Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։
Ավշարի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Կարինե Փամփուկչյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։
Նրա խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը մոտ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է՝ ինչ ընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջ բերել ուսուցիչների վրդովմունքը, հատկապես երբ պահանջել է, որ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը ազատման դիմում գրի, որ «ինքը՝ տնօրենը կարողանա այդ պաշտոնում նշանակել իր ընկերուհուն՝ Աստղիկ Հարությունյանին»։
Նրա խոսքով՝ իրենց վրդովվեցրել է նաեւ ուսուցիչների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։
Կարինե Փամփուկչյանը պնդում ՝ տնօրենը պիտի հեռանա, ոչ մի զիջման չեն գնալու։
«Ամբողջ գյուղը ոտքի վրա է։ Հիմա դպրոցում լարված վիճակ է, բոլոր ուսուցիչները, աշակերտները, ծնողները դրսում են։ Ծնողները շեշտում են, որ Ավշարի դպրոց իրենց երեխաներին չեն ուղարկելու, քանի դեռ դպրոցի տնօրենը Հերմինե Անդրեասյանն է»։
comment.count (0)