Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել
 |armenpress.am|
12:29 - 21 մարտի, 2024

Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա հիշեցրեց, որ 2023 թվականին Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են կատարել, որոնք միտված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջները ներդնելուն և ստվերի կրճատմանը։

«Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են գործակալի պարտականությունից, երբ շուկայի ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից և չեն պահում եկամտային հարկը։ Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել և ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է։ Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափով հաշվարկել և պահել եկամտային հարկը։ Եվ հիմա կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց Բադասյանը։

Նախագծով առաջարկվում է կարգավորել նշված փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի փաստաթուղթը։

«Ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ձեռք բերվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքի ընդունման պահին հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով։ Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող հարկ վճարողի տվյալները։ Փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման և ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը։  

Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում, և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի համակարգ:

Համալիր հարկային ստուգմամբ կամ չափագրմամբ ստուգված կամ ուսումնասիրված ժամանակաշրջաններին վերաբերող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել։ Այսինքն, այս նախագծով կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները հնարավոր կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով»,- եզրափակեց Բադասյանը։

Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել