Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
09:42 - 01 ապրիլի, 2019

Դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Շարունակվում են ՀՀ դատախազության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սկսված՝ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի ստուգումները: Այդ շրջանակում հերթական ստուգումները ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում:

Ստուգման ընթացքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարություններ: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՔԿՀ-ում տարածված է խցերում բնակվող անձանց քնելատեղերի՝ առանց համապատասխան թույլտվության վարագուրապատումը, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է արդյունավետ կատարել խցերում իրավիճակի, տեղաշարժերի դիտարկման պարտականությունը: Մի շարք խցերում և կացարաններում առկա են եղել ներքին կանոնակարգով չթույլատրված սպասքի միջոցներ, կենդանիներ, սենյակային բույսեր:

 Փոխարենը՝ պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն եղել կենցաղավարման անհրաժեշտ մի քանի պարագաներով: Իսկ ՔԿՀ-ի բաց և կիսաբաց ուղղիչ հիմնարկներում, ներքին կանոնակարգի պահանջների խախտմամբ, դատապարտյալների համար հասանելի վայրում տեղադրված չեն եղել փոստարկղեր:

 Խախտումներ են արձանագրվել պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու, բժշկական գաղտնիք պարունակող փաստաթղթերի անձեռնմխելիության ապահովման, զբոսանքի դուրս եկած անձանց ժամանակացույցերի սահմանման, առանձին դեպքում՝ կալանավորված անձանց և դատապարտյալների՝ տարբեր աշխատանքներում ներգրավման պայմանների, ինչպես նաև այդ աշխատանքների կատարման և որակի նկատմասմբ վերահսկողության, դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության ընթացակարգերի, ՔԿՀ-ում պահվող անձանց կողմից հեռախոսազանգերի պատշաճ արձանագրման հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվել «Արթիկ» ՔԿՀ-ում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը: Այս ոլորտի խախտումները կապված են եղել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հերթապահության սահմանման և դրա նկատմամբ վերահսկողության հետ: Պարզվել է, որ ՔԿՀ-ում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ համապատասխան ժամանակացույց առկա չէ, և ՔԿՀ-ում պահվող անձինք, ըստ էության, տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտություններ չեն անցել:

Ստուգման առարկա են դարձել նաև դատապարտյալների ուղղման համար նախատեսված աշխատանքների իրականացման, բացասական վարքագծի հակումներ ունեցող դատապարտյալների հաշվառման գործընթացները: Պարզվել է, որ հիմնական խնդիրներ կապված են եղել ուղղիչ հիմնարկ տեղաբաշխված դատապարտյալների հետ նախնական փուլում ուղղման աշխատանքների համար նախատեսված պայմանների պահպանման, պատժի սկզբից որպես փախուստի հակում ունեցող հաշվառված անձանց այդ կարգավիճակից հանելու գործընթացի պատշաճ կազմակերպման հետ:

Բացի այդ՝ առանձին դաժանությամբ կամ բռնությամբ հանցագործություն կատարած առանձին դատապարտյալներ չեն հաշվառվել որպես ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը հնարավորություն կտար նրանց հետ համապատասխան սոցիալ-հոգաբանական աշխատանքներ տանել:

 Արձանագրված բոլոր խախատումները մանրամասն քննարկվել են ՔԿՀ վարչակազմի ղեկավարության հետ: Դրանց մեծ մասը վերացվել է հենց ստուգման ընթացքում, իսկ մյուսները, որոնց վերացման համար որոշակի ժամանակ է պահանջվում, ՔԿՀ-ի վարչակազմը պարտավորվել է իրականացնել սեղմ ժամկետներում և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել