Քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում պետք է ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված. Խաչիկ Նազարյան
18:09 - 21 մայիսի, 2021

Քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում պետք է ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված. Խաչիկ Նազարյան

ՀՀ Կառավարությունն այս տարվա մայիսի 13-ի որոշմամբ վերանայեց գիտաշխատողների բազային աշխատավարձերը։ Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն յուրաքանչյուր տարի կազմելու է, համապատասխանաբար, մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Այս որոշումից հետո «Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարությամբ հանդես եկավ և, դրական համարելով կառվարության որոշումը, այնուամենայնիվ, այն կիսաքայլ անվանեց։

 

Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը դրական, բայց բացարձակապես ոչ բավարար քայլ է 

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, «VMware» ընկերության ինժեներական տնօրեն Խաչիկ Նազարյանն ասում է, որ «Գիտուժ»-ի հայտարարությունից հետո իրենք որոշակի «նեղացածություն» են զգացել կառավարության կողմից․ «Իմիջիայլոց, դա մշտական բնույթ է կրում, երբ արձագանքում են, որևէ հարց լուծում են, սպասում են, որ մենք պիտի ասենք՝ վա՜յ, շատ ապրեք, շնորհակալություն, ի՜նչ լավ է, որ արեցիք այս ամեն ինչը, բայց այդպես չի։ Եթե, իհարկե, այդպիսի մտքեր ունեցողներ կան, ցավում եմ, որ իրենք իրենց աշխատանքը կատարելու համար սպասում են հատուկ շնորհակալության»։

Նազարյանն ընդգծում է, որ քայլը դրական, բայց ոչ բավարար են համարում․ «Իհարկե, շնորհակալ ենք երևույթի առումով։ Կա դրական տեղաշարժ․ դրական ենք համարում  և՛ երկու միլիարդի ավելացումը, և՛ հատկապես աշխատավարձի ավելացումը։ Խիստ կասկածում եմ, որ որևէ բան կարվեր, եթե չլինեին «Գիտուժ» նախաձեռնության և հասարակության այլ շերտերի բարձրացրած մեծ աղմուկը, ճնշումը։ Այնպես որ, այլ հարց է, թե որտեղ է պետք ուղղել շնորհակալությունը։ Եթե դրան են սպասում, ես դեմ չեմ շնորհակալություն հայտնել և եռապատիկ դրական արձագանքել, ինձ համար խնդիր չի, եթե դա իրենց էգոն կշոյի, և նրանք ավելի լավ կանեն այն, ինչ անում են»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ բազային աշխատավարձերը սկսելու են բարձրանալ հաջորդ տարվանից՝ ընդգծելով, որ այստեղ նկատվում է հապաղում. «Նախ, պարզ մաթեմատիկական հաշվարկ անելով` մի կողմից ասում ենք՝ ժողովուրդ ջան, նայեք տարիքային շեմը, նայեք` ամեն տարի ինչ ներհոսք կա գիտական համայնք, ինչքան արտահոսք կա։ Պարզ հաշվարկ է, գրաֆիկը նկարեք, նայեք, որ մոտ հինգ տարուց անդառնալի վիճակում կհայտնվեք։ Դուք առաջարկում եք աշխատավարձերի բարձրացումը նույնիսկ ոչ այս տարվանից, հաջորդ տարվանից ու մի հատ էլ ձգում եք մինչև 2025 թվական։ Կարող է`մի քիչ սարկազմ դառնա, բայց գուցե միամիտ ստացվի, որ արդյունքում բյուջեից նույն գումարը դուրս գա։ Չեմ ուզում ավելի խորանալ, թե ինչու, բայց երբ բացասական սալդոն (մնացորդ) ի վնաս գիտական ներուժի է, կարող է պարզվի, որ այդքան մարդ չկա այնտեղ, որ այդքան աշխատավարձ ստանա։  Չենք հասկանում, թե ինչու ոչ այս տարի, որովհետև մենք շեշտում ենք դրա կարևորությունը, քայլերի շեշտակիության անհրաժեշտությունը, սակայն այնտեղ տեսնում ենք հապաղում»։

Նրա խոսքով՝ 30 տարի այս բնագավառում ոչինչ տեղի չի ունեցել, և շատ դժվար է այս իներցիան կոտրելը. «Եթե չեմ սխալվում, վերջին 10 տարում աշխատավարձերը չեն վերանայվել։ Մյուս տարի, կարծես, կրկնապատվում են ու, ի վերջո, 2025 թ. արդեն 1000 դոլար են դառնում։ Այդպիսի թվեր են արտասանվում, դա հնչում է այնքան աննախադեպ, որ անողը ասում է՝ ես արեցի, ես հերոս եմ, ես դրոշ եմ վառել, բայց խնդիրը այնքան  խորն է, որ պետք է ստիպված ավելի շեշտակի քայլեր անել»։

Ըստ Խաչիկ Նազարյանի՝ եթե մի ուղղությամբ ներդրում է արվում, իսկ մնացած ուղղությունները բաց են թողնվում, արվածը կարող է նույնիսկ բացասական հետևանք ունենալ. «Ինչու՞։ Որովհետև նման քայլ ես անում, որը երբեք չի արվել, աննախադեպ է, արդյունքում գիտությունից սպասելիքներն էլ լինում են նմանատիպ։ Տպավորություն է ստեղծվում, որ արվեց քայլը, շուտով, չգիտես ինչպես, անիվը պտտվելու է, ու չգիտես ինչ «բումեր» են լինելու։ Բայց քանի որ մյուս ուղղությունների վրա քո ուշադրությունը այդքան մեծ չի, ենթակառուցվածքների հարցով մեծ չի, հայրենադարձության մասով ոչինչ չես անում, ապա սպասելիքներդ չեն արդարանալու։ Հետո նորից հետ ես գալու, ասես՝ դե ասում էինք, չէ՞, որ ներդրում անելը անիմաստ է, գիտնականները կոֆե խմեցին, կերան այդ փողը և այլն։ Դա շատ ավելի ծանր հետևանք է թողնում, որովհետև երբ սպասելիքները չեն արդարանում, առաջանում է հիասթափություն, ու հետագա ներդրումները պարզապես բլոկ ես անում»։

 

Քաղաքական ուժերն այլևս իրավունք չունեն անտեսել կամ երկրորդայնացնել գիտությունը

Խաչիկ Նազարյանի խոսքով՝ կառավարության այս որոշումը կապ ունի նաև հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ. «Մեզ հետաքրքրում է, որ գործն արվի, թե ինչ պատճառով է արվում, ինչ մոտիվացիայով է արվում, քարը իրենց գլուխը։ Հաշվի առնելով, թե ինչ են արել ու ինչպես են արել, ակնհայտ է, որ ամբողջությամբ չեն հասկանում խնդիրը»: 

Նազարյանն ասում է՝ յուրաքանչյուր ուժ, որը քաղաքական հայտ է ներկայացնում, պետք է իր ծրագրում գիտությանը վերաբերող առանձին բաժին ունենա. «Ցանկացած մարդ, որը քաղաքական հայտ կներկայացնի, պետք է անգիր իմանա, որ իր հետևից կա շատ ազատ, ինքնուրույն հանրային շերտ, որը հետևում ու հետևելու է գիտության վերաբերյալ իր ամեն քայլին։ Քաղաքական ուժերը իրենց ծրագրում պետք է անպայման ունենան գիտությանը վերաբերող առանձին բաժին, որտեղ  իրատեսական ու ամբիցիոզ ծրագրեր կլինեն շարադրված։ Ինչքանով են դրանք հետո իրականանալու` ժամանակը ցույց կտա, դրան կհետևենք, բայց մինիմումն այն է, որ դա լինի ծրագրում։ Մենք ամեն բան կանենք, որ ծրագրային այդ կետերը հրապարակային քննադատվեն կամ, հակառակը, գովաբանվեն։ Հուսով եմ՝ իրենք մեզ հետ հրապարակային կխոսեն, որպեսզի մենք դա հանրայնացնենք»։

«Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ գիտությունը՝ որպես առանձին կոմպոնենտ, հասարակության շրջանում պետք է կարևորվի. «Շարունակելու ենք նույն ձևով ընդլայնել, այնպես անել, որ մարդկանց պատահաբար կանգնեցնես ու հարցնես՝ այս երկրում ինչ արմատական խնդիր կա, որը պետք է լուծել, գիտությունը որպես առանձին կոմպոնենտ հայտնվի իրենց ցուցակում։ Կուզեի, որ թոփ եռյակում հայտնվի, բայց եթե հայտնվի հնգյակում, տասնյակում, նույնպես գոհ կլինեմ։ Ոչ թե ստանդարտ բառակապակցությունը՝ կրթություն և գիտություն, որտեղ շեշտադրումը ակնհայտորեն կրթության վրա է, ու գիտության մասին հստակ պատկերացում չկա, այլ գիտությունը առանձին  շեշտադրումով լինի յուրաքանչյուր երկրորդի ցուցակում»։

 

Գիտության մեջ ներդրումը ապագայի մեջ ներդրում է

Անդրադառնալով կառավարության` այս տարվա ապրիլի 8-ի որոշմանը, որով գիտության ֆինանսավորումը ավելացավ 2.78 միլիարդով, Նազարյանը շեշտում է, որ ֆինանսավորումը, ըստ էության, 2 միլիարդով է ավելացել, քանի որ 780 միլիոնը նախկինում կրճատված գումարն էր. «Իհարկե, կարևոր ու դրական քայլ է հերթական անգամ։ Ծրագրեր կան, որ 5 տարով են հայտարարվել, դա շատ է ուրախացնում մեզ։ Ժամկետների առումով լավ ճշգրտում տեսա։ Տեսա, որ բավականին թանկարժեք գործիքներ են գնվել, ենթակառուցվածքային իմաստով էլի շատ կարևոր էր, բայց  գումարի չափը դարձյալ շատ փոքր է»։

Նրա խոսքով՝ հատկացված գումարը արդյունավետորեն է ծախսվում. «Արդյունավետության առումով հենց իրենք են ֆիքսել, որ նախորդ տարվա նմանատիպ նախաձեռնությունները համարվել են շատ արդյունավետ, մենք էլ ենք համարում, որ շատ արդյունավետ է եղել։ Այսինքն՝ արդյունավետ ծախսելու խնդիր չկա։ Հենց հիմա թող նայեն, թե նախագծերին քանի հոգի է ներկայացրել առաջարկ, հանձնաժողովները քանի նախագիծ են ֆինանսավորման արժանի համարել, և արդյունքում քանիսն է ֆինանսավորվել։ Դրանից պարզ կլինի, թե քանի  նախագիծ էր լավը ու ֆինանսավորման արժանի, բայց գումար չլինելու պատճառով չֆինանսավորվեց»,-ասում է նա՝ հավելելով, սակայն, որ կառավարության այս քայլը նույնպես համակարգային ու ռազմավարական չի համարում։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք պետությունը ունի՞ ավելի մեծ գումար հատկացնելու պոտենցիալ, «Գիտուժ» նախաձեռնության անդամն ասում է, որ խնդիրը պետք է առաջնահերթության կոնտեքստում դիտարկել. «Նախ, պետք է ասել, որ բացարձակ արժեքով շատ փոքր գումարի մասին է խոսքը։ Մեր բյուջեն 26 միլիոն դոլար է (գիտությանը հատկացվող բյուջեն, խմբ․)։ Պատկերացնում ե՞ք՝  հատկացվածը ինչ կարգի փոքր գումար է։ Այստեղ պետք է առաջնահերթության կոնտեքստում խոսել, գումարը միշտ է քիչ, բայց զրո չի, հարցն այն է, թե առաջնահերթությունը ինչին ես տալիս։ Թող առաջնահերթությունը տան գիտությանը, հետո կխոսենք գումար լինելուց կամ չլինելուց»։

Նազարյանի խոսքով՝ եղածը ավելացնելու միակ տարբերակը ապագայի մեջ ներդրում կատարելն է.  «Եթե այսօր դու քո ունեցած գումարը ուղղում ես միայն սոցիալականին, միայն կարճաժամկետին, դու վաղը էլ չունես, որ այդտեղ դնես։ Մի ճանապարհ կա, որ քո ունեցածը շատանա՝  ներդնել ապագայի մեջ։ Մենք չենք ասում` այստեղից կտրիր, այնտեղ դիր, ասում ենք՝ հասկացիր, որ եթե չներդնես ապագայի մեջ, դու հենց քո կարևորածը չես կարողանալու անել»։

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել