Մարիա Կարապետյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. փետրվարի 20-ին Վանաձորում:

2008թ. ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը: Լեզվաբան-երկրագետ: 2010թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Եվրոպագիտության մագիստրոս: 2015թ.՝ Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ եւ Եվրոպական միության քաղաքականություն» մագիստրոսական ծրագիրը:

2008-2013թթ. դասավանդել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երեւանի մասնաճյուղում: 2011-2018թթ. եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրեն, տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծման ծրագրերի համակարգող: 2015-2018թթ.՝ «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ:

2017-2021թթ. եղել է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան
 |azatutyun.am|

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։ «Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ: - Ինչո՞ւ չընտրեցիք Հայկուհի Հարությունյանին, դուք գիտեք, որ քաղհասարակությունը քննադատում է ձեզ դրա համար: - Նախ, ես կարծում եմ, քաղաքացիական հասարակության մի մասը մեզ հետ անհամաձայն է, կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կուզենային ավելի լավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարում տեսնել, որովհետև տեսնում ենք հեռացող կամ արդեն իսկ պաշտոնը լքած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի մասին: Ազգային ժողովը կամ կառավարող մեծամասնությունը ընդամենը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ: Սա չի նշանակում, որ նախորդ 4 տարում ոչինչ չի արվել: Նսեմացվում է ամբողջ աշխատանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պարզապես մեր իրավունքն է պաշտոնը լքելուց հետո..., նախ, հարց է՝ արդյոք անձը կցանկանա՞ կրկին առաջադրվել, դա նոր փուլ է, նոր փորձ է, այսինքն, կարող են մրցակիցներ ևս լինեն, և ամբողջությամբ մեր իրավունքն է որոշել, որ պաշտոնավարումից հետո մեկ այլ անձ կարող է պաշտոնավարել: Մեր խմբակցության հետ տիկին Հարությունյանի հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ, 10 օր, ընդ որում, մենք չէինք մասնակցում այդ բանավեճին, սպասում էինք մինչև կգա համապատասխան Ազգային ժողովի նիստը, մի ամբողջ ալիք բարձրացավ, տիկին Հարությունյանը ևս մասնակցություն ունեցավ, խոսակցությունը տանելով այնպիսի դաշտ, կարծես թե մեր հայտարարագրերի շուրջ է միայն դժգոհությունը, բայց սա բոլորովին այսպես չէ:  - Արդյոք այդքան էական դետալներ են, որ նույնիսկ չմասնակցեիք քվեարկությանը և այսպես նրքան ճանապարհեիք, թե՞ այնուամենայնիվ, գուցե վկայում է, որ դուք եք քննադատության նկատմամբ անհանդուրժող: - Ես մտադրություն չունեի հրապարակավ ասելու, որ տիկին Հարությունյանը քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի դուրս է մղել իրենց աշխատավայրից, ես չէի ցանկանում հրապարակային էսկալացնել իրավիճակն այս հարցի շուրջ: Փակ հանդիպման ժամանակ իրեն այս հարցադրումն արել էի, բայց նաև տիկին Հարությունյանը խաղադրույքները, այսպես ասած, բարձրացնելով, մեր հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, որոնք անհիմն են, թե մենք մեր հայտարարագրերի շուրջ հարցերի պատճառով իրեն չենք ցանկացել վերընտրել դրդեց, որպեսզի այդ խոսակցությունը ստանա նաև այդպիսի դրսևորում և վերջում, այո, մենք չմասնակցենք այդ քվեարկությանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
16:44 - 08 դեկտեմբերի, 2023
Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են ՀՀ տարբեր խորհրդարանականների կողմից, որոշակի խոչընդոտներ են հարուցում․ Արցախի ՄԻՊ

Քաղաքական հայտարարությունները, որ արվում են տարբեր խորհրդարանականների կողմից, կարող եմ ասել, որ որոշակի խոչընդոտներ են հարուցում, երբ տարբեր քննարկումների ժամանակ հենց նաեւ մեր միջազգային գործընկերների կողմից մատնանշվում են, վկայակոչվում են այդ հայտարարությունները։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս առումով կարող եմ անվերպահորեն ասել, որ ցանկալի կլիներ, որ ՀՀ-ի հանրային իշխանությունը ներկայացնող մարմինների, կառույցների կամ ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններ չհնչեն, որոնք ընդհանուր գործին իրենց վնասն են հասցնում։ Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք չեն բխում Արցախի ժողովրդի շահերից եւ կասկածի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը մեր պարագայում այլեւս ակնհայտ է, որ հավասարազոր է Արցախի ժողովրդի կյանքի իրավունքին»,- ընդգծեց Ստեփանյանը։ Նա նշեց, որ մի կողմից աշխատանք է տարվում, որ միջազգային հանրության կողմից ամբողջությամբ ընկալվի ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը․ «Կարող եմ ասել, շրջափակման շուրջ յոթ ամսվա ընթացքում սպառնալիքներն այսքան ընդգծված եւ արտահայտված չեն եղել, որքան հիմա են։ Մենք իրապես խոսում ենք գոյաբանական սպառնալիքի մասին, եւ ես ուզում եմ, որ նաեւ ՀՀ մեր հայրենակիցները եւ հայաստանյան հասարակությունը ավելի ճիշտ եւ հստակ հասկանա, թե ինչ իրավիճակ է այսօր Արցախում։ Իրավիճակի լրջությունը եւ այն սպառնալիքը, որ այսօր Արցախում ապրող մարդու գլխին կախված է, անգամ հայաստանյան հասարակության մեջ ամբողջական չի ընկալվել, եւ այն հանդարտությունը, որ կա Հայաստանում, երբեմն նաեւ հայկական սփյուռքում Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ, ինձ համար անընդունելի է»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարել էր․ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի ու ԼՂ հայության ներկայացուցիչների միջև՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ»։
12:13 - 06 հուլիսի, 2023
Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը ԼՂ. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում

Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը ԼՂ. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում

  Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի ելույթս սկսել հանձնաժողովի զեկուցող տիկին Քուգլերի աշխատանքը գնահատելով: Ուզում եմ հատկապես ընդգծել նրա այն միտքը, որ երբ մենք խոսում ենք, օրինակ, շրջակա միջավայրի խնդիրների մասին, մենք պետք է այնպես անենք, որ դրանք ընկճվածություն չառաջացնեն եւ չմղեն քաղաքացիներին դեպի մեկուսացում խնդիրներից՝ դրանց չափազանց բարդ լինելու բերումով: Մենք պետք է նաեւ բավարար լավատեսություն գեներացնենք, որ միասին լուծումներ փնտրենք: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր գաղափարական մոտեցում է խնդիրներին: Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են վարում: Նպատակը, որը Հայաստանը հետապնդում է խաղաղության այս բանակցություններում, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա: Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ: Մինչդեռ արդեն յոթ ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ամբողջությամբ շրջապատված են ռուս խաղաղապահներով եւ ադրբեջանական բանակով: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ճանապարհին բետոնապատնեշներ տեղադրեց: Սրա կադրերը կան համացանցում: Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ գազ, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սննդի եւ բժշկական մատակարարումների համալրում: Ծանր վիճակում գտնվող եւ Լեռնային Ղարաբաղում անհասանելի բժշկական ծառայությունների կարիք ունեցող հիվանդները նույնպես չեն կարող տեղափոխվել: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը փաստաթղթավորելու եւ հասցեագրելու համար: Սա մարդասիրական ճգնաժամ է, որն ունի նաեւ բազմաթիվ այլ չափումներ, այդ թվում՝ բնապահպանական եւ տնտեսական: Իրավիճակը շատ պարզ ձեւով ներկայացնելու համար ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ արդեն յոթ ամիս է, ինչ ոչինչ չեն գնում եւ չեն վաճառում. նրանք պարզապես իրենց տներում սպասում են սննդի փաթեթների ժամանմանը: Մարդկանց կյանքն այնտեղ կանգ է առել եւ մշտական հարձակման սպառնալիքի տակ է: Որքան էլ այս իրավիճակը հուսահատ է, Հայաստանում մեր դիրքորոշումն այն է, որ մենք սադրանքների չենք տրվելու եւ չենք հրաժարվելու խաղաղության բանակցություններից: Մենք շարունակելու ենք բարեխղճորեն ջանք գործադրել եւ քաղաքական կամք դրսեւորել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է կայուն միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ»,- նշել է պատգամավորը:  
16:00 - 03 հուլիսի, 2023
ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՔՊ պատգամավորները և Մայքլ Սեսիերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Սոնա Ղազարյանն այսօր հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիերի հետ: Կարևորելով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատումը` կողմերն ընդգծել են այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները: ԱԺ պատգամավորները հյուրի ուշադրությունը հրավիրել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, անվտանգային խնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Կարևորվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը և հայկական կողմի` այս ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:
17:51 - 03 փետրվարի, 2023
Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում

Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։  Ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խորհրդարանական վեհաժողովի համար: Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ ապրում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է, եւ կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում: Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը եւ պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային եւ մաքսային վերահսկողության: Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը, այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար: Լաչինի միջանցքը, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլ հատուկ մարդասիրական միջանցք: Այն ունի 5 կմ լայնություն եւ ձգվում է մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ ուրիշ ոչ մի տեղ: Այն փակ միջանցք է: Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ եւ մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով: Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով եւ ռուս խաղաղապահներով: Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ: Հետեւաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլ մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար: Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը` կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ` բոլոր ճանապարհները, եւ ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց եւ Հայաստանի սահմանային եւ մաքսային ծառայողների հետ շփումից: Թեեւ մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումն արտապատվիրակելուն, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները` Հայաստանի սահմանը: Եվ ամենակարեւորը` բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու եւ համագործակցություն սկսելու ոգով եւ ոչ թե մեկուսացման ոգով»:
13:27 - 26 նոյեմբերի, 2022
Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան
 |1lurer.am|

Թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների. Մարիա Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Մեզ շոկի չպետք է ենթարկի այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց քայլերը կարող են համաձայնեցնել։ Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: «Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ. այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամլո հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- նշեց Մարիա Կարապետյանը: Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ երկու պայմանավորվածությունները իրականություն դառնան: «Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրքի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը:
13:14 - 26 հուլիսի, 2022
Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Կառավարող ուժի ճկվող դիրքորոշումը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ

Մայիսի 10-ին Արդբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել սահմանազատման հանձնաժողով ստեղծվելու պայմանավորվածություն։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հանձնաժողովի ստեղծման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն հանձնաժողովի կազմը պարզ չէ։ Դեռ մի տարի առաջ Հայաստանը նախապայմաններ էր առաջ քաշել այս գործընթացի մեկնարկի համար, սակայն դատելով վերջին հայտարարություններից՝ կառավարությունը փոխել է դիրքորոշումը՝ հետ կանգնելով իր իսկ առաջ քաշած նախապայմաններից։ Այսպիսով, մայիսի 16-ին Մարիա Կարապետյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությանը։ Խոսակցությունը Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի և հայկական կողմի առաջարկների շուրջ էր։ Հիշեցնենք՝ մարտի 14-ին պարզ դարձավ, որ Ադբեջանը Հայաստանին փոխանցել է 5 կետանոց առաջարկ, որտեղ խոսվում է նաև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և պետական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին։ Հետագայում հայկական կողմը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է 6 կետանոց պատասխան առաջարկ, որի բովանդակությունը համընկնում է ԱԳ նախարար  Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտնած դիրքորոշմանը։ Իսկ մայիսի 13-ին հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջապես հրապարակեց հայկական կողմի 6 կետերը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը Մարիա Կարապետյանին հարց տվեց այն մասին, թե ինչու հայկական կողմի պատասխան առաջարկներում ոչինչ չի նշվում այն մասին, որ Ադրբեջանը նախևառաջ պետք է իր զինված ուժերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, հետո քննարկվեն մյուս հարցերը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 12-ից ադբեջանական զորքերը Սյունիքում ու Գեղարքունիքում հատել են ՀՀ ինքնիշխան տարածքն ու մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ։ Մարիա Կարապետյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ էն տրամաբանությունը, որ մեր մի փոքր շահը, իսկ, եկեք ընդունենք, որ, առհասարակ, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ավելի մեծ շահ է, քան ներխուժման վերացումը․․․ Բոլորս ընդունում ենք, չէ՞, որ ամենամեծ, գլոբալ խնդիրը ԼՂ ժողովրդի իրավունքների, ազատությունների, անվտանգության պաշտպանումն է, ՀՀ ինքնիշխանության, սուվերենության պաշտպանումը ևս։ Մենք մեր մի փոքր շահը չենք կարող որպես նախապայման դնել մնացած բոլոր մեր շահերի սպասարկման համար։ ․․․․ Կարծես ասել, որ երակներս կկտրեմ, եթե այսինչ բանը չանեք․․․ Է, կտրի»․․․ Մարիա Կարապետյանի այս միտքը հակասում է Հայաստանի Հանրապետության՝ նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումներին և Կարապետյանի թիմակիցների հայտարարություններին։ Նախ՝ կառավարող ուժի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումն ու Արցախի խնդրի կարգավորումը միմյանցից տարբեր հարցեր են։ Երկրորդ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ Անդրադառնանք այս երկու կետերին առանձին-առանձին։   Սահմանազատում և Արցախի հարց 2021-ի մայիսի 21-ին ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Հետագայում, սակայն, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվեց։ Նիկոլ Փաշինյանը 2021-ի մայիսի 29-ին՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց, որ Արցախի հարցը տարանջատված է սահմանների դեմարկացիայի թեմայից․ «Շատ կարևոր է ընդգծել, և այդ ընդգծումը կա նաև մեր միջզգային գործընկերրների հետ․ Ղարաբաղի հարցի կագավորումը բովանդակային առումով չի առնչվում սահմանների ճշգրտման հետ»։  Նոյեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը վերաբերում է միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցմանը․ «Սահմանների ճանաչումը այլ հարցերի հետ փոխկապակցելը որևէ տեղ չտանող քննարկում է»։ Նոյեմբերի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Մարիա Կարապետյանի հարցին, ասաց․ «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերը իրար հետ փոխկապակցված չեն, մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա և ԼՂ հիմնախնդրի կարգավորում։ Դրանք տարբեր հարցեր են, և այդ հարցերի քննարկման բովանդակությունը և բանաձևերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ, իհարկե, այդ հարցերը իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»։ Այսպիսով, ըստ կառավարող ուժի՝ նախկինում արած հայտարարությունների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների հստակեցումը կապ չունի Արցախի հարցի կարգավորման հետ։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման համարվել Արցախի խնդրի կարգավորման հարցում, եթե այդ գործընթանցները միմյանցից անկախ են։   ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը նախապայման է սահմանազատում սկսելու համար Երբ Ադրբեջանը հատեց պետական սահմանն ու օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքը, Հայաստանը որոշեց դիմել ՀԱՊԿ-ին։ Մայիսի 27-ին էլ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր հայտնի առաջարկը՝ զորքերը հայելային հետ քաշելու մասին։ Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքներից հետո ՀՀ պաշտոնատար անձինք բազմաթիվ հայտարարություններ են արել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը։ 2021-ի մայիսի 17-ին՝ Հանրայինի հարցազրույցում, Արմեն Գրիգորյանը, խոսելով Արդբեջանի ներխուժման մասին, հայտարարեց․ «Էս գործընթացը մարտահրավեր է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, և տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը։ Ադրբեջանը պետք է հետ քաշվի իր ելման կետ, և մենք կշարունակենք սահմանների հստակեցման հետագա գործընթացը։ Բայց էն, որ Ադբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը և վրադառնա ելման կետ, հստակ է, և բանակցությունները միայն դրա շուրջ են։ Այս բանակցությունները միայն այս խնդրի մասին են, չեն կարող այս բանակցությունները փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ։ Դա կլինի Ղարաբաղ, դա կլինի ապաշրջափակում․ ցանկացած այլ հարցի հետ սա չի կարող կապ ունենալ։ Սա խնդիր է առանձին, և այս խնդիրը մենք պետք է լուծենք»։  Մայիսի 19-ին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ խոսվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նույն օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՌԴ-ն հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ի պատասխան՝ Հայաստանն «ընդգծեց նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար»: Հաջորդ օրը՝ խոսելով սահմանազատման հանձնաժողով ստեղծելու փաստաթղթի մասին, Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը․ «Փաստաթուղթը պատրաստ ենք քննարկել, եթե Ադրբեջանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս է բերում Հայաստանի սուվերեն տարածքից։ Մինչև դա չի կատարվել, այս փաստաթղթի քննարկումը որևէ իմաստ չունի»։  ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով փաստաթուղթը, նշեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար» Մայիսի 21-ին հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր․ «Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման և ներկայացրած նախապայմանների շուրջ։ Ընդգծվել է, որ միայն վերջիններիս բավարարման դեպքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ այդ ուղղությամբ համապատասխան քննարկումներ սկսելու համար»: Մայիսի 26-ին ԱԺ-ում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, խոսելով սահմանների հստակեցման գործընթացից, նշեց․ «Դե ֆակտո խորհրդային սահմաններով տեղադրվում էին ժամանակավոր հենակետերը, մինչև Ադբեջանական կողմից նախաձեռնած գործողությունները էդ սկսբունքն էր գործում փաստացի, և էդ սկզբունքը առաջինը խախտեց ադրբեջանական կողմը՝ հրահրելով այս իրավիճակը։ ․․․ Քանի դեռ մենք տվյալ հատվածներում՝ և՛ Սև լճի հատվածում, և՛ Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է պատկերացնել բանակցային ավելի հանգիստ և տրամաբանական գործընթաց»։ Հունիսի 22-ին՝ Կառավարության հերթական նիստի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջակը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  Նախընտարական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ վերահաստատեց այս դիրքորոշումը (1, 2): Հուլիսի 14-ին Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Վաղ թե ուշ՝ ինչ-որ մի օր, անպայմանորեն սահմանագծում և սահմանազատում մեր սահմանների պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում՝ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների անարդյունավետ ճանապարհ է։ ․․․․ Այո՛, անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»։ Օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց սահմանազատման գործընթացի մասին․ «Մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը»։ Նոյեմբերին Սոչիում Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիմանը Փաշինյանը բարձրացրեց Ադրբեջանի ներխուժման հարցը։ Իսկ այս տարվա հունվարին Արմեն Գրիգորյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը սահմանազատման վերաբերյալ․ «Այս առաջարկների ընդհանուր մասով երկար ժամանակ կառավարությունը և օրենսդիր մարմնի՝ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները ներկայացրել են։ Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիների գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները, և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անցնենք»։   Նախապայմանից հրաժարում Այս տարվա ապրիլի 7-ին Բրյուլսեում  Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ալիևի եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ձեռք է բերվել համաձայնություն ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Բրյուսելից վերադառնալուց հետո Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարվել է զորքերի հայելային ետքաշման առաջարկից․ «Մեր մտահոգությունը, թե Ադրբեջանը ցանկանում է դելիմիտացիային զուգահեռ պահպանել ռազմական լարվածությունը սահմանին Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներն արդարացնելու և նոր նկրտումներ ձևակերպելու համար, ի վերջո, ընկալված է միջազգային հանրության կողմից, բայց նաև մենք արդեն վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային ետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն»:  Ինչպես տեսնում ենք, Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանազատման մեկնարկի նախապայման է ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից։ Ըստ ամենայնի՝ սահմանազատման գործընթացը շուտով կմեկնարկի։ Իսկ դատելով Մարիա Կարապետյանի հայտարարությունից, որով նա ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սուվերեն տարածքից դուրս գալը համարում է «ավելի փոքր շահ»՝ Հայաստանը հրաժարվել է նաև այդ նախապայմանից։ Ամփոփելով նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններում կառավարությունը միանշանակ չէ․ սկզբում նշվում էր,  թե այդ գործընթացը պետք է հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի մաս կազմի, հետո ասվում էր, որ այդ երկու գործընթացները միմյանցից անջատ են, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստան, սահմանազատման գործընթաց սկսելու նախապայման էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, իսկ այժմ ոչ միան այդ նախապայմանի մասին չի խոսվում, այլև այն համարվում է «ավելի փոքր շահ»։ Մեր նախորդ հոդվածներից մեկում էլ անդրադարձել էինք այն հարցին, թե ինչպես է մեկուկես տարվա ընթացքում փոխվել կառավարող ուժի դիրքորոշումը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։ Աննա Սահակյան
18:05 - 18 մայիսի, 2022
Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի՝ բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից էր լինելու Արցախի տարածքների դեօկուպացիան․ Մարիա Կարապետյանը սխալ է ներկայացնում ծրագիրը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր՝ «Ազատությանը» տված հարցազրույցում, հայտարարեց, որ իրենք նախընտրական ծրագրում չեն գրել, թե դեօկուպացնելու են Արցախի տարածքները։ «Այնտեղ [նախընտրական ծրագրում] գրված չի եղել, որ մենք դեօկուպացնելու ենք Շուշին և Հադրութը, գրված է եղել՝ այդ հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ստեղ նյուանս կա, տարբերություն կա։ Ես հասկանում եմ, որ բառի գործածությունը  ավելի ցայտուն է թվում․ օգտագործվա՞ծ է բառը, թե՞ ոչ։ Բայց ձևակերպման տարբերություն կա»,- նշեց պատգամավորը։ Մարիա Կարապետյանը, սակայն, սխալ է ներկայացնում ՔՊ նախընտրական ծրագրում դեօպուկացիայի մասին ձևակերպումը․ այնտեղ գրված չէր, որ Արցախի տարածքների հարցը բանակցություններում քննարկման առարկա կարող է լինել։ Ծրագրում նշվում էր հետևյալը․ «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ՝ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»: Ավելին, Նիկոլ Փաշինյանը 2021-ի ապրիլի 14-ին՝ Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա․ որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը»:  Մարիա Կարապետյանը, փաստորեն, սխալվում է․ ՔՊ նախընտրական ծրագրում Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը նշում էր որպես բանակցային գործընթացի առաջնահերթություններից մեկը, իսկ նախընտրական քարոզարշավից առաջ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօպուպացիայի խնդիրը պետք է և ոչ թե կարող է դրվել որպես բանակցային հարց։ Infocom-ն արդեն անդրադարձել է այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման մասին ինչ էր նշված ՔՊ նախընտրական և 2021-ին ձևավորված կառավարության ծրագրերում, և ինչ են այժմ փաստացի հայտարարում կառավարող ուժի ներկայացուցիչները։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ կայքից Աննա Սահակյան
19:11 - 27 ապրիլի, 2022
Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան

Ռուսաստանն այս փուլում շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ Տիգրան Գրիգորյան

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Infocom-ի տաղավարում խոսել է միջազգային հանրության կողմից  ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» հորդորի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում սեղանին եղած փաստաթղթերի, դրանց վերաբերյալ հնչող մեկնաբանությունների մասին։  Անդրադառնալով միջազգային հանրության կողմից ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին հայտարարությանը և դրան հետևող քննարկումներին՝ Գրիգորյանը նշել է, որ, բնականաբար, միջազգային հանրությանն այս տարածաշրջանում  գլխացավանք պետք չէ․ «Հատկապես ժամանակակից աշխարհում, երբ տեսնում ենք, թե ինչպիսի տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում, միջազգային հանրության դիրքորոշումը կամ մոտեցումները ինչ-որ կոնստանտա չեն, այսինքն՝ դու էլ պետք է աշխատես այդ ուղղությամբ։ Միջազգային հանրության տեսանկյունից եթե ՀՀ իշխանությունները որևէ առարկայական քայլ չեն ձեռնարկում հայկական շահերը պաշտպանելու և պատրաստ են մեծ հաշվով ընդունել ամենը, ինչ իրենց ասում են, պարզ է, որ միջազգային հանրությանը գլխացավանք պետք չէ այս տարածաշրջանում։ Եթե հնարավոր է կողմերից մեկի շահերի հաշվին հաստատել այսպես կոչված խաղաղություն կամ հանդարտություն, ապա ինչո՞ւ ոչ, ոչ ոք չի խորանալու՝ ԼՂ-ում ում օգտին է խնդիրը հանգուցալուծվելու»։ Նա նաև նշել է, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ-ում ստատուս քվոյի փոփոխությամբ․ «Բավականին հստակ է փորձագիտական շրջանակի և այն մարդկանց համար, ովքեր ռուսական կողմից եկող որոշակի տեղեկություններ ունեն, որ այս փուլում Ռուսաստանը շահագրգռված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ, այսինքն՝ շահագրգռված չէ, որ կարգավիճակի հարցում որևէ փոփոխություն լինի, լինի դա հօգուտ Հայաստանի, թե հօգուտ Ադրբեջանի»։ Քաղաքագետը անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի  վերջերս տված հարցազրույցներից մեկին, որի ընթացքում, ի թիվ այլնի, պատգամավորը հայտարարել էր, թե 1993 թ․-ից բանակցություններում քննարկվել են տարբերակներ, որոնց հետևանքով ԼՂ-ն ճանաչվելու էր Ադրբեջանի մաս։ Գրիգորյանի կարծիքով՝ պատգամավորն այդ հարցազրույցում խոսել է միայն Հայաստանին ոչ ձեռնտու տարբերակների մասին․ «Բանակցային գործընթացի ընթացքում եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, եղել են փաստաթղթեր, որոնք նախատեսում էին ԼՂ և Լաչինի միջանցքի դե յուրե միացում ՀՀ-ին, այսինքն՝ կարգավիճակ Ադրբեջանից դուրս, և եղել է Մադրիդյան փաստաթուղթը և դրանից բխող նույն Կազանյան փաստաթուղթը, որով առնվազն տեսական հնարավորություն գոյություն ուներ ԼՂ-ի համար Ադրբեջանից անկախ կարգավիճակ ձեռք բերել»։ Գրիգորյանի խոսքով՝ այլ հարց է, թե վերջին տարիներին բանակցային գործընթացում  ինչ է տեղի ունեցել, սակայն առնվազն մինչև այսպես կոչված ռուսական առաջարկները, սեղանին դրված փաստաթղթերով ԼՂ-ն հնարավորություն ունենում էր Ադրբեջանից անկախ կարգավիճակ ունենալ․ «Այլ հարց է, իհարկե,  Ադրբեջանը կհամաձայներ ստորագրել այդ փաստաթղթերը, թե ոչ, բայց սա այլ թեմա է։ Մարիա Կարապետյանը չի ասում՝ Ադրբեջանը չէր համաձայնվի, Մարիա Կարապետյանը ասում էր, որ միջազգային հանրությունը սեղանին դրել էր միայն նմանատիպ փաստաթղթեր, ինչը չի համապատասխանում իրականությանը»։ Նրա կարծիքով՝ Արցախի հարցում այս փուլի միակ իրատեսական տարբերակը կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողնելն է․ «Միակ իրատեսական լուծումը այս պահին կարգավիճակի հարցը մի կողմ դնելն է, թողնել ինչ-որ անորոշ ապագայի։ Դրա մասին ուզում էի գրել, բայց մտածում էի, որ կընդունեն որպես հերթական անիրատեսական առաջարկ, որովհետև Ադրբեջանը պնդում է, բայց բոլորովին վերջերս այդ տարբերակի մասին գրել է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունը՝ «International crisis group»-ը՝ Միջազգային ճգնաժամային խումբը, որ միակ կազմակերպությունն է, որ երևի ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր հակամարտությամբ»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։  
13:57 - 26 ապրիլի, 2022
Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը․ Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Լարվածության թոթափում, անվտանգության ապահովում, սրանք են այսօրվա առաջնային հրատապ կարևոր հարցերը, ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար։ «Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում», - ասաց պատգամավորը՝ նկատելով՝ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։ Հարցին, թե ի՞նչ կարգավիճ պետք է լինի, որ հայերի իրավունքները երաշխավորված լինեն, «հանկարծ, եթե կարգավիճակ տրվի, որ ադրբեջանցիները վերահսկողություն ունենան էդ տարածքում, կան մտավախություններ, որ դա մի ինչ-որ նոր Սումգայիթի կարող է հանգեցնել», Կարապետյանը պատասխանեց՝ առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով պետք է հասնել հարցի վերջնական խաղաղ կարգավորմանը։ «Ես կարծում եմ, որ, այո՛, անհրաժեշտ է արձանագրել՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ իր քաղաքացիներն են, նույնիսկ իր դիտանկյունից ինքն իրականացնում է էթնիկ զտման փորձեր, և կյանքը հայ բնակչության, իր դիտանկյունից, եթե նայենք, անհնարինություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, և սա է նաև մեր կոմունիկացիայի առանցքը մեր միջազգային գործընկերների հետ, այսինքն՝ ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանը խնդիր է դրել մարդկանց դուրս մղելու։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ ոչ թե մենք էլ նպաստենք իրավիճակի սրմանը և ազդակ ուղղենք ամբողջ աշխարհին, որ մենք պատրաստվում ենք հակամարտությունն անվերջ շարունակել, այլ միջազգային հանրության աջակցությունը մեզ անհրաժեշտ է՝ հակամարտությունը լուծելու համար»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
12:43 - 16 մարտի, 2022
Մեր նպատակն է մինչև 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը. Մարիա Կարապետյան

Մեր նպատակն է մինչև 2030 թ. արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը. Մարիա Կարապետյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի հանձնաժողովի առցանց նիստի ժամանակ: «Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Հասանին և տիկին Ռոսիկին իրենց ուղերձների համար: Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել երրորդ հանձնաժողովի զեկուցող դոկտոր Գուդրուն Քուգլերին՝ զեկույցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու համար: Ներկա լինելով փետրվարի 4-ի մաքուր էներգիայի հեղափոխության վերաբերյալ առցանց երկխոսությանը՝ շատ գնահատում եմ այն, թե ինչպես է դոկտոր Քուգլերը հավաքագրել բոլոր մասնակիցների կարծիքները և վստահ եմ, որ դա կարվի այսօրվա հանդիպման դեպքում եւս: Կցանկանայի խոսել այն մասին, թե ինչպես եմ տեսնում Հայաստանի առաջընթացն այսօրվա օրակարգի շրջանակներում: Հայաստանը հանածո վառելանյութ արտադրող երկիր չէ, և ածխածնային չեզոքության անցումը մեզ համար բնական սկզբունք է, որը բխում է մեր էներգետիկ անվտանգության և կանաչ աճի նպատակներից: Փարիզի համաձայնագիրը յուրաքանչյուր երկրից պահանջում է ազգային մակարդակով սահմանված գործողություններ, որոնք ոչ պարտադիր, սակայն կարևոր հանձնառություններ են` մեղմելու կլիմայի փոփոխությունը: Անցյալ տարի Հայաստանը վերանայել է իր՝ ազգային մակարդակով սահմանված գործողությունները: Մեր տարածաշրջանում Հայաստանն ու Վրաստանն այն երկու երկրներն են, որոնք կամավոր նման հանձնառություններ են ստանձնել: Հայաստանն արդեն օգտագործում է իր հասանելի հիդրոէլեկտրաէներգիայի ռեսուրսների մոտ 80 տոկոսը, իսկ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում հիդրոէներգիան կազմում է ավելի քան 30 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է պահում մեր «ածխածնային հետքը»: Մեր նպատակն է մինչև 2030 թվականն արևային էներգիայի մասնաբաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 15 տոկոսը և զրոյական արտանետումներով էլեկտրաէներգիայի արտադրության բաժինը դարձնել ընդհանուր էներգիայի արտադրության 54 տոկոսը: Կա մեկ կոնկրետ օրենսդրական նախաձեռնություն, որին ոգևորությամբ սպասում եմ. դա փոքր արտադրողների, այդ թվում՝ սպառողների համար էլեկտրացանցերի հասանելիության ապահովումն է, որպեսզի նրանք, ովքեր տեղադրել են արևային և հողմային էներգիա արտադրող կայաններ՝ իրենց սեփական կարիքները բավարարելու նպատակով, կարողանան շուկայում վաճառել էլեկտրաէներգիա: Վերջին նկատառումս հետևյալն է. ես իմ երկրի ժողովրդավարական զարգացումը և կանաչ էներգիան տեսնում եմ որպես երկու փոխկապակցված օրակարգեր և դրանք հակադրում ավտորիտարիզմին, նավթադոլարներին և հակամարտությունների հարատևմանը: Սա հատկապես կարևոր է Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կանաչ տնտեսության մասին Ադրբեջանի պատումները չեն կարող քողարկել Ադրբեջանի նավթադոլարների և դրանց գնած զենքերի պատճառած ավերածությունները»,- ասել է Կարապետյանն իր ելույթում: 
16:14 - 26 փետրվարի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղմանը: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու  ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում: Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում  տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը: Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը: «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա  կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:
22:07 - 22 փետրվարի, 2022
Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: «Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները: Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:
13:10 - 22 փետրվարի, 2022
«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

«Եվրանեսթ» ԽՎ-ն նման ֆորմատ չի ենթադրում, բայց պատգամավորները հայ ռազմագերիների հարցը բարձրացրել են. Կարապետյան |1lurer.am|

1lurer.am: Արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում  հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին նախատեսվել են օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում: Լրագրողների հետ ճեպազրույցում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանն այս հարցին ի պատասխան նշեց, որ պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: ««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ հակամարտությունը քննարկելու հնարավորությունը առանձին օրակարգային հարցերով քննարկումներն էին, որոնք արդեն տեղի են ունեցել:
12:29 - 22 փետրվարի, 2022