Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան
 |armtimes.com|
19:16 - 11 մայիսի, 2020

Եթե Կարապետյանի կառավարությունը այդ աշխատանքները կատարեր, այսօրվա Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի. Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Կարեն Կարապետյանը փակ նիստում տվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի ունեցած վառելիքի որակի մասին մեր հարցի պատասխանը: Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Չնայած լրագրողների բազմաթիվ հարցերին՝ Քոչարյանը չցանկացավ հրապարակել՝ ի վերջո վառելիքի խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ: Ասաց՝ իրենց համար այդ հարցը պարզ է:

«Բայց չէ՞ որ հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովը երբ որ այդ հարցը տալիս է, ունի այս մեկ տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունները»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ կարեւոր է համարում նաեւ զինվորականների եւ Պաշտպանության բանակի հրամանատարի բացատրությունները:

Գնահատելով Պաշտպանության բանակի սպայակազմի աշխատանքը՝ Քոչարյանը նկատեց.

«Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ ՊԲ սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքանով կարողացել է: Դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա նաեւ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը: Հիմա դուք ուզում եք մանրամասներ, ես դա չեմ ասի»:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ քանի որ վառելիքի որակի վերաբերյալ հայտարարությունները Կարապետյանն արել է 2017-ի մարտի 1-ին եւ մարտի 13-ին, ուստի իրենք փորձել են պարզել՝ այդ տեսակետների հետ կապված նախկին վարչապետը ի՞նչ հանձնարարական է իջեցրել իրավապահ համակարգին, ինչքանով էր ճիշտ իր տեղեկատվությունը, եւ ով էր փոխանցել:

«Ինչու կարճ տեւեց, որովհետեւ պարոն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թվականի հոկտեմբերից, եւ նրան ուղղվելիք հարցերը առնչվել են սպառազինության եւ թիկունքային ծառայության վերաբերյալ իր կողմից արված հայտարարություններին: Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է, թե իր վարչապետության ժամանակ ինչ աշխատանքներ են կատարվել 2016-18 թվականներին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին, բնականաբար, այսօրվա քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի: Այդ հարցերն ենք փորձել քննարկել, փորձել ենք հասկանալ՝ ինչու այն ժամանակ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձեւավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Մենք ստացել ենք այդ հարցերի պատասխանը այնքանով, ինչքանով Կարապետյանը պատասխանեց մեր բոլոր հնչեցրած հարցերին»,- մանրամասնեց Քոչարյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել