Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում |168Ժամ|
06:59 - 16 մարտի, 2019

Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում |168Ժամ|

Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստողծ այգիերի գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ:

Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգեւորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում:

«Ես էլ Ձեզ պես անընդհատ լսում եմ, թե բա՝ նախկին վարչապետը հարկերից ազատված արտոնյալ հողատարածքներում իր բիզնեսն է դրել, փող է աշխատում: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե նույնիսկ դա այդպես է… վա՞տ բան է սահմանամերձ գյուղում ներդրումներ անելը, չեմ հասկանում… Իրականում մենք այստեղ 2017 թվականից Արման Աբրահամյանին ու Կոտինյան ազգանունով գործարարներին ենք հանդիպում, նրանք հենց այգիների հիմնադիր «Գրին ֆարմեր» ընկերության սեփականատերերն են հանդիսանում: Նրանց հետ են հիմնականում գյուղից վերցված աշխատուժի շփումները՝ այս ամբողջ ընթացքում նրանք են փաստացի զբաղվում բիզնեսի զարգացման ծրագրով, պլաններում ընդլայնման գաղափար ունեն»,- Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող խոսակցություններն այսպես է մեկնաբանում Երասխ համայնքի ղեկավար պարոն Օղիկյանը:

Նրա խոսքով՝ իր ոգեւորությունը կիսում են համայնքի ու հարեւան՝ Արարատի Զոդի բանավանի բնակիչները: Այգիների հիմնումից, ասում է, առանձնակի ակտիվություն է նկատում համագյուղացիների շրջանում։

«Այս իներտ սեզոնին մինչեւ 70 մարդ  իմ համայնքից ներգրավված է այգու մշակման աշխատանքներում, իսկ սեզոնով պայմանավորված ամիսներին՝ մինչեւ 200 մարդու համար զբաղվածության հարց է լուծվում: Նկատելի է շարժը մարդկանց կյանքում, կենցաղում, արդեն իրենց տներն են նորոգում, մեքենա են առնում, խանութներում ելումուտն է մեծացել, հրաշալի է ուղղակի, հասկանում եք, ես անչափ ոգեւորված եմ այս ներդրումային ծրագրով: Եթե մի ձեռնարկատեր էլ հայտնվեր մեր տարածքում ու նման մի ներդրումային ծրագիր իրականացներ, մեր գյուղն ընդհանրապես խնդիր չէր ունենա»,- ասում է համայնքապետը:

Ի դեպ, առաջիկայում նույն Երասխում հաջորդ գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունը կծավալի: Սահմանամերձ համայնքում մոմեր ու մոմե յուրահատուկ հուշանվերներ կսկսեն արտադրել: Գյուղապետ Օղիկյանն ավելին չցանկացավ ասել, փոխարենը՝ խոստացավ առնվազն երկու շաբաթից բոլոր լրատվամիջոցներին հրավիրել գործարանի բացման հանդիսավոր արարողությանը»:

168.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել