Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան
12:27 - 15 հուլիսի, 2021

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ , Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ով, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։ Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է։ Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և ՀԱՊԿ մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել։ Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունը հրավիրեց այս փաստի վրա։

«Տարածաշրջանային կայունության և փոխվստահությանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների Ադրբեջանը մինչ այսօր չի վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ամեն դեպքում մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորմամբ, սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են և կան մեր առաջնահերթությունների շարքում»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունը ընդհանրապես։

«Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ և ընդգծում եմ, մեր առանցքային նպատակն է իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը՝ այն է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ և մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ուղղությամբ»,- եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել