ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել միջին մասնագիտականում արդեն փորձարկված դուալ կրթության համակարգը: Բուհերի ուսանողներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան իրենց ընտրած ոլորտում հմտանալ` գործատուների մոտ պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելով: Արայիկ Հարությունյանը, խոսելով սպասվող համակարգի ու դրա առավելությունների մասին, ասաց․
«Բարձրագույն կրթության ոլորտում դուալ համակարգը ենթադրում է գործատուների հետ շատ սերտ կապ` պրակտիկաների և աշխատանքային փորձի ձեռքբերում ուսումնառության գործընթացում: Շատերն են բողոքում, որ ավարտելուց հետո աշխատանքի ընդունվելիս պահանջում են աշխատանքային փորձ: Հաճախ այս աշխատանքային փորձի բացակայությունը հանգեցնում է նրան, որ տևական ժամանակ մեր շրջանավարտները չեն կարողանում աշխատանք գտնել: Հիմա այս համագործակցությամբ և պրակտիկաների ինստիտուտի խորացմամբ պետք է այդ հնարավորությունը ստեղծենք, որ ուսումնառության գործընթացում տվյալ մասնագիտությունը ստացող ուսանողը հնարավորություն ունենա հմտանալու այդ ոլորտում պրակտիկայի միջոցով: Սա կլուծի մի քանի հարց, որոնցից ամենակարևորն արդեն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն է»,-ասաց նախարարը:
Դուալ կրթության ներդրման պարագայում ուսանողն ուսումնական գործընթացի մի մասն անցկացնելու է բուհում, մյուս մասը`գործատուի մոտ աշխատանքի վայրում: Համակարգի ներդրման պարագայում, օրինակ, բուհերում կլինեն մոդուլներ, որի համար անհրաժեշտ կլինեն կրեդիտներ` նման պրակտիկաների միջոցով:
comment.count (0)