Անդրադառնալով Հայաստանի տարածքում իրանական գազի տարանցման հնարավորությունների վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, մինչև եղած գազատարներով հնարավոր է իրականացնել առկա ծրագրերը։ Ես Իրան կատարած այցից առաջ հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի վարչապետի, ՌԴ Նախագահի և Թուրքմենստանի նախագահի հետ, և, այո, նրանց նաև տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ եմ պատրաստվում քննարկել Իրանում, որովհետև կարևոր է եղել նաև նրանց մոտեցումները, մասնավորապես՝ ինչանով է Վրաստանը հետաքրքրված նման խոսակցությամբ, ինչքանով Թուրքմենստանը, Ռուսաստանը։
Նրանց հետ քննարկումների արդյունքում է նաև որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը։ Այդ քննարկումները շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ մենք չենք եկել որևէ եզրակացության՝ դրական կամ բացասական։
Կարծում եմ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը, որ մենք պետք է հնարավոր բոլոր ուղղություններով մեր համագործակցությունը զարգացնենք՝ թե՛ Իրանի հետ, թե՛ Վրաստանի հետ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոմիության, թե՛ Միացյալ նահանգների։ Բոլոր ուղղություններով մենք պետք է նախաձեռնություններ ունենանք, գաղափարներ ունենանք, թե ինչպես կարող ենք մենք այդ հարաբերությունները զարգացնել, որովհետև կարևոր է արձանագրել, որ նման զարգացումները էական են նաև մեր տարածաշրջանում կայունությունը և ինտեգրացիան ապահովելու առումով։
Ուրախ եմ արձանագրել, որ, ըստ էության, կա հետաքրքրություն, այդ հետաքրքրությունը միատեսակ և միանման չէ և մենք, իհարկե, մեր բոլոր գործընկերների հետ ենք այդ ամենը քննարկում և ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր օրակարգը թափանցիկ լինի նրանց համար»։
comment.count (0)