Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան
13:40 - 09 հուլիսի, 2021

Տաջիկստանի միջոցով եկող վտանգները սպառնալիք են Ռուսաստանի շահերի համար, իսկ ադրբեջանցիների խորանալը ՀՀ սահմանում չի վնասում ՌԴ-ին․ Բենիամին Պողոսյան

ՀԱՊԿ-ը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում իր համար անելիք չի տեսնում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը «սահմանային միջադեպ» է։

Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Զասի ուղերձը հստակ է։ «Վերջին հաշվով, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ խնդրելով խորհրդակցությունների անցկացում՝ հաշվի առնելով, որ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի տարածքային ամբողջականության և անվտանգության համար սպառնալիք կա։Կարելի է ենթադրել, որ Զասը ասաց՝ դուք մեզ դիմել էիք մայիսի 13-ին, մոտ 40 օր, ենթադրաբար, անցկացվել են ինչ-որ խորհրդակցություններ, գուցե նաև ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում, որին պարոն Արա Այվազյանն էր մասնակցում։ Հիմա ՀԱՊԿ-ը ասում է, որ այդ խորհրդակցություններից հետո եկել ենք այն եզրահանգման, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի ներգրավման համար որևէ հիմք չկա»։

Պողոսյանը հիշեցնում է, որ հիմա ընթանում է եռակողմ գործընթաց, որում  ներգրավված է նաև ՀԱՊԿ-ի առաջատար պետություն Ռուսաստանը։ «Չմոռանանք, որ մայիսի 12-13-ից մեկ շաբաթ անց համացանցում հրապարակվեց մի քանի կետից բաղկացած փաստաթուղթ, որը ենթադրում էր եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) դելիմիտացիոն հանձնաժողովի ստեղծում։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն էլ հայտարարեց, որ «այո՛, սա իրականություն է, և ես պատրաստվում եմ այս փաստաթուղթը ստորագրել»։ Այդ հայտարարությունից անցել է 1 ու կես ամիս։ Մենք չգիտենք՝ ինչ փուլում է գործընթացը, սակայն ինչ-որ ոչ հրապարակային քննարկումներ շարունակվում են։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ինչ-որ չափով ՀԱՊԿ-ի քարտուղարությանը տեղյակ է պահում այս գործընթացներից։ Դա նաև հնարավորություն է տալիս ՀԱՊԿ-ին ասելու, որ կա եռակողմ գործընթաց՝ սահմանային իրավիճակը այս կամ այն կերպ հանգուցալուծելու համար, և այդ եռակողմ գործընթացի մասնակիցներից մեկը ՀԱՊԿ-ի առաջատար պետությունն է։ Ռուսաստանն էլ, թերևս, ՀԱՊԿ-ի ներգրավման կարիք չի տեսնում»։

Պողոսյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) շահագրգռված չեն որևէ ներգրավվածություն ունենալ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակում։ 

«Նրանք կներգրավվեն, եթե որևէ այլընտրանք չունենան։ Ընդ որում՝ դա փոխադարձ է։ Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս են գալիս։ Սեպտեմբերի 11-ին վերջին զինվորն է դուրս գալու, և հնարավոր է իրավիճակի սրում՝ Աֆղանստան-Տաջիկստան սահմանին։ Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ-ն մեծ ցանկություն կամ ընդհանրապես ցանկություն չունի այս գործընթացին ինչ-որ կերպ ներգրավվել։  Եթե այդտեղ իրավիճակի լարում տեղի ունենա, և հարկ լինի ինչ-որ քայլեր անել, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի ներգրավմամբ, պարզ է, որ մենք դա կանենք ծայրահեղ դեպքում, եթե չունենանք այլընտրանք։ Նույնը վերաբերում է Ղազախստանին, Ղրղզստանին, Բելառուսին։ Նրանք որևէ կերպ Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում կներգրավեն ՀՀ-ի օգտին միայն այլընտրանք չունենալու դեպքում։ Նրանց կարող է ստիպել Ռուսաստանը, իսկ քանի դեռ ՌԴ-ից չկա բավականաչափ մեծ ճնշում, այս պետությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում զրո ցանկություն ունեն որևէ կերպ ներգրավվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, առավել ևս՝ Հայաստանի օգտին»։

Ստանիսլավ Զասի հայտարարությունից 2 օր անց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ։ Գրիգորյանն ասել էր, որ ստեղծված իրավիճակը չի կարելի համարել սահմանային միջադեպ և կոչ էր արել ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով արվող ձևակերպումներում ցուցաբերել զսպվածություն։ 

Բենիամին Պողոսյանն կարծում է, որ այս հեռախոսազրույցը ֆորմալ բնույթ ուներ։ «ԱԽ քարտուղարի զանգը կատարվել է, ռուսերեն արտահայտություն կա, «ради галочки»։ Մենք դիմել էինք, ՀԱՊԿ-ը մեզ հրապարակային մերժել է։ Բնականաբար, Հայաստանը չի կարող դա  անպատասխան թողնել։ Այդ զանգի բովանդակության մասին էլ մենք գիտենք միայն մամուլի հաղորդագրությունից։ Ոչ ոք այդ զրույցի սղագրությունը չի հրապարակել և երևի չի էլ պատրաստվում հրապարակել։ Հետևաբար, թե ինչ տոնայնությամբ է զրույցը գնացել, ինչ են ասել, դա գիտեն միայն երկու զրուցակիցները։ Հանրության շրջանում կար դժգոհություն, որ, տեսեք՝ «ՀԱՊԿ-ը մեզ հերթական ապտակը հասցրեց», «կամ ՀԱՊԿ-ը հերթական անգամ Հայաստանին ստորացրեց»։ Դա ներկայացվեց այնպես, որ ՀՀ  իշխանությունները այնքան են իրենց հեղինակությունը կորցրել, որ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը իրեն թույլ է տալիս փաստացի արհամարհել Հայաստանին։ Դրան պետք է ինչ-որ կերպ արձագանքել՝ ասելով՝ ոչ, ՀՀ իշխանությունները և ՀՀ-ի հեղինակությունը այդքան չի ընկել, և մենք չենք հանդուրժի, որ մեզ արհամարհեն»,-ասում է նա՝ հավելելով, որ այս հեռախոսազրույցը ավելի շատ ուղղված է եղել ներքին լսարանին։

Անդրադառնալով Հայաստան- Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներին՝ Պողոսյանը ասում է, որ, թերևս, կա անուղղակի որոշում, որ Հայաստան- Ադրբեջան սահմանի առնվազն մի մասը պետք է ռուս սահմանապահները վերահսկեն, այնպես, ինչպես նախկինում վերահսկում էին Հայաստան- Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանները։ «Հիմա դա կլինի ամբողջ սահմանը՝ Տավուշից մինչև Մեղրի և ամբողջ Նախիջևանի սահմանը՝ Արարատի մարզից մինչև Մեղրի, դժվարանում եմ ասել։ Բայց որոշ հատվածներում՝ գոնե Գեղարքունիքի և Սյունիքի այն հատվածներում, որոնք նախկինում սահմանակցում էին Արցախի Հանրապետությանը, հիմա՝ Ադրբեջանին, տեղակայվելու են ռուսական զորքեր»։

Նրա խոսքով՝ ռուս սահմանապահները ադրբեջանցիներին չեն հարկադրի հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։  «Ադրբեջանցիները ասում են՝ ինչպես եք ապացուցելու, որ այդ տարածքները (որտեղ մայիսի 12-ից գտնվում են ադրբեջանցի զինվորները, խմբ․) հայկական են։ Մենք, բնականաբար, հղում ենք անում Խորհրդային Հայաստանի սահմաններին՝ ասելով, որ այդ տարածքները Խորհրդային Հայաստանի կազմում են եղել։ Ադրբեջանցիներն էլ ասում են՝ եթե դուք ընդունում եք Խորհրդային Հայաստանի սահմանները, ապա ետ վերադարձրեք ներկայիս Տիգրանաշենը և Տավուշի մարզի գյուղերը, մենք էլ պատրաստ ենք ձեզ տալ Արծվաշենը, և, ընդհանրապես, մոռացեք Արցախի մասին, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում էր։Եթե մենք դրան համաձայնվում ենք, ստացվում է լրիվ այլ պատմություն։ Եթե ասում ենք՝ ոչ, հիմք չենք ընդունում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզները, ադրբեջանցիները հարցնում են՝  ինչ հիմքով եք  ասում, որ մենք գտնվում ենք ՀՀ տարածքում»։

Անդրադառնալով Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների տեղակայման մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, Պողոսյանը ընդգծում է, որ առաջարկը արվել է մայիսի 27-ին, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկներից արձագանք չկա։ «Չկա հստակ հայտարարություն, որ այո՛, մենք պատրաստ ենք ուղարկել մեր դիտորդներին Հայաստան- Ադրբեջան սահմանին։ Չեմ տեսել նաև Ադրբեջանի արձագանքը։ Այլ բան է, որ Հայաստանը իր տարածքում տեղակայում է ռուսական զորքեր, այդտեղ Ադրբեջանը առարկել չի կարող, բայց այլ բան է, եթե մենք ասում ենք, որ պետք է սահմանին տեղակայվեն դիտորդներ։ Այստեղ պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը»։

Սահմանային իրավիճակի որոշակի սրում կա նաև ՀԱՊԿ անդամ մեկ այլ պետությունում՝ Տաջիկստանում։ Պատճառն այն է, որ «Թալիբան» շարժման զինյալների հետ ունեցած մարտերի հետևանքով աֆղան զինծառայողները նահանջել են դեպի Տաջիկստանի հետ սահման և ապաստան խնդրել այդ երկրից։ Այս դեպքում, սակայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ անհրաժեշտ է աջակցություն տրամադրել՝ Տաջիկստանի հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար։ 

Բենիամին Պողոսյանը բացատրում է, թե ՀԱՊԿ-ը ինչու է տարբեր կերպ արձագանքում անդամ-պետությունների սահմանային իրավիճակներին։ «Տաջիկստանի տարածք դեռևս ոչ ոք չի ներխուժել։ Թալիբները Աֆղանստան-Տաջիկստան  սահմանին՝ աֆղանական որոշ տարածքների վրա վերահսկողություն են հաստատել, և կա անկայունության վտանգ։ Աֆղանստանից եկող վտանգները կարող են սպառնալիք լինել Ռուսաստանի շահերի համար։ Խոսքը վերաբերում է նաև իսլամական արմատականությանը,  թմրանյութերի չվերահսկվող առուվաճառքին, եթե Աֆղանստանից Տաջիկստան որոշակի իսլամական արմատականություն արտահանվի։ Եթե ադրբեջանցիները 4 կիլոմետր խորանում են Սյունիքում, ընդ որում՝ դա անում են առանց որևէ դիմադրության հանդիպելու, ՌԴ-ի կենսական շահերի համար դա ոչինչ չի նշանակում։ Վաղը ադրբեջանցիները կարող են Տավուշի մարզի որևէ գյուղի ուղղությամբ երկու կիլոմետր էլ առաջ գնալ, դա ՌԴ-ի շահերի տեսանկյունից զրո ազդեցություն ունի։ Իսկ Տաջիկստանի միջոցով կամ Տաջիկստանի տարածքով հնարավոր իսլամական արմատականության տեղափոխումը Ռուսաստան կամ Կենտրոնական Ասիայի շրջաններ չէի ասի, որ սպառնալիք է Ռուսաստանի կենսական շահի համար, բայց, ամեն դեպքում, սպառնալիք է»։

Նա նաև ընդգծում է, որ պետությունները առաջին հերթին սեփական շահերն են առաջ մղում՝ չնայած այս կամ այն ռազմական դաշինքին անդամակցելու հանգամանքին։ «ՆԱՏՕ-ում 30 անդամ պետություն կա։ Եթե, օրինակ, Բալթյան պետությունների և Ռուսաստանի միջև ինչ-որ խնդիրներ ծագեն` ոչ թե լայնածվալ գործողություններ, այլ, օրինակ, դիվերսիոն գործողություններ, որում Բալթյան պետությունները մեղադրեն Ռուսաստանին, Ռուսաստանն էլ հերքի, այնպես չէ, որ դաշինքի անդամ 30 պետությունները՝ Կանադայից մինչև Պորտուգալիա կամ Իսպանիայից մինչև Սլովենիա բոլորը միանշանակ հայտարարելու են, որ՝ այո՛, մենք զորքեր ենք ուղարկում, Ռուսաստանի հետ խնդիրներ ենք ստեղծում և այլն։ Մենք ՀԱՊԿ-ին քննադատում ենք, բայց ցանկացած դաշինքում, որը մի շարք պետությունների է ներգրավում, յուրաքանչյուր պետություն իր շահերից է ելնում։ Չկան աշխարհում պետություններ, որոնք թեկուզև դաշինքի մեջ են, բայց բոլոր հարցերում ունեն շահերի 100 տոկոսանոց համընկնում»։

 

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել