Նիկոլ  Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
19:24 - 25 մարտի, 2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի ՊՆ ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումա Ինադ Սաադունի Խատաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Վարչապետը ողջունել է Իրաքի պաշտպանության նախարարի այցը Հայաստան և նշել, որ մեր երկիրն Իրաքը դիտարկում է որպես վստահելի գործընկեր՝ հիմնված ամուր պատմամշակութային կապերի վրա: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Իրաքի իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրությունը, ինչը հնարավորություն է տալիս հայկական սփյուռքին պահպանել կրոնական արժեքներն ու նպաստել երկրի զարգացմանը:

Ջումա Ինադ Սաադունի Խատաբի խոսքով՝ Իրաքի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնմամբ: Իրաքի պաշտպանության նախարարը կարևորել է Զինված ուժերի ոլորտում  փոխգործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը:

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են ռազմատեխնիկական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության սերտացմանը վերաբերող մի շարք հարցեր և կարևորել Երևանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համապատասխան հուշագրի ստորագրումը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրաքի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հավասարակշռված դիրքորոշումը:

Վարչապետն անդրադարձել է Իրաքի հետ տնտեսական կապերի զարգացմանը և հույս հայտնել, որ այս տարի նախանշված երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել նաև առևտրատնտեսական կապերին:

ՀՀ վարչապետն ու Իրաքի պաշտպանության նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել