Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան
 |1lurer.am|
21:10 - 19 մարտի, 2021

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 19-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, ռազմավարական դաշնակցային են, ինչն ամրապնդված է բոլոր ոլորտներում սերտ փոխգործակցությամբ և երկու ժողովուրդների միջև պատմական, հոգևոր և մշակութային խոր կապերի առկայությամբ:

Անդրադառնալով Արցախում 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձություններին՝ դեսպան Կոպիրկինը նշել է Ռուսաստանի ղեկավարության ներդրումը ռազմական գործողությունների դադարեցման գործում, ներկայացրել տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերումը, խաղաղապահ զորախմբի եւ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը:

Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձությունները շատ հստակ ընդգծեցին ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը: Նա նաև նշել է եռակողմ աշխատանքային խմբի նշանակալի դերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերում:

Նշելով երկու երկրների հասարակություններում առկա պահանջն ինտեգրացիոն կապերի խորացման հարցում, ինչպես ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ՝ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ այդ գործընթացն, անկասկած, բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, նրանց զարգացման, անվտանգության, մշակութային և հոգևոր ինքնության պահպանման շահերից:

Դեսպան Կոպիրկինը նման կարծիք հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած կլոր սեղանին՝ «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերն արդի սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում» թեմայով, հայտնում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել