Տարիքի համար պաշտոնից ազատված պատգամավորը փորձում է օրենքը փոխել |civilnet.am|
10:05 - 18 մարտի, 2019

Տարիքի համար պաշտոնից ազատված պատգամավորը փորձում է օրենքը փոխել |civilnet.am|

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում և հնարավորություն տալ հանրային ծառայության ոլորտում խորհրդականներ նշանակել ոչ թե 30-ը բոլորած անձանց, այլ՝ 25-ը:

Հակոբյանը նախորդ տարի նշանակվել էր Սփյուռքի նախարարի խորհրդական, սակայն ազատվել էր այդ պաշտոնից, քանի որ 27 տարեկան էր, իսկ օրենսդրությամբ այդ պաշտոնում կարող էր նշանակվել միայն 30 և բարձր տարիքի ՀՀ քաղաքացի:

Ներկայում արդեն Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը օրենքի նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով փոխել տարիքային շեմը։

«Ինչպես հայտնի է, ներկայում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի պայմաններում առկա է արհեստավարժ ու եռանդուն երիտասարդ մասնագետների ներուժը հանրային իշխանության իրականացման ապահովման գործի մեջ ներդնելու մեծ անհրաժեշտություն: Մինչդեռ խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված 30 տարին լրացած լինելու պահանջը չափազանց բարձր տարիքային շեմ է: Ստեղծված իրավիճակում մեծապես տուժում է հենց հանրային իշխանության տվյալ մարմինը և հանրային ծառայությունն ընդհանրապես:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար սահմանված տարիքային սահմանափակման թերությունն էլ ավելի ցայտուն է դառնում, երբ խորհրդականի՝ ներկայում գործող տարիքային ցենզը համեմատում ենք Ազգային ժողովի պատգամավորի կամ նախարարի պաշտոն զբաղեցնելու համար Սահմանադրությամբ նախատեսված նվազագույն տարիքի հետ (25 տարեկան)»,- ասված է նախագծի հիմնավորման տեքստում:

civilnet.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել