Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ
 |factor.am|

Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի․ ՔԿ |factor.am|

factor.am: Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել մեկ անձի` Քրեական օրենսգրքի 329 -րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ առևերույթ կատարելու համար, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելու հոդվածով, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնեց, որ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ ՔԿ խոսնակը նաև հայտնեց, որ գործով անցնող մյուս անձինք ազատ են արձակվել։ Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել, 7 հոգի ձերբակալվել էր։ Հիշեցնենք` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ԱԺԲ-ի անդամները, տեսնելով Աննա Հակոբյանին, վանկարկել էին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք»։
16:38 - 29 ապրիլի, 2024
Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև վկայում է պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին. ՌԴ փոխարտգործնախարար
 |aysor.am|

Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև վկայում է պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին. ՌԴ փոխարտգործնախարար |aysor.am|

aysor.am: Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանը համարժեք կգնահատի երկկողմ գործընկերության կարևորությունը, այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք մեծ հույս ունենք, որ Երևանը համարժեք կգնահատի ռուս-հայկական գործընկերության կարևորությունը, և դրանք կբխեն առաջին հերթին այն ամուր, դարավոր կապերից, որոնք միավորում են Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին», - ասել է նա։  Խոսելով ռուս-հայկական հարաբերությունների մասին՝ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ ելել է նրանից, որ բարդ հարցերը լուծելու է պրոֆեսիոնալ մակարդակով, դիվանագիտական ​​ուղիներով։ «Բայց, ցավոք, հայկական կողմից մենք տեսանք Ռուսաստանի նկատմամբ հասարակական ոչ բարյացակամ հռետորաբանության ակտիվացում, ինչի արդյունքում մենք ստիպված եղանք սեպտեմեբրի 25-ին հրապարակել հայտարարությունը, այսինքն՝ այս հակասությունը հանրային տարածք տեղափոխեցինք միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանի հակառուսական հռետորաբանության ինտենսիվությունը սկսեց մասշտաբներից դուրս գալ», - հավելել է նա։ «Չեմ ուզում այստեղ մեջբերել մեր բոլոր փաստարկները, որոնք վկայում են պաշտոնական Երևանի անբարյացակամ պահվածքի մասին, բայց միայն հիշեցնեմ այնպիսի քայլերի մասին, ինչպիսին է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, այնպիսի հանդուգն քայլեր, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի կնոջ այցը Կիև և շփումը Զելենսկու հետ, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի շփումը ուկրաինացի գործընկերոջ հետ։ Վերջերս Երևան են եկել տարբեր հյուրեր Եվրոպայից, որոնք նաև օգտագործել են Երևանը որպես հարթակ՝ տարբեր հակառուսական հայտարարությունների համար», - նշել է Գալուզինը։
11:30 - 09 հոկտեմբերի, 2023
Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը  հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Կիևում ապրող հայերը, այլև մայրաքաղաք էին եկել Օդեսայի, Դնեպրի, Չերկասի, Կիրովագրադի, Սումի, Խմելնիցկի, Չերնիգովի մարզերից, Կրիվոյ Ռոգ քաղաքից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, տիկինը զրույցը նախ երեխաների հետ է սկսել, նշել, որ այս հանդիպմանը երկար է սպասել։ Աննա Հակոբյանը հետաքրքվել է նրանց զբաղմունքներից և թե ինչպե՞ս են հաղթահարում պատերազմական օրերը: Հայ երեխաներին ավելի շատ հետաքրքրում էր Հայաստանի կյանքը, թե ինչով են զբաղվում Հայաստանում ապրող երեխաները: Անդրադառնալով երեխաների այն հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգային իրավիճակին, Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ևս բարդ իրավիճակ է, իհարկե ոչ այն մակարդակի, որքան Ուկրաինայում է, միևնույն ժամանակ վստահեցրել` Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամենը` խաղաղություն հաստատելու համար: Երեխաները հետաքրքրվել են նաև, թե ինչ են անում Հայաստանում՝ Ուկրաինայի հետ հարաբերությունները սերտացնելու համար, վարչապետի տիկինը պատասխանել է՝ հենց դրա համար է այսօր Կիևում։ Երեխաները նշել են, որ շատ են ցանկանում Հայաստան գալ, շատերին հետաքրքրում է մեր երկրի բնությունը, մշակութային կոթողները։ Երեխաներից շատերը Հայաստանում եղել են, բայց կրկին վերադառնալու ցանկությունը մեծ է։ Նրանք Աննա Հակոբյանին պատմել են, թե ինչ մասնագիտական կողմնորոշումներ ունեն, վարչապետի տիկինն էլ նրանց առաջարկել է գալ և Հայաստանում ստանալ ցանկալի կրթությունը, լավ մասնագետ դառնալ։ Ներկա ծնողներից շատերը նշել են, որ երեխաներին անպայման տանելու են շաբաթօրյա հայկական դպրոց, որպեսզի հայոց լեզուն միշտ կիրառեն։ Վարչապետի տիկինը գնահատել է ծնողների որոշումը, վստահեցրել, որ մայրենի լեզուն իմանալը շատ կարևոր է այսօր Սփյուռքի հայրենակիցների ու հայ ժողովրդի համար։ Բոլոր ներկաները՝ մեծերն ու փոքրերը, վստահեցրել են, որ անհամբեր սպասում են կրկին Հայաստան մեկնելու հնարավորությանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ երեխաներին կոչ է արել ապագայում մտածել Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին: Օդեսայից եկած հայ մանուկները երաժշտական համար էին պատրաստել, երեխաները Աննա Հակոբյանի համար նաև իրենց նկարած նկարներն ու ձեռքի աշխատանքներ էին բերել։ Աննա Հակոբյանը հայ մանուկներին է փոխանցել Հայաստանի կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը (սմարթֆոններ, համակարգիչներ)։ Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետի տիկնոջը հանդիպումը կազմակերպելու համար, վստահեցրել, որ Ուկրաինայում ապրող հայերը երկար տարիներ սպասել են այս հանդիպմանը։ Աննա Հակոբյանը ընդգծել է կայուն խախաղության հասնելու կարևորությունը՝ Հայաստանում, Ուկրաինայում, աշխարհի մյուս երկրներում։ Վստահեցրել, որ հանդիպումից գնում է մեծ տպավորություններով ու սիրով։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ, զրուցել մի շարք թեմաներից: Դեսպանության երկարամյա աշկատակիցները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար, ընդգծել, որ առաջին անգամ է դեսպանությունում նման ֆորմատով հանդիպում կազմակերպվում։ Դեսպանության շենքում նախատեսված էր նաև ուկրաինաբնակ անվանի հայեր` ռեժիսոր Ռոման Բալայանի և նկարիչ Բորիս Եղիազարյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Չերկասի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը, Լվովի մարզում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը:
12:38 - 08 սեպտեմբերի, 2023
Աննա Հակոբյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը

Աննա Հակոբյանը հանդիպել է Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը՝ Օլենա Զելենսկային։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից։ Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը երեկ մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք և մասնակցել Առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթնաժողովին։ Թեև գագաթնաժողովի թեման հոգեկան առողջությունն է, այնուամենայնիվ Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է նաև Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով այնտեղ գտնվող 30 հազար երեխաների իրավունքներին։ «Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։
11:56 - 07 սեպտեմբերի, 2023
ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում

ԼՂ-ում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սննդի պակասից. Աննա Հակոբյանի ելույթը Կիևում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը պատվիրակությունները այցելել են «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, որտեղ ոգեկոչման արարողություն է անցկացվել։ Ի հիշատակ պատերազմում զոհված երեխաների, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մյուս պատվիրակությունների ղեկավարների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել նահատակված մանուկներին՝ խորհրդանշական փափուկ խաղալիք դնելով երեխաների ոգեկոչման վայրում։ Գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկից հետո ելույթով է հանդես եկել Աննա Հակոբյանը։ «Մենք վերադառնում ենք «Երեխաների նահատակություն» ցուցահանդեսից, որտեղ մենք ոգեկոչեցինք 2022 թ-ի փետրվարի 24-ից մինչ այժմ Ուկրաինայում նահատակված երեխաների հիշատակը։ Երբ ես մտորում եմ այն հարցի մասին, թե ապագան ինչ է պատրաստել իմ երեխաների, իմ երկրի երեխաների և աշխարհի երեխաների համար, ամենաշատը ես մտածում եմ այն երեխաների մասին, որոնք այլևս ապագա չունեն, որոնք մնացին անցյալում և ում հիշատակը մենք հենց նոր ոգեկոչեցինք։ Կարծում եմ մենք՝ մեծահասկաներս, ժամանակին մեր առավելագույնը չենք արել, որպեսզի ապագան «չպատրաստեր» կյանքի այսպիսի ավարտ նրանց համար։ Այս երեխաների համար ես ինձ չափազանց մեղավոր եմ զգում։ Ես շատ մեղավոր եմ զգում աշխարհի այն բոլոր երեխաների համար, ովքեր նահատակվել են տարբեր պատերազմենրում, անկախ նրանից, թե որ երկրում են նրանք սպանվել, առանց ռասսայական, գույնի, կրոնական կամ սոցիալական ծագման խտրականության»,- ասել է նա։ Ըստ վարչապետի տիկնոջ` նորմալ չէ 21-րդ դարում ունենալ «Նահատակ մանուկներ»-ի ցուցահանդես, նորմալ չէ, երբ երեխաները սպիեր են ունենում ռմբակոծության արդյունքում։ Աննա Հակոբյանի խոսքով, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ երեխաներ, որոնք շրջափակման մեջ են, սոված ու հյուծված, ցեղասպանության վախը սրտում. «Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի 120.000 խաղաղ բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի շեմին Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով, ում կյանքերը շարունակական սպառնալիքի տակ են։ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30.000 երեխաները տառապում են թերսնուցումից ու սնունդի պակասից։ Նրանք ստիպված են ժամերով հերթ կանգնել մինիմալ քանակի սնունդ ստանալու համար։ Նրանք հաճախակի գրանցվող ուշագնացության դեպքերի ականատեսն են, ինչը Լեռնային Ղարաբաղի բնակիչների գերլարված հոգեկան վիճակի արդյունքն է։ 30.000 երեխաներ արգելափակված են մի փոքրիկ հողակտորի մեջ՝ զրկված իրենց անօտարելի իրավունքներից, ինչպիսիք են սննդի, առողջության պահպանման և կրթության իրավունքները»։ Աննա Հակոբյանն ընդգծել է, որ շուրջ 2000 հղիներ զրկված են պարզագույն բուժզննություն անցնելու հնարավորությունից։ Վարչապետի տինոջ խոսքով՝ միայն արգելափակված միտքը կարող է աչք փակել անմեղ մարդկանց տառապանքների վրա, և միայն շփոթված սիրտն է պահպանում կյանքի ճանապարհի շրջափակումը` Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ. «Ավարտելով, կցանկանայի յուրաքանչյուրիս կոչ անել ունենալ բավար քաջություն գտնելու մեր բոլոր խնդիրների լուծումը, այդ թվում վերը նշվածը, բացարձակապես այլ տեսանկյունից։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչուր մարդկային կյանք, և պետք գտնենք նոր ճանապարհներ ու գործիքներ կասեցնելու համար պատերազմենրն ու արժեվորելու մարդկային կյանքերը։ Ի վերջո, գլոբալ խաղաղությունը անկյունաքարային նախապայման է առաջընթացի համար, և միայն այսպես մենք կարող ենք ժառանգել ավելի լավ աշխարհ հետագա սերունդներին»։ Աննա Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը Հայաստանի հետ կազմակերպում է գագաթնաժողով՝ Երևանում, նվիրված կին առաջնորդների դերին ժողովրդավարական աշխարհում և անվտանգային համակարգում։ Աննա Հակոբյանը սիրով հրավիրել է ներկա գտնվողներին այցելել Երևան և մասնակցել գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ընթացքում ելույթներ են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Միջոցառմանը ներկա էր նաև Դանիայի վարչապետը։ Առաջին տիկինների և ամուսինների գագաթնաժողովը միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի ազդեցիկ կանանց ու տղամարդկանց՝ համընդհանուր հումանիտար խնդիրների վերաբերյալ քննարկումներ ծավալելու և լուծումներ գտնելու համար։ Ըստ գագաթնաժողովի գաղափարախոսության, դա հնարավոր է գործընկերային հարաբերությունների, դիվանագիտության, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացմամբ։ Գագաթնաժողովը կենտրոնանալու է մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու կարևորագույն թեմաներից մեկի վրա։ Գագաթնաժողովին ներկա են եղել Լիտվայի, Սերբիայի, Դանիայի, Սլովակիայի, Չեխիայի, Սլովենիայի և Էստոնիայի առաջին տիկիններ և ամուսիններ, իսկ շուրջ 18 երկրի առաջին տիկիններ մասնակցեցին հեռավար: Առաջին տիկնանց և ամուսինների գագաթնաժողովն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի նախաձեռնությամբ՝ 2021 թվականից։ Միջոցառումից հետո Աննա Հակոբյանն այցելել է նաև Կիևի Սբ․ Սոֆիայի տաճար, որտեղ պատի վրա պահպանված է հայատառ գրառում։ Ըստ գիտնականների, 16-րդ դարում Ուկրաինայի այս հատվածում հաստատված հայերը սերտ կապեր են ունեցել «Կիևի Սոֆիա» արգելոցի հետ։ Գիտնականների խոսքով, տաճարում պահպանվել են տասնյակ հայատառ գրառումներ։ Հատկանշական է, որ Կիևի Սբ․ Սոֆիայի տաճարի հիմնադիրներից մեկը ազգությամբ հայ արքայադուստր Աննա Բյուզանդացին է՝ Կիևյան Ռուսիայի իշխան Վլադիմիր Մեծի կինը։ Աննա Բյուզանդացին համարվում է այն մարդը, որը կնքել է Կիևյան Ռուսիան, քանի որ Վլադիմիր Մեծի օրոք է Ռուսիայում տարածվել քրիստոնեությունը։  
10:23 - 07 սեպտեմբերի, 2023
Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին
 |hetq.am|

Աննա Հակոբյանը Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կմասնակցի Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին։ Վերջինս անցկացվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջ՝ Օլենա Զելենսկիի նախաձեռնությամբ։ Ինչպես նշվում է գագաթնաժողովի պաշտոնական կայքէջում, Աննա Հակոբյանը կմասնակցի 3-րդ պանելային քննարկմանը, որի թեման ապագայի սերունդն ու հոգեկան առողջությունն է։ Պանելը կվարի Theirworld բարեգործական հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Սառա Բրաունը։ Աննա Հակոբյանից զատ, պանելային այդ քննարկմանը կմասնակցեն նաև Էստոնիայի առաջին տիկին Սիրյե Կարիսը, Սերբիայի առաջին տիկին Տամարա Վուչիչը, Սլովակիայի նախագահի զուգընկեր Յուրայ Ռիզմանը, հոգեբան Նատալյա Պիդլիսնան, ուկրաինացի սթենդափ կատակերգու և կամավոր Վասիլ Բայդակը, ինչպես նաև դերասան Ռիչարդ Գիրը, որը պանելային քննարկմանը կմիանա առցանց։  Ինչպես նշվում է պանելային քննարկման նկարագրության մեջ, կքննարկվի դեռահասների թվային խնդիրները, թե ինչ սպառնալիքներ ու հնարավորություններ է տալիս թվայնացումը, ինչպես նաև դրա ազդեցությունը դեռահասների հոգեկան առողջության վրա։  Սա այս ձևաչափով արդեն երրորդ գագաթնաժողովն է։ Նախորդ երկուսը տեղի էին ունեցել 2021 և 2022 թվականներին։ Ընդհանուր գագաթնաժողովի թեման այս տարի հոգեկան առողջությունն է։ Գագաթնաժողովի նախաձեռնությունն Ուկրաինայի նախագահի տիկնոջինն է, որը ևս այս տարի կհյուրընկալի այն։ Մասնակիցների ցանկում են նաև գրող Սթիվեն Ֆրայը, դերասան Շոն Փենը, The Economist-ի գլխավոր խմբագիր Զենի Մինթոն Բեդոուսը, Լիտվայի, Չեխիայի, Դանիայի,  Ավստրիայի, Ալբանիայի, Մեծ Բրիտանիայի առաջին տիկինները, Սլովենիայի նախագահի ամուսինը։ 
13:26 - 06 սեպտեմբերի, 2023
Աննա Հակոբյանն ամոթ չունի, հասկանալի են նրա ուղերձները․ ակցիայի մասնակից
 |news.am|

Աննա Հակոբյանն ամոթ չունի, հասկանալի են նրա ուղերձները․ ակցիայի մասնակից |news.am|

news.am: Հաջակցություն Արցախի բողոքի ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են իրականացնում ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ, որպեսզի նամակի հետ հանձնեն գրասենյակին։ Ակցիայի մասնակիցները խնդրում են մարդասիրական քայլեր ձեռնարկել Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հայտնված բնակչությանն օգնելու համար։ Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մտահոգիչ է հասարակության անտարբերությունը։ «Ինձ ամենաշատը ցավեցնում է հասարակության անտարբերությունը, եւ այն որ դեռ աջակցում են այս իշխանությանը։ Կոնկրետ այս ակցիան քաղաքական չէ, մարդասիրական քայլեր ենք պահանջում ՄԱԿ-ից, ինչո՞ւ չեք միանում։ Իսկ Աննա Հակոբյանը միաժամանակ իր ընթրիքից է լուսանկարներ հրապարակում, նա ամոթի զգացում չունի։ Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել՝ դուք այդտեղ սովի եք մատնված, ես այստեղ իմ երեխաներին վիտամիններով եմ կերակրում։ Ապուշ է պետք լինել չհասկանալու համար նրա ուղերձները։ Նայում ես այդ գրառման հավանություններին ավելի մեծ ցավ ես ապրում»,- նշեց նա։ Նշենք, որ վերջին օրերին քաղաքացիներն ակցիաներ են իրականացրել նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատների մոտ։ Հիշեցնենք, որ վարչապետի տիկինը երեկ հրապարակում էր արել՝ նշելով, որ «այդ օրվա ընթրիքը պատրաստել է իրենց աճեցրած բանջարեղենով»։   
12:25 - 20 հուլիսի, 2023
Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում

Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում․ «Իմ կնոջ՝ [պատերազմի օրերին Ստեփանակերտում] գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն էնտեղ ապահովենք։ Եվ էնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի կարիք կար, և կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։ Եվ հընթացս բնականաբար նաև ԼՂ ղեկավարության հետ եղել է, տեսել են, շփում է եղել։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան նաև, որ հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դրական ներգործություն կունենա, որ վարչապետի ընտանիքի անդամը էնտեղ է գտնվում։ Եվ առաջարկ է եղել քաղաքավարական այց անել հրամկազմին, էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, ողջունել է, 10, 15 րոպե մնացել է դուրս է եկել»,- ասաց Փաշինյանը։
13:07 - 27 հունիսի, 2023
Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը, երկրորդ հորիզոնականը` Վայոց Ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը: Մրցման լավագույն վազորդներն էին Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն վազորդներին մրցանակներ է հանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Մրցաշարին ներկա է գտնվել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար: Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի ներկաներ,Հարգելի մասնակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության առիթով: Դուք գիտեք, որ մենք հիմա «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո չորս մրցաշար ունենք: Պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով ակնհայտորեն այդ նախնական մտահղացմանը, նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է խճուղային վազքի դպրոցականների մրցաշարը, և ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար: Մենք երեկ և այսօր շատ լավ ժամանակ իրար հետ անցկացրեցինք, տեսանք խորհրդանշական իրադարձություններ: Երեկ շատ կարևոր քննարկում ունեցանք: Այդ քննարկումը, իմիջիայլոց, մրցանակի մասին չէր, այդ քննարկումն անհատի և քաղաքականության, անհատի և թիմի հարաբերությունների մասին էր: Եվ ես շատ ուրախացա, երբ տեսա, զգացի, որ մեր երեխաները, որոնք այստեղ են վազքի առիթով, շատ լրջորեն կարողանում են փաստարկել իրենց տեսակետները և հիմնավորել իրենց մոտեցումները: Դա չափազանց կարևոր է: Ես առանձնակի հուզականությամբ հետևեցի մեր մրցաշարի վերջին մասնակիցներին, այսինքն՝ եզրագծին վերջին մոտեցողներին, և ես չգիտեմ այդ կադրը նկարահանվել է որևէ տեղ՝ նախավերջին մեր մասնակիցը, երբ մոտենում էր եզրագծին, բնականաբար, շատ հոգնած, հասկանում էր, որ ինքը մեծ հավանականությամբ մրցանակային տեղ չի զբաղեցնելու, և նա եզրագծին մոտենալով, վազքով ձեռքը պարզել էր, որպեսզի եզրագծին տրվող իր համարը վերցնի: Եվ եթե լուսանկարվել է այդ կադրը, ես կարծում եմ, որ այդ կադրը կարող է դառնալ մեր այս մրցաշարի ամենակարևոր սիմվոլներից մեկը: Երևի Արարատի թիմից էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր էր, որ բոլոր մասնակիցները նույնպիսի վճռականությամբ, նույնպիսի հաստատակամությամբ սեփական անելիքն անողի շատ պարզ գիտակցությամբ եզրափակեցին մեր մրցաշարը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա մի կարևոր իրադարձություն է: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր հետևել են մրցաշարին, ունեն այդ հարցի պատասխանը, թե ինչու են այսքան շատ պետական բարձրաստիճան անձինք եկել և երկու օր զբաղված են այստեղ այս գործով: Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»: Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, այդ թվում` ԿԳՄՍ նախարարությանը, այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Առողջապահության նախարարությանը` մրցաշարի շրջանակում տեղադրված տաղավարների միջոցով առողջ ապրելակերպը խթանելու համար: «21-րդ դարում, այո, սկզբունքային կարևոր բան է մարդկանց օգնել, որպեսզի նրանք սովորեն առողջ ապրելակերպին համապատասխան սնվել: Մենք պետք է հասկանանք, որ սա է զարգացման գրավականը՝ սովորել սնվել, սովորել սովորել, սովորել սովորեցնել, սովորել ընկալել, սովորել հասկանալ, սովորել հաղթահարել: Եվ այս միջոցառումը, այս մրցաշարը սրա համար է: Հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը շատ կարևոր է: Նաև ուզում ենք՝ այս մրցաշարերն ինչ-որ առումով դիվերսիֆիկացնել մարզերի միջև, որպեսզի, այո, մեր ներքին շարժունակությունը մեծանա: Դրա անունը նույնիսկ տուրիզմ չէ, դրա անունն է` սովորել ճանաչել սեփական Հայրենիքն իր բոլոր անկյուններով, որովհետև ճանաչելը հասկանալու, նրա շահերն ընկալելու, նրա ձգտումները հասկանալու ամենակարևոր միջոցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
16:28 - 20 մայիսի, 2023
Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Դատախազությունը շարունակում է 11 հազար դասալիքների մասին մանիպուլյացիան

Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Հակոբյանն այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ [․․․] 11 հազար զինվորական, կամավոր, սպա եւ այլն։ 11 հազարը պատկերացնում ենք, չէ՞, ինչ թիվ ա»։ Հնչեցված այս թիվը որոշակի տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, որովհետեւ մինչ այդ պահը պաշտոնական աղբյուրներով այդպիսի մեծ թիվ չէր հրապարակվել, բացի դրանից՝ Հակոբյանի հայտարարությունից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել Infocom-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նախ ճշտելու ուսումնասիրվե՞լ է արդյոք Աննա Հակոբյանի հայտարարությունը։ Մասնավորապես, ապրիլի 4-ին ՀՀ դատախազությունից հարցրել ենք՝ Աննա Հակոբյանի՝ վերը հիշատակված հայտարարությունը ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։ Իսկ եթե վարույթ չի նախաձեռնվել, հարցրել ենք՝ քննիչի կողմից որոշում կայացվե՞լ է վարույթ չնախաձեռնելու մասին, եթե այո, ապա հսկող դատախազը հաստատե՞լ է այդ որոշման օրինականությունը։ Գլխավոր դատախազությունն այս հարցմանը պատասխանելու համար ապրիլի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետից հետո, գրավոր ծանուցել է 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Դատախազությունը ապրիլի 25-ին հարցմանն ի պատասխան հաղորդել է միայն այն, որ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, իսկ մնացյալ հարցերը թողել է անպատասխան։ Ուստի ապրիլի 26-ին դարձյալ նույն հարցադրումներով գրություն ենք ուղարկել գերատեսչություն՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցման մեջ նշված բոլոր հարցերին։ Այնինչ Դատախազությունը դարձյալ խուսափել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով միայն, որ պատասխան արդեն տրվել է։ Դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդամենը 756 անձ Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո դրան առնչվող բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդված), ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության (ՀՀ նախկին ՔՕ 362-րդ հոդվածի 3-րդ կետ), զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին  ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մաս) հոդվածներով։ Ինֆոքոմը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին, օրեր անց նաեւ Գլխավոր դատախազությանը՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով այդ գործերի մասին։ Քննչական կոմիտեն ապրիլի 4-ին ուղարկած մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է խնդրել։ Կոմիտեի պատասխանը դեռեւս չենք ստացել։ Ապրիլի 13-ին հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցնելով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության դեպքի առթիվ մինչ օրս քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանցից քանի՞սն է նախաքննության փուլում, քանի՞սն է ուղարկվել դատարան, քանի՞սն է կասեցվել եւ ի՞նչ հիմքով, քանի՞սն է կարճվել եւ ի՞նչ հիմքով։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող եւ արդեն դատարան ուղարկված քրեական վարույթներով ընդհանուր առմամբ քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ որ հոդվածների որ մասերով են առաջադրվել մեղադրանքները՝ ըստ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի։ Դատախազությունը, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, միայն ապրիլի 25-ին է պատասխանել այս հարցմանը։ Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանը, ապա թե այդ պատասխանից ինչ նոր հարցեր են ծագել։ Այսպես, պատասխանում նշված է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ: Նախաքննության ընթացքում հիշյալ 1786 քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում քննվող քրեական վարույթների թիվը 226 է: Ըստ Դատախազության՝ վերը նշյալ հոդվածներով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: Այդ 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության հոդվածով եւ 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով: Դատախազությունը հաղորդել է, որ դատարան ուղարկված այդ 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում: Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով կարճվել է 209 քրեական վարույթ, դասալքության հոդվածով՝ 31 քրեական վարույթ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 40 քրեական վարույթ: Իսկ ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են արդարացնող հիմքով, միայն 2-ը՝ ոչ արդարացնող: Դատախազության պատասխանում նշված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության հոդվածով՝ 132 անձ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 444 անձ, ընդհանուր՝ 756 անձ: Դատախազության պատասխանը նոր հարցեր է առաջացնումՆախ նշենք, որ «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ առնվազն անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ։ Այս հարցը ծագում է այն պատճառով, որ, ըստ Դատախազության, երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ Ընդ որում, դարձյալ անհասկանալի է, թե նշված թվում Դատախազությունը նկատի է ունենում միայն որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձա՞նց, թե նաեւ նրանց, որոնց արդեն առաջադրվել է մեղադրանք (ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ նախ որոշում է կայացվում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ապա նրա ներկայությամբ նրան առաջադրվում է մեղադրանք, իսկ եթե անձի գտնվելու վայրը հայտնի չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից հետո նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ կամ միջազգային հետախուզում)։  Բացի դրանից՝ Դատախազությունը չի հաղորդել նաեւ, թե արդարացնող հիմքով կարճված 278 վարույթներից յուրաքանչյուրով քանի անձ է ունեցել մեղադրյալի կարգավիճակ, եւ, որ ամենակարեւորն է, արդյոք այդ արդարացված անձանց թիվը ներառված է 10687 թվի մեջ։ Պարզաբանման կարիք ունեցող այս հարցերին Դատախազությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չտրվեց։ Այսպես, ապրիլի 26-ին ուղարկած նոր հարցմամբ գերատեսչությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է ենթադրում հարցման պատասխանում նշված «10687 անձի վերաբերյալ» ձեւակերպումը։ Արդյո՞ք նշյալ 10687 անձինք մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք են։ Եթե ոչ, ապա խնդրել էինք նշել այդ 10687 անձանցից փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ առանձին-առանձին, իսկ եթե կան անձինք, որոնք այս երեք, պայմանական ասած, կարգավիճակներից դուրս են, ապա ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերելիությունը քրեական վարույթներին։ Հարցրել էինք նաեւ, թե վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված 756 անձինք արդյոք ներառվա՞ծ են 10687 թվի մեջ, եւ նրանցից քանիսի՞ն է փաստացի մեղադրանք առաջադրված, քանի՞սն է հետախուզման մեջ։ Խնդրել էինք տրամադրել նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, եւ որոնց նկատմամբ՝ ոչ արդարացնող։ Այս համատեքստում խնդրել էինք հստակեցնել՝ անձինք, որոնց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ներառվա՞ծ են որպես մեղադրյալ ներգրավված 756 անձանց թվում, թե որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ի սկզբանե ավելին է եղել, այսինքն՝ այս 756 թիվը ներառում է միայն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձանց։ Ինչպես նաեւ տեղեկություն էինք խնդրել, թե դատաքննությունն ավարտված վարույթներով անցնած 64 անձանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել արդարացման, քանիսի՞ վերաբերյալ՝ մեղադրական դատական ակտ։ Դատախազությունը հենց այսօր այս անբովանդակ պատասխանն ուղարկեց․ «Ապրիլի 25-ին արդեն իսկ տրվել է պատասխան։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է»։ Անհասկանալի է՝ եթե, ըստ Դատախազության, հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է, ապա էլ ինչու մեզ հորդորեցին դարձյալ գրավոր հարցում ուղարկել։ Այսպիսով, վերը նշված հարցերի պատասխանները չստանալով՝ դժվար է հստակ արձանագրել, թե, ի վերջո, այս պահի դրությամբ դասալքության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթներով կոնկրետ քանի անձի է փաստացի առաջադրվել մեղադրանք։ Եթե անգամ համարենք, որ վերը հիշատակված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը փաստացի մեղադրյալների թիվն է, պետք է չմոռանալ, որ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, եւ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 64 անձանց վերաբերյալ կայացված դատավճիռների բնույթն էլ, ինչպես նշեցինք, Դատախազությունը չի տրամադրել:  Եւ, այդուհանդերձ, տրամադրված պատասխաններից կարող ենք եզրահանգել, որ 11 հազար դասալիքի մասին հայտարարությունը մանիպուլյատիվ է, եւ, ըստ ամենայնի, Դատախազությունը դրան մոտ մի ընդհանրական թիվ է ներկայացրել, որպեսզի պատճառաբանվի նաեւ, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել Աննա Հակոբյանի հայտարարության հիմքով։  Թեմայի շարունակությունը՝ «Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ» վերտառությամբ հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
23:05 - 27 ապրիլի, 2023
Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին մասնակցել է Մայրության և գեղեցկության տոնի առիթով կազմակերպված «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին, որն իրականացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Համաժողովի բացման ընթացքում Աննա Վարդապետյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով խելացի, ազատ և պատասխանատու կնոջ կերպարի հետ անհամատեղելի երևույթին՝ ատելության խոսքին, հանրային և մասնավոր տիրույթում դրա բացառմանը: Հանրապետության գլխավոր դատախազն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ տիկին Հակոբյան, Հարգելի՛ կանայք, Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ապրիլի 7-ի կապակցությամբ: Այսօր ցանկանում եմ խոսել այն մարտահրավերների, իրավունքների և պարտականությունների մասին, որոնք ուղեկցել են ինձ՝ որպես կին, և կարծում եմ՝ ուղեկցում են յուրաքանչյուր կնոջ իր աշխատանքային գործունեության ընթացքում: Նախորդ ելույթս նվիրված էր իմ իդեալին՝ խելացի, ազատ և պատասխանատու կնոջը: Այսօր կանդրադառնամ այդ կնոջ կերպարի հետ անհամատեղելի մի երևույթի՝ ատելության խոսքին: Ինչո՞ւ եմ որոշել ատելության խոսքի մասին խոսել իմ մեծ հայրենիքի փոքր մասնիկ Տավուշում: Պատճառն այն է, որ իմ կյանքի ամենակարևոր փորձառություններից մեկը ձեռք եմ բերել Աչաջրում, որտեղից սերում են իմ նախնիները: Փորձառության արդյունքում ձևավորվեց մի հատկանիշ, որն իմ մեջ սկսեց դրսևորվել հասուն տարիքում, երբ սկսեցի աշխատել իրավական ոլորտում, որը շատ «տղամարդկային» ու «տղամարդամետ» ոլորտ է: Այդ հատկանիշը հանդուրժողականությունն է, հարգանքը և ապրումակցումն է այլ կնոջ նկատմամբ: Ինչո՞ւ այդ հատկանիշը ձևավորվեց հենց Աչաջրում իմ ապրելու տարիներին, որովհետև յուրաքանչյուր ամառ՝ մինչ իմ 20 տարին բոլորելը, պապիկիս խստագույն դրդմամբ և հայրիկիս լուռ համաձայնությամբ, բոլոր թոռներով գնում էինք Աչաջուր՝ տատիկի հետ ամառն անցկացնելու: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ գիտեմ գյուղական աշխատանքի բոլոր անհրաժեշտ նրբությունները՝ սկսած հավանոցն ու գոմը մաքրելուց, վերջացրած հոն հավաքելով, թութ թափ տալով, կենդանիներին խնամելով, օջախի վրա ջուր տաքացնելով: Ասել, որ ես չեմ ընդվզել այս երևույթի դեմ, նշանակում է ստել և բոլորիդ հետ լինել ոչ անկեղծ, որովհետև ես չէի հասկանում, թե ինչու պետք է սովորեմ գյուղական կյանքին: Հետագայում, սակայն, երբ սկսեցի աշխատել Դատական դեպարտամենտում, հասկացա, որ Աչաջրում անցկացրած տարիներն իմ մեջ ձևավորել են այլ կնոջը հասկանալու, այլ կնոջ «մաշկի մեջ մտնելու» կարևոր և անբացատրելի հատկանիշ՝ փորձել հասկանալ, թե, օրինակ, ինչո՞ւ որևէ կին կոնկրետ պահի ինձ ինչ-որ բառ, ինչո՞ւ որևէ կին այդ պահին ոչ բարյացակամ ինձ նայեց. ոչ թե նեղանալ և հակադարձել, այլ՝ փորձել հասկանալ: Հասկանալու հարցում ինձ օգնեցին մի շատ խելացի և իմաստուն կնոջ՝ Նարինե Աբգարյանի գրքերը, որոնք ես հիմա էլ հաճախ եմ կարդում: Օրինակ՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» «Զուլալի» և «Մարդիկ, որոնք միշտ ինձ հետ են» գրքերը: Այդ գրքերում ես հանդիպել եմ բոլոր այն կանանց, ում ճակատագրերին ու կենցաղին առնչվել եմ Աչաջրում: Այդ հանգամանքն ինձ ավելի հաստատակամ է դարձնում յուրաքանչյուր աղջկա համար լինել այն «ուսն» ու «հենարանը», ով առաջին հայացքից շատ ամաչկոտ ու երկչոտ գալիս է Դատախազություն և ասում, որ ուզում է մեզ հետ աշխատել: Յուրաքանչյուր աղջիկ, ով այդ նախադասությունն ասում է, ստանում է պատասխան. «Բարով ես եկել, բայց մենք մի կանոն ունենք, շատ ենք աշխատում և պատասխանատու ենք վերաբերվում մեր աշխատանքին: Ուստի, եթե դու համաձայն ես այդ կանոններին, իմ ուսը հենման կետ է՝ քո ճակատագիրը կառուցելու համար»: Ինչո՞ւ եմ ես այսօր դա շեշտում, հիմա և այստեղ: Վերջերս, իմ մասնագիտության և աշխատանքի բերումով, շատ եմ առնչվում ատելության խոսքին: Եվ երբ հնչում է դասագրքային «ատելության խոսք» եզրույթը, թվում է, թե դա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ուրիշ մարդու վերաբերող ձևակերպում է: Յուրաքանչյուրս վստահ է, որ մեր խոսույթում ատելության խոսք չկա, բայց, ցավոք, դա այդպես չէ: Ուստի, իմ աշխատանքում բացի նրանից, որ ես ձգտում եմ օգնել, խրախուսել, «հենման կետ» և «ուս» դառնալ խելացի աղջիկների համար, ես ձգտում եմ ինձ շրջապատող բոլոր աղջիկներին և կանանց իմ իսկ օրինակով սովորեցնել մի բան. «Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ»: Երբ նշանակվում էի գլխավոր դատախազի պաշտոնում, իսկ մինչ այդ ՀՀ վարչապետի օգնականն էի, ՀՀ վարչապետն ինձ կարճ հարց տվեց. «Ի՞նչ Դատախազություն ես թողնելու Հայաստանի Հանրապետությանը պաշտոնավարումիցդ հետո»: Պատասխանեցի, որ ես թողնելու եմ պրոֆեսիոնալ, ազնիվ, հանդուրժող և կանանցով մի փոքր ավելի հագեցած Դատախազություն: Դրա հետ մեկտեղ, ես միշտ խնդրում եմ բոլոր աղջիկներին, ովքեր գալիս են Դատախազություն, չմանիպուլացնել, չշահարկել սեռը և լինել ազնիվ: Կանայք ունեն մի վտանգավոր գործիք՝ դա մանիպուլյացիան է, և ես հաստատ որոշել եմ, որ դա չեմ անելու՝ չեմ մանիպուլացնելու, «առաջին գծի» վրա եմ կանգնելու ու հստակ ասելու եմ.  «Ես այսպիսին եմ: Եթե որոշել ես ինձ հետ ամուսնանալ՝ ես այսպիսին եմ, եթե որոշել ես ինձ հետ ընկերություն անել՝ էլի այսպիսին եմ: Այսինքն՝ ես քեզ չեմ խաբում ու չեմ մանիպուլացնում, որպեսզի հետո անկեղծ նայենք իրար ու չմեղադրենք, որ ինչ-որ մի բան այնպես չստացվեց»: Սիրելի՛ կանայք և աղջիկեր, Ես այսօր ուզեցի շատ պարզ պատմել Ձեզ մի աղջկա մասին, ով ծնվել է Երևան քաղաքի ծայրամասում, երջանկություն է ունեցել ապրելու մեծ գերդաստանում, ով հանդգնել է դառնալ իրավաբան, հանդգնել է լինել Հայաստանի գլխավոր դատախազը և ասել, որ դրա մեջ քաջագործություն չկա. կա ինքնադիտարկում և ինքն իր հետ ազնիվ լինելու ձգտում՝ ամենօրյա ձգտում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ իմաստնության ճանապարհը սկսվում է ինքնադիտարկումից և այլոց՝ հատկապես այլ կանանց հանդեպ ունեցած հարգանքի ու ապրումակցման կարողությունից: Երեկոյան, երբ գնում եմ տուն, ես ռեֆլեքսիա եմ անում. ես սկսում եմ հիշել իմ օրը և նշել այն կետերը, որտեղ սխալվել եմ ու ինքս ինձ հետ աշխատել, որ հաջորդ օրն այդ սխալները չկրկնեմ: Դա ես արել եմ միշտ: Նախորդ անգամ ելույթս ավարտելիս՝ նշեցի, որ ազատության ճանապարհը սկսվում է գիտելիքով, այսօր ուզում եմ շարունակել միտքս և ասել, որ իմաստնության ճանապարհը սկսվում է հարգանքով և ապրումակցելու կարողությամբ: Եվ, եթե տիկին Հակոբյանը որոշի հաջորդ անգամ ևս նման միջոցառման ինձ հրավիրել, ես որոշել եմ խոսել ասույթներում և լեգենդներում կնոջ կերպարի մասին: Ես վստահ եմ, որ մեզնից առաջ ապրած իմաստուն կանայք, ինչպես սուֆիներն են ասում, իրենց անցած ճանապարհի բարձունքից վերադառնում են և սկսում օգնել մեզ՝ սովորական, երիտասարդ, փխրուն կանանց՝ անցնելու իմաստնության ճանապարհը: Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը մի աղջկա համար, որն այս պահին Աչաջրի նման մի գյուղում հավանոցն է մաքրում և ժամանակ չունի լսելու, թե ես այսօր այստեղ ինչ եմ խոսում, գուցե հենց այդ աղջկա համար մի օր իմ փորձառությունը կլինի ուղենիշ, և ինքն իր ճանապարհն անցնելու ավելի մեծ վստահություն կունենա, քան ես եմ ժամանակին ունեցել: Վստահ եմ՝ իմաստնությունը մեր՝ կանանց, անբաժանելի մասն է, և եթե մենք մի օր որոշում կայացնենք, որ իմաստուն ենք և ոչ թե մանիպուլյատիվ, հաստատ այդ օրը տիեզերքում մի կարևոր բան կփոխվի»:
16:38 - 08 ապրիլի, 2023