Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան
21:20 - 03 օգոստոսի, 2021

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության աշխատակազմին և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին Պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին ներկայացնելուց հետո անդրադարձել է նաև մի շարք օրակարգային խնդիրների։ 

Վարչապետը լավ առիթ է համարել հանդիպումը և տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ ԶՈՒ հրամկազմի հետ կիսվել է տեսակետներով և տեղեկատվությամբ: «Ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Եվ այդ քաղաքականության առանձնահատկությունը հետևյալն է՝ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է մի օրակարգ, և ինքը, ըստ էության, պարտադրում է այդ օրակարգը: Այսինքն՝ այդպիսի տպավորություն է ուզում ստեղծել:

Պիտի արձանագրենք, որ մենք մեր սեփական օրակարգն ունենք, և Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, եղել է և շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում: Եվ մի նրբության մասին նաև պիտի ձեզ տեղյակ պահեմ, որ այդ օրակարգի վերաբերյալ Ադրբեջանը փորձում է սեփական մեկնաբանությունները ներկայացնել, և ինչպես բազմիցս եմ ասել, նպատակն այդ օրակարգի հարցերի լուծման վիժեցումն է: Այսինքն՝ իրականում փորձ է արվում հնարավորություն չտալ լուծել հարցեր, որոնք գտնվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգում»,- ասել է վարչապետը և անդրադարձել կոնկրետ մի քանի կետերի:

«Գիտեք, որ նաև նախընտրական շրջանում բազմիցս խոսել եմ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեմայի շուրջ: Եվ սա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևոր դրույթներից մեկն է: Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:

Շատ է խոսվում այն մասին, նաև՝ քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ: Բացարձակապես որևէ նման բան չկա: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ դուք բոլորդ դա իմանաք:

Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ: Ի՞նչ է գրված այդ հայտարարության մեջ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա. այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով. ինչպես են օրինակ այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները: Այսինքն՝ այդ նույն կանոններով: Իհարկե, մենք այդ օրակարգն ենք ընդունել:

Ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը: Դա էլ եմ ուզում ասել: Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հայրապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա: Այսինքն՝ Հայաստանի ապաշրջափակում տեղի չունենա: Սա շատ պարզ տրամաբանություն է: Եվ շատ կարևոր է, որ մենք բոլորս այս նրբություններն արձանագրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հաջորդիվ վարչապետն անդրադարձել է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմային: «Նախընտրական շրջանում ես էլի մի քանի անգամ ասել եմ, որ սա մեր օրակարգն է: Եվ դուք հիշում եք այդ, այսպես ասած, «սարսափազդու» փաստաթղթի արտահոսքի պայմաններում և օրերին կառավարության նիստում ես հայտարարեցի, որ մենք ընդունում ենք այդ օրակարգը և ընդունելու ենք այդ օրակարգը: Դա նաև մեր օրակարգն է, որովհետև ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: Եվ ես շարունակում եմ այս դիրքորոշումն ունենալ:

Նախկինում էլ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ մենք ասել ենք, որ մեզ համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը: Եվ մենք այն ժամանակ հենց այս պայմաններն էինք առաջադրել՝ այդ խնդիրը լուծելու և այդ ճանապարհով առաջ գնալու համար:

Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը:

Եվ այս առումով էլ պիտի արձանագրեմ, որ մեր մոտեցումները և դիրքորոշումները խնդրի գոյության հատվածով, համահունչ են միջազգային հանրությանը»,- նշել է վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել