Ստեփանակերտում բնակչության 20%-ը զրկված է ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80%-ը․ Արցախի ՄԻՊ
14:25 - 09 սեպտեմբերի, 2021

Ստեփանակերտում բնակչության 20%-ը զրկված է ջրից, համայնքների մեծամասնությունում՝ գրեթե 80%-ը․ Արցախի ՄԻՊ

Արցախում ջրի հարցը խիստ է արտահայտված․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասա Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշեց, որ Ստեփանակերտի պարագայում բնակչության 20%-ն է զրկված ջրից, բայց համայնքների մեծամասնությունում գրեթե 80%-ով խնդիրն առկա է․

«Կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է․ կարող է՝ շաբաթվա ընթացքում բնակիչները մեկ-երկու անգամ ունենան ջուր։ Խնդիրը պայմանավորված է երեք հիմնական գործոններով՝ նախ եղանակային շոգ պայմաններն ու ջրային ռեսուրսների սակավությունը, ապա Ստեփանակերտի պարագայում բնակչության աճը՝ 13-15 հազար բնակիչներով, նրանք տեղահանված անձինք են, որոնք ստիպված թողել են իրենց բնակավայրերը Հադրութի, Շուշիի, Ասկերանի բռնազավթված տարածքներից ու բնակություն են հաստատել Ստեփանակերտում, եւ մյուսը խնդիրը, որ առավել գործուն է արտահայտված հենց համայնքներում, այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ, ավազաններ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ, եւ մենք հնարավորություն չունենք դրանք օգտագործել»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Նա նաեւ ասաց, որ տեւական ժամանակ է՝ մեկ ամսից ավելի, Արցախում բջջային կապն ու համացանցն աշխատում են խափանումներով․ «Ղարաբաղ տելեկոմ ընկերության եւ Արցախի ՏԿԵ նախարարությունից ստացած պարզաբանումները վկայում են այն մասին, որ ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է բջջային կապի եւ համացանցի սփռումը։ Սա նախկինում եւս լինում էր, բայց այն ժամանակ միայն, երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնական անձինք էին այցելում բռնազավթված Շուշի եւ այլ տարածքներ, բայց հիմա խնդիրը շարունակվում է, լուծում չի ստանում։ Պետական մարմիններից ստացած պարզաբանումներից ենթադրում ենք, որ տեխնիկական հզորություններ մեծացման անհրաժեշտություն կա»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացվել են նաեւ ռուսական խաղաղապահ զորքերը, եւ նրանց միջամտությամբ գուցե հնարավոր կլինի հաղթահարել այս խնդիրը։

Արցախի ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ լուրջ անվտանգային խնդիրներ կարող են առաջացնել նաեւ հաճախակի հոսանքազրկումները, քանի որ Արցախը մեծամասամբ սնուցվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, որի հզորությունները չեն բավականացնելու Արցախի ամբողջ տարածքին հոսանք ապահովելու համար, այդ պատճառով էլ պարբերաբար խափանումներ են լինում։ Ստեփանյանի խոսքով՝ եթե այս ուղղությամբ որեւէ հստակ քայլ չձեռնարկվի, ապա եկող տարվա աշնանը լուրջ խնդիրներ են առաջ գալու․ «Այս մասին տեղյակ է կառավարությունը, որը էներգետիկ բնագավառում նոր ներդրումների ներգրավման, նոր ծրագրերի իրականացման աշխատանքներ է տանում»։

Արցախի ՄԻՊ-ը խոսեց նաեւ Արցախում բնակֆոնդի սակավության մասին՝ նշելով, որ Ստեփանակերտում 13-14 հազար բնակիչ է ավելացել, որոնք, ինչպես նշեցինք, ադրբեջանցի օկուպացրած տարածքներից տեղահանված անձինք են։ Նրանց մի մասը տեղավորված է հյուրանոցներում, մի մասը՝ հանրակացարաններում, մի մասը տեղավորվել է քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ, սակայն ապահովված չեն սանիտարահիգիենիկ պայմանները․ «Այսօր սա Արցախի համար մեկ խնդիրն է՝ անվտանգային հետ խնդրի հետ մեկտեղ»։

Պարենային անվտանգության ուղղությամբ մինչ օրս խնդիր չի առաջացել․ «Ստեփանակերտում եւ այլ համայնքներում հացի խնդիր չկա։ Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ նման խնդիրը բացառելու համար։ Մենք ՀՀ-ի հետ ունենք ցամաքային կապ, եւ Հայաստանի միջոցով նման խնդիրների լուծելի են։ Եթե նման խնդիր կլինի, անպայման կբարձրաձայնենք։ Բայց մենք կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության հողերի 60%-ը, որոնք հիմնականում օգտագործվում էին հենց հացահատիկային մշակաբույսերի մշակման համար։ Սա, իհարկե, բերել է նաեւ աշխատանքի իրավունքի խնդիրներ․ մարդիկ աշխատում, իրենց ապրուստն էին ապահովում, այսօր զրկված են այդ իրավունքից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել