ՈՒԵՖԱ-ի հերթական՝ 45-րդ կոնգրեսին, որին մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, ելույթ է ունեցել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Նա առաջարկել է ընդունել Սուպերլիգայի ստեղծումը դատապարտող տեքստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների ներկայացուցիչները միաձայն քվեարկել են տեքստի ընդունման օգտին:
Տեքստը ներկայացնում ենք ստորև.
«ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաները և ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի մասնակիցները դատապարտում են այսպես կոչված «Սուպերլիգայի» վերաբերյալ հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ի կոնգրեսն անդրդվելի է այն հարցում, որ փակ «Սուպերլիգան» հակասում է եվրոպական հայեցակարգին, որն է՝ միասնական, բաց, միմյանց աջակցող, սպորտային արժեքների վրա հիմնված: ՈՒԵՖԱ-ն և անդամ ասոցիացիաները հավատում են իրական եվրոպական մոդելին, որը հիմնված է բաց մրցաշարերի, սոլիդարության և միջոցների այնպիսի բաշխման վրա, որն ապահովում է ֆուտբոլ խաղի կայունությունը և զարգացումը բոլորի համար և եվրոպական արժեքների ու սոցիալական արդյունավետության խթանումը:
Դավադիր ակումբների աչքից ակնհայտորեն վրիպել է այն փաստը, որ նրանց այսօրվա կարգավիճակը ձեռք չի բերվել մեկուսացման պայմաններում։ Այն եվրոպական դինամիկ համակարգի մի մասն է, որտեղ թե՛ մեծ և թե՛ միջին ու փոքր ակումբները իրենց լուման են ունեցել բոլորի հաջողություններում և ձախողումներում։ Բոլորից առանձնանալու և բոլորի կողմից ստեղծված ժառանգությունը սեփականաշնորհելու նախաձեռնությունն անարգանք է եվրոպական, ինչպես նաև մարզական արժեքների նկատմամբ»։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ՈՒԵՖԱ-ն և իր անդամ կազմակերպությունները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, ամուր կանգնած են իրենց դիրքերում և բոլոր հնարավոր միջոցներով կպայքարեն վերոնշյալ ակումբների սեփականատերերի և նրանց հովանավորների այս քայլի դեմ.
«Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած, ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ եվրոպական ֆուտբոլի 12 լավագույնները՝ անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ը, «Արսենալ»-ը, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Մանչեսթր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը, իսպանական «Ռեալ»-ը (Մադրիդի), «Բարսելոնա»-ն ու «Ատլետիկո»-ն, ինչպես նաև իտալական «Ինտեր»-ը, «Միլան»-ն ու «Յուվենտուս»-ը հայտարարեցին, թե հիմնում են նոր մրցաշար՝ «Սուպերլիգա»։
comment.count (0)