Որոշ գրավատներ գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ. Հայկ Գեւորգյան |news.am|
06:16 - 10 ապրիլի, 2019

Որոշ գրավատներ գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ. Հայկ Գեւորգյան |news.am|

news.am: Ամբողջ տարվա ընթացքում գրավատների ու փոխանակման կետերի վճարած հարկերը անտրամաբանական ցածր են։ Այս մասին  ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքը 60 անգամ ավելացնող օրինագիծը։

«Գրավատների եւ փոխանակման կետերի հետ կապված տարակարծություններ կան, որ միանգամից տուրքը բարձրացվում է 60 անգամ։ Այստեղ կառավարությունը պետք է դեռ ներկայացնի հիմնավորումներ, սակայն այն ցուցանիշները, որ ապահովել են գրավատները, ինձ մոտ տարակուսանք են առաջացնում։ Ամբողջ տարվա ընթացքում նրանց վճարած հարկերը անտրամաբանական ցածր են, այսինքն՝ գործ ունենք ստվերի հետ»,- նշեց նա։

Պատգամավորը սրանք չի համարում բիզնես ուղղություններ՝ նկատի առնելով, որ ավելացած արժեք չեն ստեղծում․ «Դա որպես բիզնես ընկալել, ու այդ բիզնեսի զարգացման վրա ռեսուրսներ ծախսել... Ես չեմ համարում, որ գրավատունը բիզնես է, ինձ համար բիզնեսը ավելացված արժեք ստեղծող բան է, չեմ կարծում, որ գրավատներն ավելացված արժեք են ստեղծում»։

Դիտարկմանը, որ 60 անգամ տուրքի բարձրացման դեպքում գրավատները կարող են փակվել,  նա նշեց, որ եթե այդպես էլ մնան, վաղ թե ուշ փակվելու են. «Նույն գործունեությամբ զբաղվում են բանկերը, որոնք շատ ավելի մոբիլ են, շատ ավելի արդյունավետ են աշխատում, ավելի վստահելի են։ Եթե մենք ոչինչ էլ չանենք, գրավատներին ստվերից բերենք սպիտակ դաշտ, չեն դիմանա»։

Բացի այդ՝ Հայկ Գեւորգյանը հայտնեց, որ ըստ որոշ տեղեկությունների՝ որոշ գրավատներ վերահսկում են տարակուսելի անձինք. «Կան տեղեկություններ, որ որոշ գրավատներ այնքան էլ օրենքի սահմաններում չեն գործում, չեմ ուզում պնդումներ անել, բայց գտնվում են շատ տարակուսելի անձանց վերահսկողության տակ։ Օրենքի դաշտ բերել նշանակում է խստագույն վերահսկողություն, իսկ այդ պայմաններին բավարարում են բանկերը։ Ես ձեռնպահ կմնամ կանխակալ կարծիք հայտնելուց, խնդիրն ամբողջությամբ պետք է ուսումնասիրենք, նոր կհասկանանք՝ ինչ ենք անում»։

Պատգամավորի համար տարակուսելի է, թե ինչու են քիչ եկամուտներով բիզնես անում. «Գրավատների վերաբերյալ վիճակագրությունը նայելուց, ըստ պաշտոնական շրջանառությունը, եկամուտները հաշվարկելուց գրավատան տերը ամսական, մոտավորապես, 300 հազարի եկամուտ է ունենում։ Ինձ դա այդքան էլ վստահելի չի թվում։ Այս բիզնեսի տակ մտնել այդքան քիչ եկամուտով... վստահելի չեն տվյալները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել