ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում
13:01 - 09 ապրիլի, 2019

ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում

news.am:  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում:

«Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ ««Առինջ Մոլ»-ը չի փակվելու. «Եթե մեր շուկան ինչ-որ մարդկանց խանգարում է, դա էլ կիմանանք, թե ում է խանգարում:  Ես մինչեւ վերջ ճշտելու եմ, թե ով է մեր վրա բողոք գրել:

Բողոքել են, որ վարձավճարները շատ եմ վերցնում, քիչ եմ ցույց տալիս: Այդպիսի բան չկա:
Տնօրենի խոսքով, հիմա ՊԵԿ-ի աշխատակիցները փաստաթղթերն են ստուգում, ֆեյսն են ստուգում. «Թող ստուգեն: Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ, սխալ եմ արել՝ կպատժվեմ էդ սխալի համար: Բայց ես սխալ չեմ արել: Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Կարող էին գալ 4-5 հոգով, ինչ պետք է, ես կտրամադրեի»:

Armenpress.am : «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասաց․ «Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում:

Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

ArmDaily կայքի փոխանցմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս:

Նա նշել է, որ «քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» «Առինջ մոլը», փոխանակ բացահայտի երկրի իրական թալանչիներին»:

PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը մանրամասներ չհայտնեց:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել