armenpress.am: Արհեստակցական միությունները այդպես էլ չդարձան այնքան հզոր, ինչպես իրենց իրավանախորդներն էին, որովհետև արհմիություններն ունեն ֆինանսական կախվածություն գործատուից և նրանք իրավական լծակներ չունեն ազդելու գործատուի որոշումների կայացման վրա:
Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հերիքնազ Տիգրանյանը:
«Այս առումով նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորվել էր ոչ ֆորմալ աշխատանքային խումբ արհեստակցական միությունների մասին օրենսդրության փոփոխությունների համար: Այդ խմբի աշխատանքները, հուսամ, կշարունակվեն նաև այս խորհրդարանում: Այստեղ ունենք աջակցություն միջազգային կազմակերպություններից՝ միջազգային փորձի ուսումնասիրման հետ կապված: Աշխատանքային խմբում ներգրավված են ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ: Կարծում եմ, հիմնական կոնցեպտուալ հարցերի շուրջ եկել ենք նրանց հետ համաձայնության»,- ասաց Տիգրանյանը:
Պատգամավորի խոսքով` կշարունակեն աշխատանքները արհեստակցական միությունների մասին նոր օրենքի կամ այդ օրենքում փոփոխությունների շուրջ այն հաշվառմամբ, որ նրանք լինեն շատ ավելի մեծ լիազորություններով, ունենան իրավական լծակներ և կարողանան նաև իրենց անդամների շահերը ուղղակիորեն պաշտպանել դատարանում:
comment.count (0)