hetq.am: Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության «Crew Dragon» տիեզերանավի կապսուլը բարեհաջող վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, Ֆլորիդայի ափերի մոտ՝ Inspiration4 եռօրյա արշավի արդյունքում վերադառնալով տիեզերքից։
Սա պատմության մեջ առաջին տիեզերական թռիչքն էր, որի մասնակիցներից և ոչ մեկը պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէր։ Բոլոր չորս մասնակիցները՝ միլիարդատեր Ջարեդ Այզեքմանը, Հեյլի Արսենոն, Սիան Պրոկտորը և Քրիս Սեմբրոսկին զբոսաշրջիկներ էին։
Ջերմային վահանը կապսուլին հնարավորություն է տվել դիմանալ տաքացմանը՝ մթնոլորտի վերին շերտեր մտնելու ժամանակ։ Այնուհետ բացվել է չորս մեծ օդապարիկ, և կապսուլը օվկիանոսի մակերևույթին է հասել Գրինվիչի ժամանակով մոտ 23:00-ին։
Դրանից հետո, անկման վայր է մեկնել Space X-ի նավը, որն աստղագնացներին օգնել է դուրս գալ կապսուլից։ Ավելի ուշ, անձնակազմին ուղղաթիռով տեղափոխել են Քանավերալ հրվանդանի վրա գտնվող տիեզերակայան, որտեղից նրանք տիեզերք էին թռել չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 15-ին։
SpaceX ընկերությունն աստղագնացներին «Crew Dragon» տիեզերանավով տիեզերք էր դուրս բերել սեպտեմբերի 15-ին։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել էր YouTube-ում։
Crew Dragon-ը հաջողությամբ դուրս է եկել 585 կիլոմետր բարձրությամբ ուղեծիր, ինչը ռեկորդային է դարձել։ Նախորդ անգամ տիեզերանավը նման բարձր ուղեծրի էր հասել 2009 թվականին։ Դա «Ատլանտիս» շաթլն էր, որը դեպի «Հաբլ» աստղադիտակ առաքելության շրջանակներում բարձրացել էր մոտ 575 կմ:
Բացի Ջարեդ Այզեքմանից, թռիչքին մասնակցել է նաև Մեմֆիսի Սուրբ Հուդայի հիվանդանոցի բժիշկներից մեկի օգնական, 29-ամյա Հեյլի Արսենոն։ Հիվանդանոցը զբաղվում է ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում հետազոտություններով և բուժմամբ։
Անձնակազմի հաջորդ անդամը եղել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան, 42-ամյա Քրիս Սեմբրոսկին։
Անձնակազմի վերջին անդամը եղել է երկրաբանության պրոֆեսոր, 51-ամյա Սիան Պրոկտորը, որի հայրն աշխատել է NASA-ում՝ «Ապոլոն» տիեզերական ծրագրի վրա։ Պրոկտորը 2009 թվականին դարձել էր NASA-ի աստղագնացների մրցույթի ֆինալիստներից մեկը, սակայն չէր կարողացել հաղթահարել ընտրական վերջին փուլը։
Բացի այն, որ թռիչքին չի մասնակցել որևէ պրոֆեսիոնալ աստղագնաց, այս առաքելությունը սահմանել է մի քանի այլ ռեկորդներ ևս։ Հեյլի Արսենոն դարձել է ԱՄՆ ամենաերիտասարդ քաղաքացին, որը եղել է տիեզերքում, ինչպես նաև առաջին աստղագնացը, որն ունեցել է պրոթեզ։ Սիան Պրոկտորն էլ դարձել է տիեզերանավի առաջին սևամորթ կին օդաչուն։
Առավել մանրամասն՝ hetq.am-ում
comment.count (0)