Միայն այս գիշեր 5-ից ավելի հանցագործության մասին հաղորդագրություն ենք ներկայացրել՝ ընտրակաշառքի հետ կապված․ Իոաննիսյան
17:27 - 20 հունիսի, 2021

Միայն այս գիշեր 5-ից ավելի հանցագործության մասին հաղորդագրություն ենք ներկայացրել՝ ընտրակաշառքի հետ կապված․ Իոաննիսյան

Ցավոք սրտի, առավոտից ականատեսն ենք եղել մի շարք խնդրահարույց երևույթների, երկու անգամ հանրապետությունում հրազեն է օգտագործվել։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Մի շարք ընտրական տեղամասերում նկատել ենք հանձնաժողովի նախագահի կողմից իր ֆունկցիաներին պատշաճ չտիրապետելուն, ընդ որում, որոշ դեպքերում իր ֆունկցիաները իրականացնում էր վստահված անձը, ինչը նորմալ չէ»։

Իոաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մի շարք ընտրական տեղամասերում, օրինակ, 8/36-ում, 10/3-ում, 34/08-ում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողներին չեն տրվել երրորդ համարի քվեաթերթիկները։

«Մեր դիտարկած տեղամասերի 10%-ում առհասարակ նկատվել են դեպքեր, երբ ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրվել։ Բայց նշածս տեղամասերը առանձնանում են այդ դեպքերի պարբերականությամբ և առատությամբ, և կոնկրետ մի կուսակցության վրա ֆիքսվածությամբ։ Այսինքն՝ մենք ելնում ենք նրանից, որ, այո, որոշ դեպքում կարող է հանձնաժողովի անդամը պատահաբար, օրինակ, մի ընտրողի ինչ-որ մի քվեաթերթիկ չտալ, բայց երբ դա կրում է պարբերական բնույթ և հենց նույն կուսակցության մասով է, սա բերում է այն եզրահանգման, որ հանձնաժողովի անդամը փորձում է կանխել ընտրողի՝ այդ քվեարկությանը մասնակցելու հնարավորություն»։

Իոաննիսյանի խոսքով՝ այն ընտրողը, որը իր գործատուից կախման մեջ է, և ուզում է քվեարկել իքս կուսակցությանը, բայց իրեն չեն տալիս այդ իքս կուսակցության քվեաթերթիկը, բնականաբար կաշկանդված կլինի դրա մասին բարձրաձայնել։ «Այսինքն եթե որոշ ընտրողեր դրա մասին բարձրաձայնում են, ապա կարելի է ենթադրել, որ այդպիսի դեպքերը շատ ավելի շատ են»։

Նա նաև նշեց, որ միայն այս գիշեր իրենք 5-ից ավելի հանցագործության մասին հաղորդագրություն են ներկայացրել  ընտրակաշառքի դեպքերի հետ կապված, դա շարունակվել է առավոտյան։ «Բազմաթիվ տեղերում վերջին օրերին մենք ունենք ահազանգեր ընտրողների վրա ապօրինի միջամտությունների, ընտրակաշառքի դեպքերի և, ըստ էության, այդպիսի դեպքեր նաև բացահայտվեցին, նաև ձայնագրություն հրապարակեց փաստերի ստուգման հարթակը։  Ըստ էության որոշ ձայնագրություններ, կան, դրանք հրապարակված չեն դեռևս զուտ որպեսզի իրավապահները կարողանան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեն։ Այսինքն՝ իրավապահներին ուղարկված է, բայց դեռ հրապարակված չէ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել