Նախորդ ամիս «Մեդիալաբ» արվեստի կիսամյա անվճար կրթական ծրագիրը հանրային ֆինանսավորման արշավ սկսեց, որի նպատակը «Մեդիալաբ» արվեստի ուսուցման ծրագիրը շարունակելն ու ծրագրի հիման վրա արվեստի դպրոց ստեղծելն է:
«Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի համահիմնադիր, «Մեդիալաբի» ծրագրերի համակարգող Նորա Գալֆայանի հետ զրուցել ենք արվեստի այլընտրանքային կրթության, դրա կարևորության ու մի շարք այլ հարցերի մասին։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում Մեդիալաբը, ի՞նչ կրթություն է տալիս և ինչքա՞ն ժամանակ է, ինչ գործում է:
Մեդիալաբը ժամանակակից արվեստագետին ուղղված կրթական ծրագիր է և նպատակ ունի ժամանակակից արվեստով զբաղվող, կամ զբաղվել ցանկացող մեկին տրամադրել անհրաժեշտ գործիքներ, տեխնիկական և տեսական գիտելիքներ:
Մեդիալաբը հստակ պարբերականությամբ գործում է 2007 թվականից, նախաձեռնվել է դեռևս Ուտոպիանա.ամ մշակութային-ստեղծագործական ՀԿ-ի շրջանակում։ 2016 թ. Ուտոպիանայից տարանջատման արդյունքում ստեղծվեց «Ֆոկուսը» արվեստի ՀԿ-ն, որն ի թիվս այլ նախագծերի ժառանգեց նաև «Մեդիալաբ» ծրագիրը:
Սկզբնական շրջանում Մեդիալաբը հիմնականում տեխնիկական գիտելիքներ էր տրամադրում, օրինակ` մոտաժ, ձայնային արվեստի համար անհրաժեշտ գործիքներ, այս շրջանում փորձ արվեց նաև համագործակցել արվեստի արդեն գործող դպրոցների հետ՝ օրինակ, Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի, Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի, որոնք արվեստի կրթություն էին տրամադրում, բայց չունեին նման գիտելիքներ կամ տեխնիկաներ տրամադրելու ռեսուրսներ:
Հետագայում Մեդիալաբը զարգացավ, ծրագիրն ընդլայնվեց և դարձավ ավելի ամբողջական կրթական կուրս, որն այսօր տեխնիկական գիտելիքներից զատ ներառում է նաև տեսություն, կապեր ժամանակակից արվեստի հաստատությունների և արվեստագետների հետ, գիտելիքների կիրառման պրակտիկ հնարավորություն և այլն:
Մեդիալաբի հիմնական առանձնահատկությունը դասերի ցանկն է ու այն, թե ինչպես են դրանք դասավանդվում։ Մեդիալաբը փորձում է ստեղծել մի միջավայր, որտեղ ստիպված ես անընդհատ մտածել, փնտրել, հարցադրել, հետազոտել: Այսպիսով մեր նպատակը ոչ միայն գիտելիք տալն է, այլ, օրինակ, այդ գիտելիքի կամ տեխնոլոգիաների հանդեպ քննադատական մոտեցում ձևավորելը, քննադատական և վերլուծական մտածելակերպի խթանումը, մի բան, որ շատ հատուկ է ժամանակակից արվեստին:
-Ի՞նչ առարկաներ են դասավանդվում Մեդիալաբում և ինչու՞ են ընտրվել հենց դրանք։
Հիմնական դասընթացների ցանկը հետևյալն է` Ժամանակակից արվեստի պատմություն, Լուսանկարչության պատմություն և լուսանկարի ընթերցում, Լուսանկարչության տեխնիկական հարցեր և մշակում, Լուսանկարի քիմիական տպագրության եղանակներ, Ստեղծագործական գրություն, Ձայնային արվեստ, Մոնտաժի տեսություն ու պատմություն, Գրաֆիկական ձևավորման հիմունքներ, Օպերատորական հմտություններ, Արվեստային նախագծի կամ ցուցահանդեսի կազմակերպում: Հիմնական ծրագիրը համալրվում է հանդիպումներով ու վարպետության դասերով Հայաստանի և արտերկրի արվեստագետների եւ ոլորտի մասնագետների հետ, կազմակերպվում են այցելություններ և ծանոթություններ դաշտի տարբեր հաստատություններ: Այս տարի փորձ կարվի ներգրավել նաև կատարողական արվեստի (performance art) աշխատարանների շարք:
Առարկաների ընտրությունը տարբեր կերպ է լինում, դրանք պայմանավորված են թե' արվեստագետի կարիքով և թե' այն ռեսուրսով, որ կազմակերպությունն ու ծրագիրը ունի: Ինչպես նշեցի, մենք սկսեցինք որպես տեխնիկական դասընթացների շարք, այն ժամանակ մի շարք գործող արվեստագետներ հետաքրքրված էին վիդեոարտով, հիմնականում ինքնուս էին, և մենք հնարավորություն էինք ստեղծել մոնտաժին կամ տեսախցիկի հետ աշխատանքին ծանոթանալ, տրամադրում էինք դրա համար անհրաժեշտ գործիքներ` համակարգիչ, տեսախցիկներ և այլն:
Հետագայում, օրինակ, երբ մեր շրջանավարտ, Բաց համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի սաներից Վահե Բուդումյանը ստանձնեց ծրագրի համակարգումը, հետաքրքրված լինելով լուսանկարչությամբ` ներդրեց լուսանկարչության դասընթացների ցանկը: Նա նաև գործող արվեստագետ էր, և այդ հանգամանքը օգնեց թե՛ շատ ավելի զգայուն դառնալ արվեստագետի կարիքներին, և թե՛ համագործակցությունների հնարավորություն ստեղծեց այլ երիտասարդ մասնագետների: Նույնը կարելի է ասել կինոյի մասին՝ Դավիթ Ստեփանյանի կազմակերպությանը ներգրավվելու հետ կապված:
Ուսանողների հաճախելիությունը կամ դասընթացի արդյունավետությունը` ինչը գնահատվում է յուրաքանչյուր ծրագրի ավարտին, նույնպես հուշում է որոշ փոփոխություններ: Այս պահին ունենք արդեն 10 դասընթացներից կազմված այս կուրսը, որը գրեթե անփոփոխ իրականացնում ենք արդեն 5 տարի: Այս տարի փորձելու ենք կատարողական արվեստը ներառել: Մինչ այս աշխատարանների տեսքով եղել են փորձեր և կարծես հետաքրքրությունը դրա հանդեպ նույնպես մեծանում է: Եթե փորձեմ ամփոփել, Մեդիալաբի ծրագիրը փորձարկումների, աշխատանքային խմբի և կազմակերպության ռեսուրսների, ուսանողների կարիքներից և պահանջից ձևավորված առաջարկ է, որը մշտապես ենթակա է վերանայման, մշակման և կատարելագործման:
-Ի՞նչ այլընտրանքային կրթություն է առաջարկում Մեդիալաբը, որ ուսանողը չի կարող ստանալ այլ ուսումնական հաստատություններում։
Տեսեք, այսօր Հայաստանում գործող արվեստի ուսումնական հաստատությունները ժամանակակից արվեստի կրթություն չեն տալիս։ Արվեստի՝ հատկապես հիմնականում պետական կրթական օջախների ուղղվածությունը հենց տրադիցիոն արվեստներն են։ Թեպետ,օրինակ, Գեղարվեստի ակադեմիան ունի ժամանակակից արվեստի պատմության դասընթաց, բայց որպես այդպիսին ժամանակակից արվեստի գործիքներ իրենք չեն ուսումնասիրում, և արվեստագետը ժամանակակից արվեստի հետ շփում չի ունենում։
Ինքս ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան և շատ լավ եմ պատկերացնում նման կրթություն ստացած արվեստագետի շփման դժվարությունները ժամանակակից արվեստի հետ: Տարբեր են լեզուները, մոտեցումները: Այն, ինչ քեզ սովորեցնում են ակադեմիական կրթության միջոցով, բավարար կամ առհասարակ կիրառելի չէ այս դաշտում: Այդ իմաստով՝ մենք ժամանակակից արվեստի լեզուն ենք սովորեցնում ու տալիս ենք այդ լեզուն կիրառելու միջավայր՝ ինչ է ժամանակակից արվեստը, ինչ գործիքներից է օգտվում և Հայաստանում այսօր ինչ դաշտ կա, որտեղ դու կարող ես, որպես ժամանակակից արվեստագետ, այդ գործիքները կիրառել։
Եթե արվեստի մնացած հաստատությունների դեպքում պետք է արվեստային բեքգրաունդով գաս, մեր դեպքում դա չի աշխատում։ Կարող ես շատ տարբեր ոլորտներից լինել, ու այդպես էլ լինում է հիմնականում։ Մենք աշխատում ենք թե՛ ռեժիսորների, լրագրողների, թե՛ լուսանկարիչների, թե՛ մարդկանց հետ, ովքեր հնարավոր է՝ ընդհանրապես արվեստով զբաղված չլինեն։
Նրանց տալիս ենք բազային գիտելիքները ու այդ գիտելիքները հետագայում անպայման չի, որ հենց արվեստի ոլորտում կիրառեն։ Իրենց ոլորտում այդ կապերն են ստեղծում արվեստի հետ։ Եթե մեկը թարգմանություն է անում՝ անում է այնպիսի թարգմանություն, որ արվեստային ոլորտին է սնում, մեկը լրագրությամբ է զբաղվում, դառնում է մշակութային լրագրող, մյուսը լուսանկարչության մեջ է կիրառում։ Այսինքն, գալիս են շատ տարբեր ոլորտներից, ու հետո դասընթացի արդյունքը սնում է մյուս ոլորտները։
Այդ իմաստով էլ կարևոր եմ համարում, որովհետև ժամանակակից արվեստը բազմամշակութային, դիսցիպլինար տարրը ունի իր մեջ՝ շատ տարբեր ոլորտներ է իրար կապում։ Այդ իմաստով շատ բազմազան ու յուրահատուկ է, ինչը, օրինակ, տրադիցիոն արվեստների դեպքում այնքան էլ չի աշխատում։ Ամենակարևորը, որ մենք տալիս ենք, քննադատական մտածողության խթանումն է։
-Ո՞վ է Մեդիալաբի ուսանողը, ի՞նչ է փնտրում։
Մեդիալաբի ուսանողը արվեստով հետաքրքրվող կամ արվեստով զբաղվող մեկն է, ով ինչ-որ ուրիշ մի բան է փնտրում։ Մեդիալաբ գալիս են այն մարդիկ, ում չի բավարարում արվեստի այսօրվա կրթությունը ու զգում են, որ ինչ-որ ուրիշ բանի կարիք ունեն․ գալիս են Մեդիալաբ այդ ուրիշ մի բանը ստանալու։ Երբեմն շատ չեն պատկերացնում, թե ինչ են ստանալու, բայց ամեն դեպքում էդ մի ավել բանի փնտրտուքն է, որ բերում է Մեդիալաբ։ Մեր կողմից ոչ մի սահմանափակում չկա՝ որևէ բազային գիտելիքի պահանջ, ուղղակի ձգտումն է՝ լինել արվեստի դաշտում և սովորելու մոտիվացիան։
-Մեդիալաբը նախաձեռնել է հանրային ֆինանսավորման արշավ։ Արդյո՞ք նպատակը միայն դրամահավաքն է։
Հանրային դրամահավաքի արշավը սկսելու նպատակը դպրոցի գաղափարը մի քիչ ավելի հիմնավոր դարձնելն էր։ Մինչև այդ ծրագիրն արվում էր այսպես ասած ձեռքի հետ։ Մեզ համար այն փոքր ծրագիր էր, շատ չէինք զգում կարևորությունը, թե ինչքանով է նպաստում ժամանակակից արվեստի դաշտի զարգացմանը, բայց երբ տեսնում ես, որ դա իսկապես դաշտը թարմացնող միակ կրթական ծրագիրն է մնացել, սկսում ես կարևորել։
Բացի դրանից ծրագիրն արդեն կայունացել էր և շատ պոպուլյար դարձել։ Ինձ ամեն օր մեյլեր են գալիս, թե՝ երբ եք դիմումները բացելու, որ դիմենք։ Սպասում են արվեստագետները։ Այդպես որոշեցինք ծրագիրն ավելի կայուն դարձնել՝ որպես դպրոց։
Իհարկե, դպրոց հիմնելու համար մեզ համար կարևոր է, որ կարողանանք հայերենով կրթական նյութեր ստեղծել, որպեսզի և՛ բովանդակությունը հասանելի լինի, և՛ ավելի կոնկրետ, հիմնավոր լինի կրթությունը։ Դրամահավաքը կուղղվի դպրոցի ծախսերին, ինչը ենթադրում է տարածքի վարձակալություն, դասընթացավարների հոնորարներ, ինչը մինչև այս չի եղել․ շատ փոքր գումարներով են աշխատել կամ ընդհանրապես անվճար։
Մի քանի տեխնիկական սարքեր ունենք գնելու՝ տեխնիկական բազան թարմացնելու համար։ Դրամահավաքը ուղղված էր առաջիկա տարվա ծրագրերը իրականացնելուն, մի քանի հիմնական միջոցներ ձեռք բերելուն, որոնք ավելի երկարատև կծառայեն, ինչպես ասացի՝ տեխնիկան կամ գրականությունը։ Մեզ համար կարևոր է նաև այս ծրագիրն ավելի ճանաչելի դարձնելը և նման ծրագրերի գոյությանը կարևորություն տալը։ Այսինքն՝ ճանաչելի դարձնելով, ուզում ենք խոսել, թե որքանով է ընդհանրապես կարևոր ժամանակակից արվեստի կրթությունը և այլընտրանքային կրթության այսպիսի փոքր ծրագրերը Հայաստանում՝ կրթական ընդհանուր միջավայրը զարգացնելու համար։ Որովհետև նման կրթական հաստատությունները լաբարատորիաներ են, որտեղ շատ փորձարկումների հնարավորություններ ունես, ինչը մեծ հաստատությունները չունեն։ Այդ փորձարկումների շնորհիվ կարողանում ես ինչ-որ կարևոր բան ստեղծել։ Տասը տարվա ընթացքում այդ էքսպերիմենտների արդյունքում մենք մի ծրագիր ենք դուրս բերել, որը, ինչպես տեսնում ենք, հաջողված է և միտում ունի զարգանալու։
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Մեդիալաբի հետագա գործունեությունը։ Կարո՞ղ է այս արշավը ինչ-որ բան փոխել այդ առումով։
Ընդհանրապես Ֆոկուսի գործունեությունն ուղղված է արվեստի կրթության, ինքնակրթության խնդիրներին։ Մենք երկու կրթական ծրագիր ունենք՝ մեկը Մեդիալաբն է, մյուսը՝ այլընտրանքային լուսաբանման դասընթացները, որ ավելի շատ փաստագրությանն ու լուսաբանմանն է ուղղված։ Այս երկու ծրագրերը զուգահեռ զարգացնելով, դպրոցի նախագիծը ընդլայնելով, նախագծերը իրար միացնելով՝ ավելի մեծ դպրոց ստեղծելու գաղափար ունենք։
comment.count (0)