armenpress.am: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
«ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն:
«Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
comment.count (0)