ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել հանրակրթական դպրոցներից մեկում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ
16:42 - 10 հոկտեմբերի, 2024

ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել հանրակրթական դպրոցներից մեկում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:

Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին՝ ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով, հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը: Գոռ Աբրահամայանը հայտնել է, որ քննիչը կայացրել է աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է։ Այս պահին այդ անձի հետ կատարվում են քննչական գործողություններ։ Այլ տեղեկություն նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել