Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր
20:02 - 10 մարտի, 2021

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից:

Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու է «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունը, որի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Պիերսոնի (Ֆրանսիա) և նույն կազմակերպության լաբորատոր միջազգային մասնագետ Արսեն Զաքարյանի (Կանադա) հետ այսօր հանդիպել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյան:

ՍԱՏՄ-ն նշում է, որ ծրագրի նպատակն է խթանել և դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ այդ համակարգերում գործող առաջնորդների համար՝ ուղղորդված «Մեկ առողջություն» ռազմավարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մանրամասները, հստակեցվել ու համաձայնեցվել են այն իրականացնելու համար կողմերի պարտավորությունները։
Պարոն Պիերսոնը նշել է, որ ակնկալվում է տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում՝ ընդլայնելով գոյություն ունեցող այն խմբերի գործառույթները, որոնք արդեն իսկ ներգրավված են բժշկական, անասնաբուժական, սննդի և ջրի անվտանգության լաբորատորիաներին առնչվող հարցերում։ Նա հատկապես շեշտել է, որ շատ հաճախ իրենց փորձագետները նշում են հայաստանյան լաբոատորիաների աճի ու կայացման գործընթացը՝ որպես աստիճանական-կայուն զարգացման օրինակ:

Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ՍԱՏՄ-ն կներդնի իր բոլոր հնարավորություններն ու ներուժը ծրագրի իրականացմանը նպաստելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել