանն արևային օրերի քանակով մոտավորապես կրկնակի գերազանցում է միջին եվրոպական ցուցանիշը։ Հայաստանի նախալեռնային ու լեռնային գոտիներով անցնելիս տեսնում ենք, որ ամբողջը բաց, ազատ, չմշակվող և արդյունաբերական նշանակություն չունեցող հողատարածքներ են։ Իսկ ի՞նչն է խանգարում դրանք օգտագործել խոշոր  ջերմոցային տնտեսություններ կառուցելու նպատակով։ Ընդ որում, արևային օրերի առկայությունը նվազեցնում է ջերմատներում էներգիայի ծախսը, հետևաբար՝ նաև ստեղծվող ապրանքների ու մթերքների ինքնարժեքը։ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնում «Ջերմատնային ասոցիացիայի» հետ մշակել էինք ու կառավարությանն էինք ներկայացրել «Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ռազմավարությունը», որը լուրջ ուշադրության չարժանացավ:

Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից մեկը գնահատել էր Տավուշի և  Լոռու մարզերի անտառներում առկա, տարեկան 300 միլիոն եվրոյին համարժեք և ուղղակի փչացող հատապտուղների ծավալները: Դրանց մոտ կեսը հասանելի է մարդու համար, մյուս կեսը հասանելի չէ բարդ ռելիեֆի, անտառների, բարդ տեղանքի պատճառով: Պատկերացնենք, որ այդ 150 միլիոն եվրոյի հատապտուղները հավաքում ենք, մշակում ու վերամշակում ենք, արժեք ենք ավելացնում․ որքա՛ն մարդիկ են ներգրավվում, որքա՛ն աշխատատեղեր են բացվում․․․ Մի խոսքով, դա կարող է վերածվել մոտ կես միլիարդ դոլարի տնտեսության։ Դա միայն այդ երկու մարզերի դեպքում։ Իսկ եթե հաշվի առնենք, օրինակ, համատարած ուրցի, սարերի թեյերի, խոտաբույսերի հնարավորությունները, որոնք կետային են օգտագորվում, ամբողջ պոտենցիալը չի իրացվում․․․

Կցանկանայի առանձին կանգ առնել Հայաստանի՝ միջազգային լոգիստիկ կենտրոն դառնալու նախադրյալի վրա։ Այստեղ պետք է կենտրոնանալ այն ապրանքների վրա, որոնք պետք է շատ արագ տեղափոխվեն, այսինքն՝ պահանջվում է օդանավով տեղափոխում․ օրինակ՝ արագ փչացող սնունդ, ապրանքներ, որոնք չեն կարող շաբաթներով կամ ամիսներով նավերով, ավտոտրանսպորտով կամ երկաթուղով տեղափոխվել։ Եթե կենտրոնանում ես այդ ամենի վրա, հարցը լուծվում է:

Մյուս կողմից՝ պետք է լինի ներքին լոգիստիկ ցանց՝ տեղական հայկական տնտեսությանն օգնող, աջակցող կառուցվածքի տեսքով։ Պատկերացնում եմ մեր յուրաքանչյուր մարզում այդպիսի մի լոգիստիկ կենտրոն, որը հավաքագրում է այդ մարզի համար յուրահատուկ ապրանքները, կլինեն դրանք թեյեր, կլինի թարմ միրգ-բանջարեղեն, կլինեն կլաստերներ, օրինակ՝ հուշանվերներ կամ այլ ապրանքներ։ Այդ ամբողջը մեկ միասնական բրենդի ներքո սորտավորվում, տեսակավորվում, փաթեթավորվում ու ներկայացվում է մեկ գլոբալ վաճառողի, քանի որ, օրինակ, հազար փոքր թեյ արտադրողները հնարավորություն չունեն Հայաստանի շուկայից դուրս ներկայանալու, իսկ 3-4 խոշորները ունեն այդ շանսը, որովհետև մեծ առևտրային ցանցերը մեծ քանակություններ են ուզում։ Հիմա միջազգային առևտրի ընդհանուր միտումն այն է, որ առաջին հերթին հարցնում են՝ քանակ կա՞, թե՞ ոչ, հետո նոր միայն սկսում են հետաքրքրվել՝ որակ, գին, տեսականի․․․ Եթե քանակություն չի ապահովվում, արդեն չեն էլ շարունակում։ Իսկ այդ քանակը հնարավոր է ապահովել՝ լոկալ լոգիստիկ կենտրոններ ստեղծելով՝ յուրաքանչյուր մարզում գոնե մեկը։

Իհարկե, այստեղ կան նաև ռիսկի, անվտանգության, կոմունիկացիաների առկայության խնդիրները, որոնք տարիներ ի վեր մատնանշվել են։ Բայց այդ ռիսկերն ու գործոնները կարելի է չեզոքացնել հենց սեփական մոդելի կիրառման շնորհիվ, որովհետև երբ դու դառնում ես համաշխարհային տնտեսության մեջ կարևոր հանգույց, արդեն վերածվում ես գործոնի, և քեզ սկսում են, այսպես ասած, տեր կանգնել աշխարհի ուժեղները։ Հիմա պատկերացնենք, երազենք, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանից օդանավով տեղափոխվող, արագ տեղափոխման կարիք ունեցող ապրանքների կարգո կենտրոն ունենք այստեղ․ ո՞վ կթողներ, որ Երևանը վտանգի ենթարկվեր։ Իսկ 30-50 տարի հետո այդպիսի կենտրոնի վերածվելու հնարավորություն կա։ Եկեք նայենք քարտեզին․ մենք աշխարհի կենտրոնում ենք, ու մեր դիրքը շատ նպաստավոր է։ Հիմա երազենք, պատկերացնենք, որ Երևանի շրջակայքում լինեն 5-10 թռիչքուղիներ՝ աշխարհի ամենահզոր կարգոների համար, լինեն հարյուրավոր պահեստներ, ենթակառուցվածքներ, ազատ տնտեսական գոտիներ և այլն․ ենթադրենք, մի քանի հարյուր միլիոն դոլար ենք ներդնում ու այդ ամենը կառուցում, ստեղծում։ Մոտ 2-3 տարի հետո արդեն շարժը սկսվելու է։

 

1 որոշում, և սկսվում է շարժ

Ուզում եմ շեշտադրել այն փաստը, որ Հայաստանի ապագա տնտեսական մոդելը անհնար է պատկերացնել առանց մարզերի կայուն և համաչափ զարգացման: Ավելին, այս մոդելի ներքո մարզերի բնակչության կյանքի որակը պետք է համեմատելի լինի (եթե ոչ ավելի լավը) Երևանի բնակչության հետ: Ես 2019թ. ընթացքում «Բի Էս Սի» ընկերության հիմնադրման 25-ամյակի առթիվ banks.am-ում հեղինակային հոդվածաշար հրապարկեցի, որը կոչվում էր «Հայաստանի մարզերի բիզնես դեմքը»: Առանձին-առանձին անդրադարձ եմ կատարել Հայաստանի տասը մարզերում տնտեսության և բիզնեսի զարգացման հնարավորություններին` հիմնվելով յուրաքանչյուր մարզի մրցակցային առավելությունների վրա:

Ներկայացված մոդելը ստանալու համար առաջին հերթին մի քանի խնդիրներ պետք է լուծվեն․ օրինակ՝ կրթությունը և գիտությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ, քաղաքական կառուցվածքը, պետության քաղաքականությունը պետք է ինտեգրված լինեն տնտեսության մեջ։ Օրինակ՝ ինչո՞ւ ենք մենք պատկերացնում քաղաքականություն, դրա ներքո՝ տնտեսություն։ Իսկ միգուցե փորձենք՝ տնտեսություն ու դրա ներքո՞ ներդրված պետական քաղաքականություն։ Որովհետև երբ ուշադիր հետևում ենք աշխարհի տնտեսական-քաղաքական մոդելին, տեսնում ենք, որ պետությունները  գործում են տնտեսության թելադրած կանոնների ներքո, տնտեսության ներքո են աշխատում ինստիտուտները, կրթական ու գիտական ենթակառուցվածքները և այլն։ Այդ տեսակետից շատ ավելի տրամաբանական լուծումների կարող ենք հանգել։ Իսկ լուծումները պետք է լինեն համակարգային․ եղած օրենքները փոփոխելով, կարկատելով՝ ոչնչի չենք հասնի։ Պետք է սահմանել անցումային փուլ՝ 1-2 տարի, որի ընթացքում կմշակվի բացարձակ նոր օրենսդրական դաշտ, որը ոչ թե կբխի առօրյա խնդիրներ լուծելու այսրոպեական նպատակահարմարությունից, այլ կլինի ապագային միտված։

Այս պահին, երբ պետական կառույցների արդյունավետությունը բավականին ցածր է, ավելի ակտիվ դեր են իրենց վրա վերցնում անհատ գործարարները, միությունները, ինչպես նաև հասարակական տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կառույցները: Այստեղ է պատասխանը, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանը, դարեր շարունակ կանգնած լինելով խնդիրների առջև, դուրս է գալիս դժվարագույն իրավիճակներից ու շարունակում գործել․ հանրությունը համախմբվում է և ներկայանում է տարբեր նախաձեռնություններով: Մնում է միավորվել և ունենալ մեկ միասնական գաղափարական մոտեցում՝ Հայաստանն աշխարհի համար կարևորագույն երկիր դարձնելու  ճանապարհին:

Իսկ ինչո՞ւ չփորձենք․․․ Հոդվածս կցանկանայի ավարտել «1 րոպե անց» գրքի վերջում ներառված գաղափարով՝  «փորձում եմ, ու հաջողվում է»։ 

 

Հետգրություն թեման շարունակելու նպատակով մարտահրավեր եմ նետում Տիգրան Ջրբաշյանին և Հայկազ Ֆանյանին։

«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել