Հայաստանն արձագանքում է միջազգային գործընկերների հայտարարություններին
05:57 - 10 ապրիլի, 2019

Հայաստանն արձագանքում է միջազգային գործընկերների հայտարարություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից տարածված հայտարարություններին, որոնցում, մասնավորապես, հորդոր կա դատապարտել ատելության խոսքը։

«Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին», ֊ ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարությունում։

«ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են,

եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ», ֊ հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ շարունակելով. ֊ «Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։

Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իրենց հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։

Այսօր ավելի վաղ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում բոլորին հորդորելով դատապարտել ատելության խոսքը, և կոչ անելով իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։

Այսօր հայտարարությամբ էր հանդես եկել նաև Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ մտահոգություն հայտնելով «վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏԻ ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերի» առնչությամբ։
«Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն անցած շաբաթ Ազգային ժողովում մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հրավիրած լսումներին:

Ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից՝ Մարտիրոսյանը բողոքել է սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումներից և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքից:
Տրանսգենդերի ելույթից հանկարծակիի եկած Նաիրա Զոհրաբյանը նկատողություն էր արել օրակարգից դուրս թեմաներ քննարկելու համար, ապա դուրս հրավիրել նրան նիստերի դահլիճից:
Տեղի ունեցածին հետևել են բուռն քննարկումներ թե՛ սոցցանցերում, թե՛ լրատվամիջոցներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել