Կոտայքի Չարենցավան համայնքի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի Հրազդանի քաղաքային զբոսայգին վերադարձվեց հրազդանցուն։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նշել է նաև, որ իրավական հնարավոր գործընթացներն` օրենքով սահմանված կարգով, արդեն մեկնարկել են։
«Չարենցավանի քաղաքային զբոսայգին` շուրջ 12հա տարածքով, 2005թ.֊ին 25 տարով «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության։ Մի քանի ամիս տևած ուղղակի և միջնորդավորված բանակցությունների միջոցով առաջարկել ենք մասնավորին` կամովին լուծելու վարձակալության պայմանագիրը և զբոսայգին վերադարձնելու համայնքին, սակայն վերջինս հրաժարվել է։
Նշեմ, որ համայնքը պատրաստ է և ի վիճակի է սեփական միջոցների հաշվին հիմնովին կանաչապատելու այգին, անցկացնելու ոռոգման և լուսավորության համակարգեր և այն դարձնելու հարդարված ու կանաչապատ հանրային զբոսայգի։
Կոտայքի մասնավորապես քաղաքային համայնքներում կանաչ գոտիներն ու զբոսայգիները, եթե ոչ Հողային օրենսգրքի 60֊րդ հոդվածով, ապա առնվազն` մեր արժեհամակարգային֊քաղաքական մշակույթով ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ են և պատկանում են բացառապես համայնքին ու նրա քաղաքացուն»,-գրել է մարզպետը:
comment.count (0)