Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար. տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին եւ դրանից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին եւ ակնարկներին, որ Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել այդ անձնավորությանը:
Նա նկատեց, որ լսումները բաց են եղել տիկին նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար.
«Ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Տիկին Նաիրա Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար: Մարտի 11-ին հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան: Առանց թեմաների լսումների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում:
Լսումներից օրեր առաջ օրակարգն ԱԺ կայքից անհետացավ: Լսումներից օրեր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ՝ առանց հանձնաժողովի անդամների հաստատման: Կայքը չթարմացվեց նոր թեմատիկ օրակարգով»,-ընդգծեց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ երբ ստացել է թեմաներով օրակարգը, այցելել է հանձնաժողովի քարտուղարություն, եւ հորդորել լսումների համար գրանցված բոլոր ՀԿ-ներին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը, ինչը չի արվել:
comment.count (0)