Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան
10:40 - 12 հուլիսի, 2021

Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին. Արսեն Ջուլֆալակյան

«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ նշելով, որ ցանկացած լավ բան մի օր ավարտվում է:

Մարզիկի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:

Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին,որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրեցիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:

Հանրագումարի բերելով նվաճումները.

  •  Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):
  • Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ
  • Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ 
  • Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ
  •  Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ 
  • Ունիվերսիադայի բրոնզե մեդալ
  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն
  • Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ 
  • Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն 
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ
  • ԵՊՀ Ոսկե մեդալ
  • ՀՀ 2012թ լավագույն մարզիկ
  • Սպորտի վաստակավոր վարպետ

հ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել