Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը. Բադասյան
19:10 - 17 հունիսի, 2021

Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը. Բադասյան

Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
 
Նա մասնավորապես գրել է.
 
«Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):
 
Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան՝ մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:
 
Շուրջ չորս ամիս անց ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:
 
Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:
 
Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ: 
 
Բարեփոխումները շարունակելու են կյանքի կոչվել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել