ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները կարող են դեմ քվեարկել Հարկային օրենսգրքի նախագծին, եթե տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ակցիզային հարկի բարձրացման վերաբերյալ գնահատականներ չներկայացնի պատգամավորներին: Այս մասին լրագրողներին ասաց պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Անդրադառնալով ակցիզային հարկի բարձրացման դեմ գազավորված ընպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների բողոքի ակցիաների մասին հարցին՝ Վարազդատ Կարապետյանն ասաց. “Երկու կարևոր դիրքորոշում կա այս հարցի վերաբերյալ՝ արտադրողները պնդում են, որ տնտեսական ռիսկերը շատ են, ֆինանսների նախարարությունն այս քայլով ուզում է կոմպենսացնել հարկային եկամուտների հնարավոր թերակատարումները, որոնք այլ օրենքներով պայմանավորված կլինեն”:
Վարզադատ Կարապետյանի խոսքով՝ ամենակարևոր հարցը, որը բարձրացնելու են կառավարության առաջ, դա այն է, որ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պետք է տնտեսության վրա ազդեցության գնահատական տա:
“Այս գնահատականը տրված չէ, և մինչև այս գնահատականը չունենանք, չենք կարող որոշում կայացնել ոչ ծխախոտի մասով, ոչ էլ գազավորված ըմպելիքների: Հենց որ մենք կունենանք էկոնոմիկայի նախարարության գնահատականը տնտեսության վրա, մեր գնահատականը կտանք”,- ասաց նա:
Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ եթե չլինի այդ գնահատականը, Իմ քայլի պատգամավորները կարող են դեմ քվեարկել Հարկային օրենսգրքին:
comment.count (0)