Մեզ ասում են՝ բանակցային գործընթացը մտցրել ենք փակուղի։ Մենք ոչ թե մտցրել ենք փակուղի, այլ փակուղային վիճակում ստացել ենք բանակցային գործընթացը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ առաջիկա ընտրությունների վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչու, որովհետև 2018թ․ արդեն Սերժ Սարգսյանը արձանագրել է, որ Ադրբեջանի ակնկալիքները այդ բանակցություններից անիրատեսական և անընդունելի են մեզ համար։ Եվ հետևաբար պատերազմը կանխելու ձևը ո՞րն էր․ ընդունել անիրատեսական և անընդունելի պայմանները։ Շատ լավ, ինչ-որ առումով, ինչ-որ բանաձևով կարելի էր ասել՝ այո, գնայիք, ընդունեիք։ Բայց այդ հարցի պատասխանն էլ է տվել Սարգսյանը՝ ասելով 2017թ․ կա 2016թ․ հարցազրույցում, որ հայկական կողմը ասել է, որ Հայասատնը վերադարձնում է, թողնում է Ադրբեջանին 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջարկում էր նորանոր պահանջներ։ Էս ա օբյեկտիվ իրականությունը, որ առաջին հերթին պետք է արձանագրել, որ չի եղել էդ խաղաղ կարգավորման հնարավաորությունը, և մենք ենք մեղավոր, որ չի եղել, որովհետև մենք Ադրբեջանին տվել ենք հնարավորություն ամեն անգամ մեծացնել իր պահանջները, որովհետև 98թ․-ից Հայաստանում արվել են դավաճանական դիվանագիտական սխալներ։ 98թ․-ին Ղարաբաղը դուրս է թողնվել բանակցային գործընթացից»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը ասաց, թե մարդիկ հույս ունեն, թե ժողովուրդը հիշողություն չունի, արխիվ չունի, ջնջվել է ամեն ինչ։ Նրա խոսքով՝ ասում են՝ իր ասածից՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հետո, սա դարձավ Հայաստանի և Ադրբեջանի մեջ տարածքային վեճ։
«Դա դարձավ նրա արդյունքում, երբ 1998թ․-ին Ղարաբաղը դուրս թողնվեց բանակցությունների սեղանից, և բանակցությունների մեջ մտան Հայաստանը և Ադրբեջանը Ղարաբաղի համար։ Մարդիկ ասացին՝ երկու երկիր վեճ ունեն։ Հետո ասացին՝ տարածքային վեճը տարածքների փոխանակումով լուծեն․ Մեղրին տվեք, Ղարաբաղը վերցրեք։ Եվ հետևաբար այդ պահին, երբ էդ հարցը քննարկվել է, Հայաստանի իշխանությունը էդ պահին Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Եվ որովհետև եթե դու քո տարածքից տալիս ես, ասում ես՝ եկեք, տարածքի փոխանակում անենք, որ Ղարաբաղը վերցնես, նշանակում է՝ ընդունում ես, որ Ղարաբաղն իր տարածքն է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ասում են, թե ինքը Մեղրի եմ տալիս, ես Մեղրիով միջանցք եմ տալիս․ Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998թ․-ին։
«Նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մեր ԶՈՒ ԳՇ պետն ասում էր՝ ստորագրի այդ թուղթը հենց այդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, և այդ պահին մարդիկ են եղել ներկա»,- նշեց նա։
comment.count (0)