armenpress.am: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: Այս մասին նախագծի ներկայացման ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը:
«Կարևոր մի դրույթ` էապես նվազեցվելու է ԱԺ պատգամավորների ավելացման հնարավորությունը: Սահմանադրությամբ նախատեսված է նվազագույն թիվ` 101 պատգամավոր + 4 պատգամավոր ազգային փոքրամասնություններից, հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:
comment.count (0)