Միջնորդություն ներկայացվեց դատարան՝ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին
 |armtimes.com|
16:54 - 18 մարտի, 2021

Միջնորդություն ներկայացվեց դատարան՝ Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ մարտի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանի պաշտպանները նախագահի գույքը կալանքից ազատելու մասին միջնորդություն ներկայացրեցին դատարանին: 

«2019 թվականի դեկտեմբերի 9-ին քննիչին ներկայացվել է պաշտպանության իրավունքի խախտումները վերացնելու, դատավարական փաստաթղթերին ծանոթացնելու եւ դրանց պատճենները տրամադրելու մասին միջնորդություն, որի պահանջներից մեկը հանդիսացել է տրամադրել բոլոր այն որոշումների պատճենները, որոնք մեղադրյալն այդ փուլում ստանալու իրավունք ունի։

Դեկտեմբերի 13-ին և 20-ին ստացվել են քննիչի գրությունն ու միջնորդությունը քննություն առնելու մասին որոշում, որոնցով պաշտպանության կողմին չի տրամադրվել պահանջվող, տրամադրման ենթակա որոշումների պատճենները, որոնց թվին է դասվում գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը։

Դեկտեմբերի 18-ի երեկոյան մամուլից տեղեկացել ենք, որ քննիչի կողմից Սարգսյանի և Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել։ Դրանից մեկ օր անց պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմին՝ տրամադրել Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը և ծանոթացնել հավաքված այն ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Սարգսյանը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը։ Դեկտեմբերի 16-ին ստացվել է քննիչի միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը, որով պաշտպանի նույնաբովանդակ երրորդ միջնորդությունը մասնակի մերժվել է, տրամադրվել է մեղադրյալի գույքի վրա կալանք դնելու մասին որոշման օրինակը»,- նշեց պաշտպանը:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ քննիչը Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք է դրել այն պատճառաբանությամբ, որ երրորդ նախագահը ՀՀ պետական տարբեր մարմիններում նախկինում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ, ինչպես նաև դրանից բխող կենսափորձ է ունեցել, և ունեցած կապերը հիմք են տալիս ենթադրելու, որ իրեն վերագրվող արարքի բնույթից եւ վտանգավորության աստիճանից ելնելով՝ նա կարող է անձամբ կամ միջնորդավորված եղանակով թաքցնել, օտարել կամ սպառել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը։

Պաշտպան Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու մասին քննիչի որոշումը ոչ իրավաչափ է, ակնհայտ չհիմնավորված և չպատճառաբանված և հավելեց, որ ոչ իրավաչափ գործողություններով Սերժ Սարգսյանի համար առաջացել են մի շարք սահմանափակումներ սեփականության տնօրինման հետ կապված, այդպիսով կալանավորված գույքը ենթակա է ազատման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել