Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք
 |armenpress.am|
17:16 - 07 սեպտեմբերի, 2023

Հայկական արտադրության առաջին արբանյակը SpaceX-ի հրթիռով նոյեմբերի վերջին կուղարկվի տիեզերք |armenpress.am|

armenpress.am: Հայկական Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել, շարունակաբար զարգացնել կարողություններ և հնարավորություններ նորագույն տիեզերական հետազոտությունների, կրթության ու ստարտափների ձևավորման համար, աշխատում է հայկական արտադրության Hayasat-1 անվանումը ստացած CubeSat ձևաչափի արբանյակի վրա:  

2023.09.01_12.44.35.44.JPG (715 KB)

«Արմենպրես»-ի հետ զրույցում Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ արբանյակի թեստավորումը կավարտեն սեպտեմբերի վերջին և նոյեմբերին արդեն տիեզերք կուղարկվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով:

«Hayasat-1-ը, որը ստեղծում ենք Գիտական նորարարության և կրթության հիմնադրամի (CSIE - Center for Scientific Innovation and Education) հետ, կրթական նպատակ ունի: Թռիչքից հետո մենք կստանանք հսկայական գիտելիք, փորձ, որը կարող ենք կիրառել՝ հետագայում ավելի բարդ արբանյակներ տիեզերք ուղարկելիս: Փորձել ենք սկսել պարզագույնից, քանի որ թղթաբանական շատ հարցեր կան, որոնց միջով Հայաստանն առաջին անգամ է անցնում: Տիեզերք արբանյակ ուղարկելը տարբեր հաստատումներ է պահանջում: Շատ քայլեր մեր պետության համար առաջինն են, և պատկերացրեք՝ Հայաստանն ունենալու է սեփականություն, որը ոչ միայն մեր երկրում չէ, այլև տիեզերքում է»,- նշեց Մարտիրոսյանը: 

2023.09.01_12.46.02.57.JPG (883 KB)

Մոտ մեկ կիլոգրամ կշռող արբանյակը երկրագնդի շուրջ 90 րոպեն մեկ անգամ պտույտ է կատարելու: Bazoomq-ից նշում են՝ իրենց առջև դրված խնդիրը 6 ամսում են կատարելու, որից հետո արբանյակի տիեզերք դուրսբերումը հաջողված կհամարեն: 

«Մեր խնդիրը դե ֆակտո բոլոր պրոցեսների միջով անցնելն է՝ թե հավաքման, թե թեստավորման, փաստաթղթերի, կառույցների հետ համագործակցության հարցերում: 

Կիրառելիության առումով արբանյակը շատ բան չի տալու, չունի օպտիկա, կապի համակարգ: Մենք այն որպես կրթական գործիք ենք դիտարկում: 6 ամիս անց կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված սարքը տիեզերքում անցել է իր փորձարկումը և համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հետագայում արբանյակի հետ կարող ենք ցանկացած փոփոխություն անել, որն արդեն շատ խնդիրներ կարող է լուծել»,- ասաց համահիմնադիրը:  

Արտադպրոցական խմբակից մինչև հայրենական առաջին արբանյակի ստեղծում

Bazoomq-ը հիմնադրել են մի քանի ընկերներով։ Սակայն դրա հիմքերն ու արմատները դեռ 35 տարի առաջ էին դրվել: 35 տարի առաջ Ավետիք Գրիգորյանը հիմնադրել է AYAS տիեզերագիտական ակումբը, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել, որոնք ներկայում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։

Մարտիրոսյանի խոսքով՝ հասունացավ մի պահ, երբ վստահ էին՝ ժամանակն է տիեզերական լաբորատորիա ստեղծել: Bazoomq-ի հիմնադրման աշխատանքը սկսել են 2020 թվականին։ Քանի որ տիեզերական ոլորտում ինչ-որ գործունեություն ծավալել էին, հասկացան՝ պետք է անցնել նոր մակարդակի։ 

Անվան շուրջ մտածել են երկար, տարբերակները շատ են եղել, բայց, ի վերջո, կանգնել են Bazoomq-ի վրա, որը աստղաբույլ է նշանակում։

2023.09.01_12.12.13.01.JPG (475 KB)

«Bazoomq-ի հիմնական նպատակը տիեզերական էկոհամակարգ ստեղծելն է, տիեզերական տեխնոլոգիաների շուրջ հնարավորին չափ հայկական և միջազգային գործընկեր ներգրավելը, Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը վերսկսելը»,- ասաց Մարտիրոսյանը: 

Հայաստանի տիեզերական ռազմավարության մշակումը

Մարտիրոսյանը նշեց՝ գրեթե զրոյից են սկսում։ Խորհրդային տարիներին Հայաստանը թե՛ մասնագետների, թե՛ գիտահետազոտական առումով բավականին մեծ ներդրում է ունեցել տիեզերական ոլորտում։ Գիտելիքային բազան պահպանվել է: Կայուն քայլերով առաջ շարժվելու պոտենցիալը Մարտիրոսյանը տեսնում է: 

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ունենալ հզոր ռազմավարություն, ուժեղ տիեզերական պլան Հայաստանի համար։ 

«Ռազմավարության նախնական տարբերակ էինք պատրաստել ու որպես սևագիր փոխանցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Վերջնական մշակումը շարունակվում է նախարարության հետ»,- նշեց նա: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել