Կայացել է «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթի ժյուրիի առցանց անդրանիկ նիստը, որը ղեկավարում էր ժյուրիի նախագահ, վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ քննարկվեցին 1-ին փուլին առնչվող աշխատանքների կազմակերպման ընթացքը, որի ժամանակ ժյուրիի անդամների կողմից հնչեցին մի շարք առաջարկություններ կապված ժամկետների և գնահատման կարգի վերաբերյալ:
Անդրանիկ նիստին մասնակցում էին ժուրիի անդամներ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհդական Մարտուն Գրիգորյանը և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Եպիսկոպոսյանը: «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր ընդամենը 45 դիմում, իսկ վերջնական ներկայացվել՝ 16-ը:
Առցանց նիստի ընթացքում ժուրին որոշեց հաջորդ նիստը իրականացնել ոչ առցանց, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ մինչ այդ պետք է տպագրվեն և փակցվեն բոլոր ներկայացված աշխատանքները:
Երևան քաղաքի «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանության, միջավայրի ռեգեներացիայի/վերականգնման և արդիականացման նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դեռևս 2021 թվականի մարտի 10-ին հայտարարել էր երկփուլ հայեցակարգային-քաղաքաշինական-ճարտարապետական մրցույթ։
Մրցույթը բաց էր բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային (ներառյալ վերնակուլյար) կառուցապատման վերականգնման ծրագրերի իրականացնելու հաջող փորձ, առանց որևէ սահմանափակման:
comment.count (0)