azatutyun.am: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեկ հայտարարել է, որ «Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել լրտեսական գործունեությունը Բուլղարիայի տարածքում»:
Մարտի 19-ին Բուլղարիայի իրավապահները լրտեսության մեղադրանք են ներկայացրել ռազմական հետախուզության վեց նախկին և գործող աշխատակիցներին:
Ամբաստանյալները մեղադրվում են Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանությանը Բուլղարիայի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու մեջ:
2019 թվականի հոկտեմբերից սկսած Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիան Ռուսաստանի դեսպանատան 5 դիվանագետների և աշխատակիցների է արտաքսել լրտեսական ակտիվություն ծավալելու համար:
«Վերստին ռուսաստանցի դիվանագետները կարող են «անցանկալի անձ» հայտարարվել, երեկվա գործողության կապակցությամբ նորից կոչ եմ անում՝ դադարեցրեք լրտեսությունը Բուլղարիայում», - ասել է վարչապետ Բոյկովը և ավելացրել. - «Բարեկամությունը բարեկամությամբ, բայց կա նաև մեր Եվրո-Ատլանտյան գործընկերությունը»:
Սոֆիայում Ռուսաստանի դեսպանությունը հերքել է լրտեսության մեղադրանքը և հայտարարել է, թե այն ունի «ռուս-բուլղարական բարեկամության մեջ սեպ խրելու, երկխոսությունը խոչընդոտելու և Ռուսաստանին հերթական անգամ պիտակավորելու նպատակ»:
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան երեկ հայտարարել են, որ «Ռուսաստանի չարանենգ ակտիվությունը դիմագրավելու հարցում միանշանակ սատարում են Բուլղարիային»:
comment.count (0)