azatutyun.am։ Անդրանիկ Գրիգորյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության նոր նախագահ, Նարինե Դիլբարյանը՝ փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ընտրությունները կայացել են երեկ կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում:
Կիրակի օրը ավելի վաղ տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել են 112 պատվիրակներ:
Կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվել է «Ժառանգության» գործունեության մասին պատմող տեսահոլովակ:
Կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական և կազմակերպչական գործունեության հնարավորությունները, ինչպես նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռևս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջև, ասված է հաղորդագրությունում:
Հովսեփ Խուրշուդյանը և Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին են ներկայացրել ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում տեղի ունեցած հասարակական-քաղաքական և իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձևին և այլն): Կուսակցության համագումարը հավանություն է տվել ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:
comment.count (0)