aysor.am: Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին։
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ:
Նրա խոսքով՝ վերոնշյալ պարգևատրման ֆոնդը բավարար չէ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար:
Նշվում է, թե հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության ծրագրերի գերակա խնդիրներում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիայի իսպառ վերացումը, իսկ այդ նպատակին հասնելու կարևորագույն գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը, ապա աշխատակիցների նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կոմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը, կիրառվող հսկողական գործիքների և վերլուծական գործիքակազմի կիրառության արդյունավետության բարձրացմանը, ռիսկերի համակարգերի կատարելագործմանը՝ ապահովելով հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցության ավելացում, ստուգումների քանակի կրճատում և ստուգումների արդյունավետության բարձրացում:
«Մենք պետք է հասկանանք, որ պետական ծառայության վարկանիշը պետք է լինի բարձր, ու մենք պետք է կարողանանք այն գրավիչ դարձնել, ու որ խոսում ենք վարձատրությունների այսպիսի համակարգի ձգտելու մասին, սա առանձին վերցրած պաշտոնյաների բարեկեցության հարցը չէ, սա հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելու մասին է, ու մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, թե տեղյակ է, որ մաքսային աշխատողը ստանում է 160 հազար դրամ։
«Ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե չի կարծում, որ այս ձևով կարող են պայքարել կոռուպցիայի դեմ։
«Որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրները», - ասաց նա։
Նախարարն ասաց, թե պետք է մի փոքր վերապահումով մոտենալ այս հարցին։
«Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, ու միայն այն, որ ՊԵԿ-ը 2018 թվականին ունեցել է երկու անգամ ավելի բարձր հնարավորություն, քան հիմա է բյուջեով նախատեսված, մեր կարծիքով, բավարար չէ, որ հիմա ընդունենք այսպիսի որոշում ու ասենք՝ քանի որ միջոցները չեն բավարարում խրախուսումները նույն մակարդակի պահելու համար, ինչ որ եղել է 2018-ին, եկեք ավելացնենք միջոցները», - նշեց Ջանջուղազյանը։
«Եթե մենք միայն խրախուսման չափը բարձարացելու ամսին ենք մտածում, ռիսկ կա, որ դա իր նպատակին կարող է ծառայել նույնքան, ինչքան 27 տարի։ Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչը ակնկալվում է», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Տեսակետ հայտնեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների նախարար Տիգրան Խաչատրյանը, որը նշեց, թե համաձայն է Ֆինանսների նախարարի հետ։
«Պարոն Ջանջուղազյանը ճիշտ է, որ մենք պետք է ընդհանուր լուծում գտնենք, պարոն Անանյանն էլ ճիշտ է, որ քանի դեռ լուծում չենք գտել, պետք է ընդառաջենք համակարգին, որ կարողանան պահել որակյալ աշխատողներին», - ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այն, ինչ հնչեց այսօր, բոլորը ճիշտ էին, պարզապես հարցն այն է, թե ինչ հերթականությամբ դրանք պետք է իրականացնել։
«Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում՝ չես կանգնեցնի», - ասաց Փաշինյանը։
«Իսկ սա վերջ ունենալո՞ւ է», - ասաց նախարարը։
Երկար քննարկումից հետո հարցը դրվեց քվեարկության. դեմ էին Ատոմ Ջանջուղազյնն ու Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։ Այնուամենայնիվ, հարցն ընդունվեց։
comment.count (0)