Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակն է
09:44 - 02 սեպտեմբերի, 2021

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակն է

Այսօր Արցախի անկախության օրն է։ 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Ադրբեջանը 1991 թվականի սեպտեմբերի 25-ին սկսեց Արցախյան առաջին պատերազմը։ Այն տևեց ավելի քան 3 տարի, և միայն 1994թ․ մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին փաստաթուղթը Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Արցախի դեմ կրկին սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն դադարեցվեց նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված կրակի դադարեցման մասին հայտարարությամբ։ Ցավոք, պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց Արցախի անվտանգության ողջ գոտին, ինչպես նաև Շուշին և Հադրութը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել