Մոտ 500-600 ադրբեջանցի զինվորականներ դեռևս գտնվում են ՀՀ տարածքում․ Նիկոլ Փաշինյան
11:18 - 20 մայիսի, 2021

Մոտ 500-600 ադրբեջանցի զինվորականներ դեռևս գտնվում են ՀՀ տարածքում․ Նիկոլ Փաշինյան

Կարող եմ արձանագրել, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մոտավորապես 500-600 հոգի տարբեր հատվածներում։ Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս հայտնեց, որ հայկական ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է․ առաջինը թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալը անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար, և երկրորդը հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը։

«Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է այն, որ այսօր Կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թափուր է, որովհետև մեր ԱԳՆ գործընկերները օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։ Այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են աշխատանք տանում դիվանագիտության ուղղությամբ, այլ մեր ՊՆ-ն, փոխվարչապետերը դիվանագիտական աշխատանք են տանում։ Համարում եմ այն հաջողված, որովհետև մեր և մեր միջազգային գործընկներների դիրքորոշումները ըստ էության նույնական են՝ այն է Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել