ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Հուլիսի 29-ին ես ուրվագծել եմ ՀՀ կառավարության պատկերացումը մեր տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի, երկարատև կայունության և խաղաղություն հաստատելու քայլերի մասին։ Ինչպես նաև ընդգծել եմ միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ աշխատելու ՀՀ պատրաստակամությունը։ Հուլիսի 29-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս հանդես եկան հայտարարությամբ, որի առանցքային ուղերձը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության նվազմանն ուղղված քայլերի ձեռնարկումն էր, սադրիչ քայլերից և հայտարարություններից զերծ ,մնալու՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված կոչը, ինչպես նաև հակամարտության տևական կարգավորման շուրջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելը։
ՀՀ ԱԳՆ-ն հուլիսի 30-ին հանդես եկավ հայտարարությամբ, որով ողջունեց համանախագահողների հայտարարությունը՝ այդպիսով արտահայտելով ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո խաղաղ բանակցությունները վերսկսելու ՀՀ հանձնառությունը։ Մեզ համար միանշանակ ընդունելի է նաև սադրիչ գործողությունների և հայտարարություններին զերծ մնալու համանախագահների կոչը։ Ակնհայտ է, որ այս պայմանի պահպանումը առանցքային նշանակություն ունի բանակցային մթնոլորտ ձևավորելու համար։ Ու եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում, սադրիչ գործողությունների և հրադադրի ռեժիմի խախտումներ նախաձեռնողի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ՝ հրադադրի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա կայունացման համար։ Այսուհանդերձ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման։ Հուլիսի 29-ի ելույթում այս հարցին նույնպես անդրադարձել եմ՝ ասելով, որ կարծում եմ՝ դա պիտի լինի ՀԱՊԿ դիտորդական առաքելություն, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ, այլընտրանքը մնում է ԵԱՀԼ ՄԽ համանախագահության դիտորդական առաքելությունը։
Վերադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչի՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույյն մակարդակում, և մենք սպասում ենք կոնկրետ առաջարկների։
Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն, մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը․ առավելագույնն անելո օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար։ Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը, կրկնում եմ, պիտի լինել հետևյալը՝ գնալ լուծումների։
Նման հարցերից մեկը, որը կարծում եմ՝ հնարավոր է արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը, և կարծում եմ՝ պետք է օր առաջ սկսենք աշխատանքները փոխվարչապետների եռակողմ ձևաչափում, և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից։
Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է, և կարծում ենք՝ այս ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան։
Թշնամության և թշնամանքի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլլատրելի է։ Դա սպառնալիք է ոչ միայն ողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին։ Սա ընդգշում եմ ցույց տալու, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը։ Թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակագի կարևորագույն բաղադրիչներից մեկը։
ՀՀ-ն համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը։ Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ զարգացումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել ՀՀ մտադրությունները՝ ասելով՝ ՀՀ-ն ԶՈՒ բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականության վարելու համատեքստում։
ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն ԶՈՒ-ն զարգացնելու և վերափոխելու ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք։ Մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ շփումների միջոցով»։
comment.count (0)