Վայրագություններն ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. ԱԺ փոխնախագահ

 |armenpress.am|
18:07 - 13 ապրիլի, 2021

Վայրագություններն ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. ԱԺ փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանի կարծիքով՝ Բաքվում բացված «պուրակում» մարդասպանության վայրագություններն ի ցույց դնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին: Նազարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին»:

«Ես հավատացած եմ, որ մեր պետությունը, մեր երեխաներն ու նրանց սերունդները շատ ավելի երկար ու երջանիկ են ապրելու այս տարածաշրջանում, քան Ալիևը և նրա ֆաշիստական, այլատյաց, մարդասպան համակարգը կգոյատևի: Մարդասպանության վայրագությունները իր ժողովրդին ու ողջ աշխարհին ի ցույց դնելով՝ Ալիևը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին, որտեղ ընդունված են պատերազմների և ցեղասպանությունների զոհերի հիշատակը վկայակոչող պուրակներ և թանգարաններ, այլ ոչ թե տեղի ունեցած բարբարոսությունները»,-ասաց նա:

Նազարյանը նաև նշեց. «Չեմ ուզում, որ Ալիևի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը»:

ԱԺ փոխնախագահը հարց րեց՝ ուրեմն ի՞նչ անել, երբ հարևան երկիրը իրագործում է պատերազմ, մարդասպանություն ու այլատյացություն:

«Իրավական, քաղաքական, միջազգային գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երևույթը և դրա հեղինակին, այլ նաև ի հեճուկս Ալիևի՝ շարունակել ներդնել մեր անկեղծ ջանքերը՝ մեր տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար: Ալիևն ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչպես է սպանել մարդկանց, մենք պետք է ցույց տանք, թե ինչպես կհաղթենք ֆաշիզմը մեր տարածաշրջանում, որտեղ ապրում ենք և շարունակելու ենք ապրել: Ուրեմն խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին այս տարածաշրջանում՝ ի հեճուկս Ալիևի, կամ էլ ավելի լավ՝ առանց Ալիևի»,-եզրափակեց Նազարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել