Ձերբակալված դատավորը անօրինական է որակում տեղի ունեցածը. պաշտպան |azatutyun.am|
13:25 - 30 մարտի, 2019

Ձերբակալված դատավորը անօրինական է որակում տեղի ունեցածը. պաշտպան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալված դատավոր Գագիկ Հեբոյանը անօրինական է որակում տեղի ունեցածը, «Ազատությանը» փոխանցեց Հեբոյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Առանձնապես խոշոր չափի գումար ստանալու մեջ մեղադրվող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտպանն ասում է, որ փաստաբան Վահագն Դանիելյանը պարզապես իր պարտքն է վերադարձրել դատավորին։

«Ընդամենը փաստաբանը իրեն փոխանցել է Նոր տարուց առաջ՝ դեկտեմբեր ամսին փոխառությամբ իրենից վերցրած գումարի մի մասը։ Փոխառությամբ տվել է 3000 դոլար, իրեն էդ օրը տվել է 2 հազար 400։ Փաստաբանը էդ օրը վերադարձրել է իր գումարի մի մասը», - նշեց Գրիգորյանը։

Դատավորի փաստաբանն ասաց, որ փաստաբան Վահագն Դանիելյանն այժմ որոնվում է իրավապահների կողմից։

Գրիգորյանը հայտնեց, որ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու Հեբոյանին։

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։

Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, ինչից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է: ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինին օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել