Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար. Ա. Նաղդալյան
18:00 - 07 մայիսի, 2021

Գերիների ազատ արձակման հարցում ուժեղացող միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար. Ա. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է մի շարք լրատվականների հարցերին, որը ներկայացնում ենք ստորև.

- Ինչպե՞ս կմեկնաբանեք գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությունը և միջազգային գործընկերների արձագանքները: Որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ: Կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:

- Հայաստանը ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝  2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց:

Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող մեղադրանքները՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ:

- Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:

Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել