Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա. վարչապետ
 |1lurer.am|
17:33 - 28 մարտի, 2021

Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում եղել են հարձակումներ՝ ընդհուպ բաց հրապարակային ահաբեկչության քարոզ, եղել և մնում է ատելության խոսք, շատ էմոցիոնալ վիճակ, և արդեն հինգերորդ ամիսն է՝ այս իրավիճակը շարունակվում է: Այդ մասին Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   

Նրա խոսքով՝ այդ ֆոնին, սակայն, ՀՀ-ում մի կրակոց չի հնչել, ինչն, ըստ նրա, աննախադեպ է: «Նման բան աշխարհի ոչ մի երկրում չէր կարող լինել և չի եղել: Սա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, քանի որ բոլոր պոտենցիալ կրակողները գիտեին, որ ժողովուրդը դա չի ների և չի հանդուրժի: Այն դեպքում, որ պատերազմից հետո մարդկանց ձեռքին շատ զենք-զինամթերք կար: 

Ընդդիմության հիմնական մեղադրանքն ինձ հետևյալն է, որ ես դավաճանական գործարքի եմ գնացել: Սակայն պատերազմի ընթացքում մարդկանց մեծաքանակ զենք է բաժանվել իմ որոշմամբ: Ամբողջ իրավապահ համակարգը գործուղվել է առաջնագիծ, բա դավաճանության մեջ ներգրավված իշխանությունը կամ վարչապետը չի՞ հասկանում, որ այդ թվում ընդդիմությանը զենք է բաժանում և մինչև օրս չի էլ հավաքել:

Գիտեմ՝ իշխանությունից երբեմն շատ կոշտ գործողություններ եք պահանջել: Առաջիկայում ընտրություններ են, և եթե կգնանք և ձեր մանդատը կվերահաստատեք, այդ գործողությունների մասին կխոսենք: Շատ գոհ եմ, որ ոչ մի կրակոց չի հնչել, քանի որ պատերազմից հետո եթե մի զոհ ներսում ունենայինք, դա շատ մեծ խարան կլիներ մեզ վրա: 

Ուզում եմ բարձր գնահատել իրավապահ մարմինների գործողությունները, որոնց հաջողվել է պահել իրավիճակը վերահսկողության տակ, բայց նաև այս իրավիճակի պահպանումն ընդդիմության ձեռքբերումն է: Ընդդիմությունը չնայած երբեմն  ահաբեկչության ուղիղ կոչերին, գծեր չի անցել, և ուզում եմ բարձր գնահատել ընդդիմության այդ պահվածքը: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում էլ կգնանք այդ ճանապարհով: Հայաստանում Հոկտեմբերի 27-եր և Մարտի 1-եր այլևս չեն լինելու: Հայաստանը ժողովրդի իշխանության երկիր է, և բոլոր հարցերի պատասխանը պետք է ժողովուրդը տա, և նրա ազատ կամարտահայտմանը որևէ մեկը չպետք է խոչընդոտի»,- ընդգծեց վարչապետը: 

Վերջում վարչապետը ներողություն խնդրեց բոլոր այն հիասթափությունների համար, որոնք ժողովուրդը ապրել է: «Մենք շատ սխալներ ենք արել, բայց ձեզ չենք խաբել»,- ասաց նա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել